Կարմիր գծերի շեշտակի թանկացումից հետո կենտրոնի նեղ փողոցներում ու բակերում տեղաշարժը հեշտ գործ չէ

Արխիվային լուսանկար

Կարմիր գծերը շեշտակի թանկացնելուց կես տարի անց Երևանի փոքր կենտրոնի նեղլիկ փողոցներում ու բակերում նույնիսկ անցորդների տեղաշարժը հեշտ գործ չէ։ Կայանման համար 160 հազար դրամը չվճարած շատ վարորդներ փորձում են հենց այսպիսի վայրերում տեղ գտնել.

«Տանում եմ սրա նրա դռներն եմ փակում, մինչև ավտոն ջարդեն, էլի, մինչև մեկը մի բանով վնաս տա, սրա նրա պատուհանի տակ», - «Ազատությանը» ասաց մի վարորդ:

Մինչ քաղաքապետարանից իրականացված հաշվարկներն են ներկայացնում՝ պնդելով, թե դրական արդյունքներ կան՝ «մշտական օգտվելու ցանկությունը նվազել է», քաղաքապետարանի մասնաշենքի հենց կողքին՝ տասնյակ մետրերի վրա, ապօրինությունների հիթ շքերթ է:

Երևանի կենտրոնը խեղդող մեքենաներից ազատագրելու ու բեռնաթափելու նպատակի մասին հայտարարելով՝ քաղաքային իշխանությունը տարեսկզբից 13 անգամ թանկացրեց կայանման վճարը: Կարգավորումն արդյունք տալի՞ս է, քաղաքապետարանում ունե՞ն երթևեկության ծանրաբեռնվածության մասին որևէ հստակ վիճակագրություն։ Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը միայն մեկ ցուցանիշով է կիսվում, որն, ըստ էության, մեքենաների քանակի մասին որևէ փաստ չի ներառում.

«Եթե 2023 թվականին վճարովի ավտոկայանատեղերից մշտական օգտվողները, տրանսպորտային միջոցների թիվը կազմում էր մոտ 40 հազար, ապա 2024 թվականի համար Ա գոտում կազմում է մոտ 4 հազար, և մոտ 4 հազար 500` Բ գոտու համար: Սա ցույց է տալիս, որ մշտական օգտվողների թիվը նույն ժամանակահատվածի համար կազմում է ընդամենը 20 տոկոսը՝ նախորդ տարվա համեմատ»:

Ինչի՞ մասին է լռում այս վիճակագրությունը. մշտապես օգտվող մեքենաներ ասելիս պաշտոնյան նկատի ունի տարեկան վճար կատարածներին, ժամի, օրվա, շաբաթվա և մյուս բոլոր փաթեթներից օգտվողներն այս թվի մեջ ներառված չեն։ Կարմիր գծերի փոխարեն բակերում ու նեղ փողոցներում կայանված բազմաթիվ մեքենաներն ընդհանրապես դուրս են մնում հաշվարկից։

Տպագրիչների փողոցում, օրինակ, կայանում են միանգամից երեք գծով, երթևեկության համար միայն մեկն է մնացել, գրեթե նույն պատկերն է Կողբացի փողոցում, Պուշկինի վրա ... շարքը շարունակելի է: Ինչպե՞ս են կարողանում շտապ օգնության մեքենաներն այս հատվածներով անցնել։

Բակից Պուշկինի փողոց դուրս տալու համար շտապ օգնության մեքենայի վարորդից մեկ րոպե պահանջվեց, իսկ թե որքան ժամանակ պետք կգա կենտրոնը բեռնաթափելու խոստումը կյանքի կոչելու համար, քաղաքային իշխանությունները դեռ չեն պարզաբանում: Հիմա հաջորդ քայլն են անոնսում՝ փորձելու են հենց այս նեղլիկ փողոցներում կարգուկանոն հաստատել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կարմիր գծերի տարեկան վճարներ կատարածների թիվը վեց անգամ նվազել է, բայց տարբերություն առանձնապես չի զգացվում«Ինչի՞ համար է օրենքը հունվարի 1-ից ուժի մեջ, եթե ոչ մի ձևով պատրաստ չեն դրան». քաղաքացիները դժգոհում ենԻնչ կտա կարմիր գծերով կայանատեղիների գնի բարձրացումը՝ բեռնաթափո՞ւմ, թե՞ լրացուցիչ թանկացում. քննարկում