«Կարմիր գծերի» դրույքաչափը կպահպանվի
Նախորդ տարվանից 13 անգամ ավելացված «կարմիր գծերի» դրույքաչափը 2025-ին էլ կգործի: Թեև անցած տարվա որոշումը դատարանն օրերս անհիմն էր համարել, բայց Երևանի ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր կրկին հաստատեց նույն սակագները։
Ավագանու գրանցված 53 անդամներից 32-ը կողմ քվեարկեցին, ավագանու մեկ անդամ՝ «Հանրային ձայն» խմբակցությունը լքած, հիմա անկախ անդամ Գրիգոր Հարությունյանը ձեռնպահ քվեարկեց: Քվորում չէր ապահովվի, եթե այս մեկ ձեռնպահը չլիներ: Հարությունյանի հետ զրուցել չհաջողվեց, քվեարկությունից հետո նա դահլիճում չէր: Ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրեց՝ վայր է դնում մանդատը՝ ընտանեկան ու անձնական պատճառներով:
Ընդդիմադիր «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցություններն ընդհանրապես բոյկոտեցին, քվեարկության չմասնակցեցին նաև «Հանրային ձայնի» անդամները: «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ասաց՝ այդքան էլ չի հավատում Գրիգոր Հարությունյանի պնդմանը, թե պատահական է ձեռնպահ քվեարկել։
«Բայց ինքը չպահանջեց վերաքվեարկություն կամ իր ձայնն անվավեր համարել։ Ես առնվազն տարակուսանք ունեմ», - ասաց նա։
Դատարանն, ի դեպ, մասնակի է բավարարել ընդդիմության հայցը, չնայած անհիմն է համարել կայանատեղին թանկացնելու ավագանու որոշումը, բայց քաղաքացիների վճարած գումարը վերադարձի ենթակա չէ։
Սա համալիր ծրագրերի մի մաս է, և չի կարող բացառապես այս որոշմամբ ամբողջությամբ քաղաքը բեռնաթափվել. Սուրեն Գրիգորյան
Քաղաքային իշխանությունն անդրդվելի է. փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց՝ դատարանի որոշումը դեռ օրինական ուժի մեջ չի մտել, իրենք բողոքարկելու են: Նրա փոխանցմամբ՝ դատարանը չի ասել, թե անվավեր է ճանաչում, որովհետև կենտրոնը բեռնաթափված չէ, ասել է հիմնավորումներ չկան։
«Մենք էլ ասում ենք, որ կան, ու դրանք վերաքննիչ դատարանում կներկայացնենք», - նշեց նա:
Գրիգորյանը չընդունեց ընդդիմադիրների պնդումը, որ «կարմիր գծերի» գումարը տարեկան 12 հազարից 160 հազար դարձնելով կենտրոնն այդպես էլ չբեռնաթափվեց:
Հարցին, թե գիտի՞, որ կենտրոնում «կարմիր գծերում» մեքենան կայանել չցանկացողները դրանք բակերում են տեղավորում, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց. - «Սա համալիր ծրագրերի մի մաս է, և չի կարող բացառապես այս որոշմամբ ամբողջությամբ քաղաքը բեռնաթափվել։ Եթե հարցը Ձեր թույլտվությամբ վերաձևակերպեմ մի փոքր՝ արդյոք դրական ազդեցություն ունեցե՞լ է, կարծում եմ՝ ունեցել է։ Արձանագրում եմ նաև, որ Ձեր ասած խնդիրը կա, որը նաև շլագբաումների տեղադրման միջոցով պետք է լուծվի»։
«Վերջին 2 ամիսներին Մյասնիկյան պողոտայով երթևեկելիս չե՞ք նկատում, որ էական փոփոխություն կա, Խանջյան, Սայաթ-Նովա փողոցներում, Մաշտոցի պողոտայում էական տարբերություն չե՞ք նկատում»,- իր հերթին ընդդիմադիրներին հարցրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ոչ «կարմիր գծերի» թանկացմամբ, ոչ էլ ավտոբուսների ներկրմամբ Երևանի խցանումները չեն թեթևանա. Մանուկ Սուքիասյան
Ավագանին տարին փակեց այս նիստով, օրակարգի բոլոր 23 հարցերն ընդունվեցին, այդ թվում՝ մինչև փետրվարի 1-ը պահպանել մեկ ուղղության համար 100 դրամ սակագինը, բայց միայն Tellcell wallet-ով, QR կոդով կամ էլ բանկային քարտով։ Քաղաքային իշխանությունը խոստանում է՝ հունվարի 1-ից երթուղիներ դուրս կգան արդեն նոր 171 8.5 մետրանոց ավտոբուսներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պետք է շարունակել պայքարը». Երևանի իշխանություններն առաջարկում են ևս մեկ ամիս պահպանել տրանսպորտի ներկայիս սակագինըՈչ «կարմիր գծերի» թանկացմամբ, ոչ էլ ավտոբուսների ներկրմամբ Երևանի խցանումները չեն թեթևանա, պնդեց ընդդիմադիր Մանուկ Սուքիասյանը ու հորդորեց նախ պետական հաստատությունները կենտրոնից դուրս հանել։
Ընդդիմադիր Մեսրոպ Մանուկյանը, որ և՛ ավագանու նիստին էր ներկա, և՛ իր տիտկոտկյան էջում էր օնլայն, ամբիոնին մոտեցավ երկու պաստառներով՝ արհեստական բանականությանը հանձնարարել էր պատկերել փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին ու քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
««Զոլոտայա անտիլոպա»-ն իմ սիրելի մուլտն է»,- արձագանքեց Սուրեն Գրիգորյանը։ Մեսրոպ Մանուկյանը շարունակեց՝ «թանկացրել եք տրասնպորտը, բարձրացրել եք աղբահանության, գույքահարկի, «կարմիր գծերի» տուրքերը»: «Թալանն էլ ո՞նց է լինում»,- հարցրեց նա:
«Նաև այդ գումարներով է, որ Երևանի 2025-ի բյուջեն 2024-ի համեմատ 34 մլն դրամով ավելացել է, իսկ քաղաքապետարանի սեփական եկամուտները՝ 47 տոկոսով»,- արձագանքեց քաղաքապետ Ավինյանը։
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.