Կիևը հաստատում է ռուսների հակահարձակումը Կուրսկի մարզում, պնդում՝ ամեն ինչ իր պլանով է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ընդունում է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և Միացյալ Թագավորության արտգործնախարար Դեյվիդ Լամմիին, 11-ը սեպտեմբերի, 2024թ.

Կիևը հաստատեց՝ Ռուսաստանը հակահարձակողական գործողությունների է անցել Կուրսկի մարզում, որտեղ տասնյակ բնակավայրեր արդեն մեկ ամիս է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ են գտնվում:

Ռուսական բանակի հակահարձակման մասին այսօր հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լիտվացի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո․ - «Ամեն ինչ գնում է ուկրաինական պլանով», - թե ինչ է սա նշանակում, նախագահ Զելենսկին չմանրամասնեց։

Ուկրաինայի նախագահի հայտարարությանը նախորդել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, որում գերատեսչությունը հայտնել էր Կուրսկի մարզում «երկու օրվա ընթացքում 10 բնակավայր ազատագրելու» մասին:

Ուկրաինական կողմը չի մեկնաբանել Մոսկվայի այդ պնդումները։ Ակտիվ պատերազմական գործողությունների պայմաններում անկախ աղբյուրներին չի հաջողվում անմիջապես ստուգել հակամարտող կողմերի հաղորդումները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին հայտնել է Կուրսկում ռուսական ուժերի հակահարձակման մասին Ռուսական բանակը Կուրսկի մարզում հակահարձակման է անցել

Կուրսկին զուգահեռ, ծայրաստիճան լարված է Դոնեցկի ուղղությունը։ Ռուսական ուժերի զանգվածային հարվածների թիրախում է հայտնվել նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի բեռնատար մեքենան, որում գտնվող երեք աշխատակիցները զոհվել են, հաղորդվում է նաև երկու վիրավորի մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսների հարվածից Ուկրաինայում Կարմիր խաչի երեք աշխատակից է զոհվել

Հարձակումը տեղի է ունեցել Դոնեցկի ճակատային գծից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վիրոլյուբիվկա գյուղում, որտեղ, ինչպես նշում է միջազգային մարդասիրական կառույցը, իր աշխատակիցները պատրաստվում էին փայտի և ածուխի բրիկետներ բաժանել խոցելի մարդկանց ձմռանն ընդառաջ:

Կարմիր Խաչը խստորեն դատապարտել է հարձակումը:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ռուսական ուժերն այսօր Սև ծովում էլ ցորեն տեղափոխող բեռնատար նավ են խոցել, որը Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ գործարքի շրջանակում 4 միլիոն տոննա հացահատիկ պետք է հասցներ Եգիպտոս։

Ոչ Կարմիր Խաչի բեռնատարի վրա հարվածները, ոչ էլ հացահատիկ տեղափոխող նավի վրա հարձակումը Մոսկվան մինչ այս պահը չի մեկնաբանել:

Մոսկվան սաստկացնում է հարձակումները Ուկրաինայի բնակավայրերի և ենթակառուցվածքների դեմ մի ժամանակահատվածում, երբ Կիևն ու դաշնակիցները քննարկում են Ռուսաստանի թիրախներին հարվածների սահմանափակումը մեղմելու հնարավորությունը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին երեկ Ուկրաինայի մայրաքաղաքում այդպես էլ չհրապարակեցին իրենց դիրքորոշումն այդ հարցում, խոստանալով Կիևի խնդրանքը հասցնել Վաշինգտոն, որտեղ վաղը նախատեսված է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հանդիպումը.

«Մենք արտահերթ կարգով աշխատում ենք, որպեսզի շարունակենք ապահովել, որ Ուկրաինան ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է արդյունավետ պաշտպանվելու համար»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն, որպես աջակցություն, ավելի քան 700 մլն դոլար է հատկացնում ՈւկրաինայինԲլինքենը Կիևում քննարկել է Ռուսաստանի դեմ հեռահար զենքի կիրառման հարցը

Մինչ այդ, Բլինքենն ու Լամմին երեկ Կիևում հայտարարեցին Ուկրաինային մոտ 1.5 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին։ Ֆինանսական միջոցների մեծ մասն ուղղվելու է ձմռանն ընդառաջ ուկրաինական էներգետիկ ցանցի ամրապնդմանը, որը Մոսկվան պարբերաբար թիրախավորում է։ Միայն վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի վեց շրջանների բնակավայրերի էներգետիկ կառույցներին։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ մասնավորապես Դոնեցկի, Սումիի և Չեռնիգովի շրջաննում վնասվել են էլեկտրակայաններ և էլեկտրահաղորդման օդային գծեր, ինչի հետևանքով շրջանների բնակչությունը զրկվել է էներգամատակարարումներից։ Սումիի շրջանի վրա օդային հարձակումների հետևանքով Կոնոտոպ քաղաքում 14 մարդ է տուժել, նրանցից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են, հայտնում են տեղի իշխանությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հարվածներ ուկրաինական Կոնոտոպ քաղաքին, կան տուժածներ

Ռուսական ուժերի կողմից չդադարող հրթիռակոծության ֆոնին Կիևը Վաշինգտոնից, Բեռլինից, Փարիզից և Լոնդոնից ռազմական օգնությունից բացի համառորեն պահանջում է նաև չեղարկել Ռուսաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքները հրթիռակոծելու ոչ պաշտոնական սահմանափակումը։ Մի զարգացում, որն, ըստ արևմտյան առաջնորդների, կարող է է՛լ ավելի սրել ավելի քան 2.5 տարի շարունակվող արյունալի պատերազմը:

Հարցը նորովի օրակարգում հայտնվեց Ռուսաստանի կողմից իրանական բալիստիկ հրթիռների ձեռքբերման ֆոնին։ Արևմտյան հետախուզության տվյալներով՝ անցած օրերին Մոսկվան Թեհրանից Fath-360 տեսակի շուրջ 200 հրթիռ է ստացել, ինչը կարող է նոր թափ հաղորդել Ռուսաստանի պատերազմական ներուժին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արաղչի. Թեհրանը բալիստիկ հրթիռներ չի մատակարարել ՄոսկվայինԱՄՆ-ն ընդլայնում է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ բալիստիկ հրթիռներ մատակարարելու համարԱրևմուտքն Իրանին սպառնում է նոր պատժամիջոցներով, Թեհրանը հերքում է Մոսկվային բալիստիկ հրթիռների մատակարարումը

Կիևը պնդեց, որ պատժամիջոցների տեսքով Արևմուտքի արձագանքը բավարար չէ, ավելի ուժեղ որոշումներ են անհրաժեշտ, հայտարարեց նախագահ Վլադիմիր Զելենսկին:

The Guardian-ն այսօր, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարությունում իր աղբյուրները պնդում է, որ թեև Լոնդոնը հրապարակավ չի աջակցել ուկրաինական իշխանությունների պահանջին, փակ դռների ետևում, սակայն, թույլատրել է Storm Shadow բրիտանա-ֆրանսիական արտադրության թևավոր հրթիռները կիրառել ռուսական թիրախների դեմ։ Թերթի աղբյուրները նշել են, որ Մեծ Բրիտանիան չի պատրաստվում հրապարակային խոսել իր այդ որոշման մասին: