Կարմիր գծերում կայանելու համար տարեկան վճարը կատարած վարորդների ավտոմեքենաների թիվն անցած տարվա համեմատ վեց անգամ պակասել է: Երևանի կենտրոնում կայանելը 13 անգամ թանկացրած քաղաքային իշխանություններն արդեն դրական արդյունք են տեսնում, երևանցիները հակադարձում են՝ փոփոխություն առանձնապես չեն նկատել։
«Որոշակիորեն բեռնաթափվել է, բայց, կարծում եմ, վերջնական արդյունքները դեռ վաղ է գնահատել», - ասում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Չեմ զգում, ես ամեն անգամ հենց խցանումների պատճառով ուշանում եմ», - ասում է «Ազատության» զրուցակից քաղաքացին:
Երևանի կենտրոնի խցանումները թեթևացնելու հիմնավորմամբ տարեսկզբից կայանատեղիները գոտիների բաժանվեցին. կենտրոնում վճարը մեկ տարվա համար 160 հազար դրամ սահմանվեց՝ 12 հազարի փոխարեն։ Քաղաքապետարանից հայտնում են՝ այս հունվարին «Ա» և «Բ» գոտիներում կայանելու համար տարեկան վճարներ են կատարվել 6 հազար 590 ավտոմեքենաների համար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում թիվը 35 հազարից շատ էր։ Տարեկան կայանատեղիի համար 160 հազար դրամը չի խնայել ավելի քան 3 հազար մարդ:
Հաշվարկների մեջ խորանալու փոխարեն երևանցիներն աչքի տեսածին են հավատում` խցանումներից պրծում չկա.
«Ոչ մի բան չենք զգացել, խեղդվում ենք, ավտոբուսները՝ լիքը, տրանսպորտը՝ լիքը, նույն վիճակն ա, մանավանդ առավոտյան ու երեկոյան ընդհանրապես հնարավոր չի... »:
«Ոչինչ չի թեթևացել, ամեն ինչ նույնն է... »:
«Ազատության» զրուցակից վարորդը չի էլ թաքցնում՝ կայանելու այլ տարբերակներ է փորձում գտնել, 160 հազարը շատ թանկ է. - «Տանում եմ սրա-նրա դռներն եմ փակում, մինչև ավտոս ջարդեն, էլի, կոնկրետ, մինչև մեկը մի բանով վնաս տա, որովհետև սրա-նրա պատուհանի տակ, սաղ հայաթները (բակերը) շլագբաում (արգելափակոց) ա, չես կարա մտնես... »:
Ինչպե՞ս է ստացվել, որ տարեկան վճարներ կատարածների թիվը նվազել է, բայց տարբերություն առանձնապես չկա։
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը սեփական փորձով է բացատրում. - «Ես կենտրոն շատ քիչ եմ կայանում, և այդ SMS չանելու համար ինձ ավելի հարմար էր տարեկան 12 հազար դրամով վճարել և կենտրոնում հանգիստ որտեղ կարմիր գիծ տեսնեի՝ կայանեի և SMS չանի ամեն ժամը մեկ: Իսկ հիմա նախընտրում ենք կանգնելու ժամանակ էդ ժամը SMS-ով վճարենք և այդ տարեկան վճարը չվճարենք»:
Տարեկանից զատ, վարորդները կարող են նաև մեկ ամսվա, շաբաթվա, օրվա կամ մեկ ժամի համար վճարել: Այս տարբերակները, սակայն, շատ ավելի թանկ են։
Նախկինում ծանրաբեռնված հատվածներում հիմա էլ է դժվար կայանատեղի գտնելը, ընդգծում է Քեյանը։