Քեսաբի բնակիչների մոտ անորոշություն կա, տագնապ արդեն՝ ոչ. սիրիահայ

Սիրիայի նոր կառավարիչները՝ իսլամիստներն այսօր այցելել են հայաբնակ Քեսաբի Սուրբ Աստվածածին եկեղեցի, այնտեղ էր նաև Քեսաբի քաղաքապետը։ «Միասին ենք ապրելու, ոչ մեկի չենք վնասելու», - խոստանում են զինյալ խմբավորման ներկայացուցիչները, որ այս անգամ ոչ թե զենքով, այլ քաղցր բլիթներով են Քեսաբ մտել։

2014-ին մի քանի ժամում Քեսաբը դատարկվեց հայերից՝ ծայրահեղական խմբավորումները գրոհով գրավել էին քաղաքը։ Հայերը փախել էին Լաթաքիա։ Իրավիճակն այսօր այլ է։ Կիրակի իսլամիստները քաղաք մտան խաղաղության ու անվտանգության երաշխիքներով:

Քեսաբի բնակիչներից Թալին Գազազյանն ասում է՝ անորոշություն կա, տագնապ արդեն՝ ոչ։ Պնդում է՝ քեսաբցիներից ոչ ոք չի հեռացել, բոլորն իրենց տներում են. - «Երկու օր մեզ հաց բաժանեցին, այսօր սկսեցին փռերն աշխատել»:

Քեսաբը Թուրքիայի սահմանին է, այդ երկրի աջակցությունը վայելող խմբավորումները, սակայն, այստեղ դրոշներ չեն ծածանում, թուրքերի էլ Քեսաբում առայժմ չեն նկատում։

Թալին Գազազյանը Քեսաբի Ազգային Ուսումնասիրաց Ճեմարանի ուսուցչուհին է, դասերը վերսկսելուն արգելք չկա, ասում է, բայց մարդիկ դեռ վարանում են։

Սիրիայի նոր կառավարության ներկայացուցիչները խոստանում ու երաշխավորում են, որ իսլամի օրենքները փոքրամասնություններին չեն պարտադրի:

Լաթաքիայում կրակոցների ձայներ դեռ լսվում են, բայց դրանք այսպես ասած տոնական կրակոցներ են, իսլամիստները հաղթանակ են տոնում։ Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչներն ասում են՝ նոր իշխանությունն ինքն է համախոհներին հրահանգում դադարեցնել կրակոցները։

Սիրիայում հայերն ընդհանուր առմամբ սպասողական վիճակում են։ Հալեպի հայոց առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանի խոսքով՝ քաղաքում աշխուժությունը որոշ չափով վերականգնված է, բայց տնտեսական իրավիճակն է բարդ, թանկություն է:

«Դժվարությունները կենցաղային են, հուսով ենք լավ կլինի», - նշեց Ժիրայր Ռեիսյանը:

Առաջիկա օրերին հավանաբար Հալեպի դպրոց-մանկապարտեզները կվերաբացվեն։ Սիրիական մեծ փոփոխությունների թոհուբոհում հայտնված հայկական համայնքը ամեն օր տեղի ազգային առաջնորդներից զսպվածության ու զգոնության կոչեր է լսում։