«Խաղաղության պայմանագիրը տեխնիկապես այս պահին այլևս պատրաստ է», - «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը:
«Երկու հարցի վերաբերյալ, որտեղ կան տարաձայնություններ, որքանով ես գիտեմ՝ դրանք այն հարցերը չեն, որոնք ֆունդամենտալ նշանակություն ունեն երկու կողմերի համար, և դա ինքնին նշանակում է, որ երկու կողմերը, եթե նպաստավոր պայմանների առաջ կանգնած լինեն, այդ հարցերին չեն կապակցելու խաղաղության պայմանագիր ստորագրել կամ չստորագրելու որոշումը: Այսինքն՝ այդ հարցերն այն հարցերը չեն, որոնցով պիտի որոշվի՝ խաղաղություն հնարավո՞ր է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև, թե՞ հնարավոր չէ», - ասաց վերլուծաբանը:
Հետևաբար, ըստ Հովսեփյանի, «կարելի է ասել, որ այսօր այդ պրոցեսը՝ խաղաղության պայմանագրի, գնում է ինչ-որ տեղ նաև բնականոն ընթացքով»:
«Մեծ հաշվով, 16 կետից մնացել է երկու կետ, այն էլ երկու կետի մասին եթե խոսում ենք, պիտի նշենք նաև, որ խոսքը ընդամենը ձևակերպման մասին է, քանի որ երկու կողմերն էլ այդ երկու կետի առկայության հետ կապված խնդիր չունեն, երկուսն էլ դրա էության հետ խնդիր չունեն, այսինքն՝ այնտեղ կա ընդամենը ձևակերպման տարակարծություն», - ընդգծեց վերլուծաբանը՝ շարունակելով. - «Նախնական պայմանավորվածություն կա կարծեմ, որքան հրապարակային է, որ դեկտեմբերին կլինեն որոշ հանդիպումներ բարձր մակարդակով, և գուցե նաև այդ կետերի քանակը մեկով կամ գուցե հենց երկուսով էլ սպառվի»:
«Հետևապես, եթե հարցը տեխնիկական բնույթի է, կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պատրաստ է: Եթե հարցը արդեն տեղափոխվում է քաղաքական ասպարեզ, թե արդյոք կողմերը պատրաստ են վերջ տալ կոնֆլիկտին՝ առնվազն իրավական, թղթաբանական իմաստով, այ այստեղ արդեն ծագում են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները թե՛ Ադրբեջանը, ինչ-որ տեղ գուցե նաև Հայաստանը, պետք է տան, և առաջին հերթին կարծես այս առումով գնդակը գտնվում է Ադրբեջանի դաշտում», - նշեց Նժդեհ Հովսեփյանը:
Հարցին՝ բերելո՞ւ է արդյոք այդ փաստաթուղթը ստորագրվելու դեպքում խաղաղություն, վերլուծաբանն արձագանքեց. - «Այստեղ էլ պետք է չունենալ մեծ, ամպագոռգոռ հույսեր, որ, գիտե՞ք, խաղաղության պայմանագիր ստորագրեցին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունը բացարձակ կարգավորվելու են, դա՝ մեկ, և երկրորդն էլ՝ ոչ մի խնդիր չի լինելու: Այդպիսի բան չի լինելու, առավել ևս, երբ որ Հայաստանը և Ադրբեջանը գտնվել են, ըստ էության, 30 տարուց ավելի կոնֆլիկտի մեջ՝ ակտիվ կոնֆլիկտի, և նրանց մոտ գոյություն ունեն դեռևս շատ լուրջ տարակարծություններ թե՛ անցյալի գնահատման, թե՛ ներկայի լուծումների, թե՛ ապագայի հնարավոր սցենարների մասով»:
«Խաղաղության պայմանագիրը ինքը փաստաթուղթ է լինելու երկու կողմերի իրավահարաբերությունների մասին, որից հետո արդեն ձևավորվելու է մնացած ամեն ինչը երկու պետությունների և նաև քաղաքացիների միջև: Խաղաղության պայմանագիրը չի լուծելու բոլոր հարցերը, բայց խաղաղության պայմանագիրը լուծելու է մեկ կարևորագույն խնդիր՝ դա հարաբերություններում թշնամական էլեմենտի ըստ էության թուլացումն է և դրա փոխարեն տարաձայնությունները բանակցություններով և գուցե նաև ինչ-որ առումով վեճերով լուծելու արդյունքում: Բայց այդ վեճը, խաղաղության պայմանագրի առկայության պարագայում էականորեն նվազում է ռիսկը, որ այդ վեճը կվերածվի ռազմական բախման», - ընդգծեց Նժդեհ Հովսեփյանը: