Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ընդլայնում է Իրանի դեմ պատժամիջոցները ՌԴ բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար


 Fath-360
Fath-360

Վաշինգտոնը Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանեց ի պատասխան Ուկրաինայի դեմ պատերազմող Ռուսաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու, այդ թվում` բալիստիկ հրթիռների մատակարարելու համար։

ԱՄՆ ֆինանսների նախարարության սև ցուցակը համալրեցին Իրանում և Ռուսաստանում գործող վեց իրավաբանական ընկերություններ, 10 ֆիզիկական անձինք, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան զինվորականներ։

Սահմանափակումները տարածվում են նաև նախկինում արդեն արևմտյան պատժամիջոցների ենթարկված Իրանի գլխավոր ավիաընկերության՝ Iran Air-ի նկատմամբ։

«Iran Air-ն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, Պաշտպանության նախարարության և զինված ուժերի անունից ապրանքներ փոխադրելու պատմություն ունի»,- ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հաղորդագրությունում։

Իրանական դրոններ, արխիվ
Իրանական դրոններ, արխիվ

Գերտեսչությունը հայտնում է, որ թիրախավորվել են նաև չորս նավեր, որոնց միջոցով, ինչպես պնդում է, իրականացվել են իրանական զենքի փոխադրումները Ռուսաստան։

«2023 թվականի վերջին Իրանն ու Ռուսաստանը հարյուրավոր հրթիռների մատակարարման մասին պայմանագիր են ստորագրել։ Իրանական հրթիռները կիրառելու համար 2024 թվականի ամռանը ռուսական զինվորական անձնակազմ է վերապատրաստվել »,- հայտարարում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և հավելում, որ Մոսկվան Թեհրանից հրթիռների առաջին խմբաքանակը ստացել է վերջին օրերին։

ԱՄՆ-ն անցած շաբաթներին բազմիցս նախազգուշացրել է Թեհրանին և հորդորել դադարեցնել «իրադրությունը սրող» քայլերը։

«Մենք հրապարակավ նախազգուշացրել ենք Իրանին, նախազգուշացրել ենք նաև մասնավոր կարգով, որ այդ քայլը վտանգավոր սրացման կհանգեցնի։ Այժմ արդեն Ռուսաստանը ստացել է այդ հրթիռների խմբաքանակը»,- երեկ հայտարարում էր ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի հետ, Լոնդոն, 10-ը սեպտեմբերի, 2024թ․
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի հետ, Լոնդոն, 10-ը սեպտեմբերի, 2024թ․

Միացյալ Նահանգների դաշնակիցները՝ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ևս հայտարարում են՝ իրանական բալիստիկ հրթիռների մատակարարումները Ուկրաինայի դեմ ավելի քան երկուսուկես տարի պատերազմող Ռուսատանին «եվրոպական անվտանգության ուղիղ սպառնալիք» են։

Բրիտանական դիվանագիտության ղեկավար Դեյվիդ Լեմմին երեկ հայտարարեց՝ Լոնդոնը ևս մտադիր է պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ մասնավորապես սահմանափակել Iran Air ընկերության թռիչքները դեպի Մեծ Բրիտանիա և Եվրոպա։

«Այժմ մենք ունենք հաստատում առ այն, որ Իրանը իրականացրել է այդ մատակարարումները»,- փաստում են եվրոպական եռյակի արտգործնախարարները։

«Մենք անհապաղ քայլեր կձեռնարկենք օդային հաղորդակցության մասին Իրանի հետ երկկողմ համաձայնագրերի չեղարկման ուղղությամբ», - նաև հայտարարել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները։

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոք, արխիվ
Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոք, արխիվ

Իսլամական հանրապետությունը, ինչպես դրոնների դեպքում, այս անգամ էլ կտրականապես հերքում է Ռուսաստանին մահաբեր սպառազինություն մատակարարելու մասին պնդումները։

Ուկրաինան, որը ռուսական ուժերի լայնածավալ ներխուժումից ի վեր իրանական դրոնների հարձակումների թիրախում է, սպառնում է դիվանագիտական կապերը խզել Թեհրանի հետ, եթե Մոսկվան իրանական հրթիռներով հարվածներ հասցնի ուկրաիանական տարածքներին։

Կրեմլը դեռևս չի արձագանքել Արևմուտքի մեղադրանքներին և պատժամիջոցներին։

Երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով իրանական զենքի մատակարարումների վերաբերյալ արևմտյան լրատվամիջոցի պնդումներին, այդ տեղեկությունները չի հերքել, փոխարենն ընդծել է Թեհրանի հետ համագործակցության կարևորությունը նաև շեշտել, որ երկու երկրկները զարգացնում են երկխոսությունը բոլոր ոլորտներում։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Արևմտյան հետախուզության տվյալներով՝ Մոսկվան Թեհրանից Fath-360 տեսակի շուրջ 200 հրթիռ է ստացել, ինչը կարող է նոր թափ հաղորդել Ռուսաստանի պատերազմական ներուժին։

Իրանում մշակված փոքր հեռահարության այդ հրթիռները համարվում են արագ և ճշգրիտ, բարդ՝ խոցելու տեսանկյունից։ Այդ խնդիրը Ուկրաինայի ձեռքի տակ եղած միջոցներից ի վիճակի է կատարել միայն Patriot-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG