Կառավարությունը հավանություն տվեց սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգին։
Այսօրվա նիստին գործադիրը հաստատեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշումը։
Սա չզեկուցվող հարցերի շարքում էր։
Կանոնակարգը դեռ պետք է ներկայացվի Սահմանադրական դատարան։
«Սահմանադրական դատարանի դրական որոշումն ստանալու պարագայում հարցը կգնա Ազգային ժողով վավերացվելու, և այնտեղ թերևս ավելի մանրամասն քննարկում տեղի կունենա։ Մենք պատեհ չհամարեցինք Սահմանադրական դատարան ուղարկելուց առաջ կառավարության նիստում ընդլայնված քննարկում անել այս հարցով, ինչը, կարծում եմ, տվյալ պարագայում ճիշտ մոտեցում է, քաղաքական և բովանդակային ավելի մանրամասն քննարկումներ ՍԴ-ի դրական դիրքորոշման դեպքում տեղի կունենան Ազգային ժողովում», - նիստի ավարտին հայտարարեց վարչապետ Փաշինյանը։
Ըստ այս փաստաթղթի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։
Կանոնակարգում նշվում է՝ գործընթացը հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրապարակվել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը կարող է խաբել ու ծուղակը գցել, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ. ընդդիմադիր պատգամավոր
Մանրամասները տե՛ս այստեղ