Վարչական դատարանի որոշման համաձայն՝ անվավեր է ճանաչվել Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից քաղաքի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի խոսնակը։
Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։
«Նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում», - գրել է նա։
Նախորդ տարվա դեկտեմբերին Երևանի ավագանին ընդունեց կարմիր գծերի թանկացման նախագիծը, ըստ որի Երևանի կենտրոնում տարեկան վճարը 12 հազարից 160 հազար դրամ կդառնա:
Փաստաբան Վահե Գրիգորյանն օրեր առաջ սոցիալական ցանցում տեղեկացրել էր, որ ողջ դատաքննոության ընթացքում ինքը և ընդդիմադիր «Մայր Հայաստան»-ի անդամ Սամվել Հակոբյանը «հիմնավորել ու ապացուցել են, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է և անթույլատրելի»։