Կառավարության այսօր ընդունած որոշմամբ վերանայվեց կարգը, որը սահմանում է, թե առողջական ինչ խնդիրների դեպքում զինծառայողները կարող են տարկետում ստանալ կամ ի վերջո ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։
«Նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները մեկ անգամ տրված տարեկետման ժամկետի ավարտից և առողջական վիճակի վատթարացում չարձանագրվելուց հետո ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև հստակեցնել այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները և մի շարք հիվանդությունների նկարագրությունները», - պարզաբանեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Այսպիսով «կնվազեն բուժման նպատակով քաղաքացիներին տրված տարկետումների քանակները», հիմնավորել է Պաշտպանության նախարարությունը, իսկ նախարարն ասաց՝ տարկետման ընթացքում, եղած փորձի համաձայն, զինծառայողները հիմնականում ոչ թե բուժվում ու վերադառնում են ծառայության, այլ կրկին դիմում տարկետման՝ ի վերջո ծառայությունից ազատվելու նպատակով։ Պապիկյանն այս մեխանիզմն անվանեց ծառայությունից խուսափելու սողանցք։
«Ենթադրվում է, որ այդ ընթացքում պիտի տեսանելի դառնա, թե արդյոք տվյալ զինակոչիկի հիվանդությունը զարգանում, բարդանում է, որը կտանի ազատման, թե ոչ։ Իհարկե, լինում են նաև հիվանդություններ, որոնք հնարավոր է այդ 1 տարվա ընթացքում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել, սակայն փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա այդ շահագրգռվածությունը՝ բժշկական միջամտության միջոցով առողջությունը վերականգնելու ուղղությամբ աշխատանք կատարել», - նշեց նա։
Պաշտպանության նախարարը վստահեցրեց՝ այս փոփոխությամբ կվերանա զինվորական ծառայությունից խուսափելու ևս մի սողանցք։ Օրինակ հեռացված լեղապարկն այսուհետ պատճառ չի լինի ծառայությունից հեռանալու համար, ինֆեկցիոն մոնոնուկլեոզը տարկետման պատճառ կդառնա միայն սրված փուլում և այլն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զորակոչից տարկետման իրավունքից օգտվողներն այսուհետև գործարք են կնքելու պետության հետ. Փաշինյան
Տարկետումը կարող է տրվել 1 կամ 3 տարով
Նոր կարգավորմամբ տարկետումը կարող է տրվել 1 կամ 3 տարով, ընդ որում 1 տարով տարկետում ստանալուց հետո հիվանդությունը կարող է չբուժվել, սակայն զինծառայողը վերադառնա ծառայության բժիշկների կողմից տրված հատուկ սահմանափակումներով։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մասնագետ Նազելի Մովսեսյանի խոսքով, սակայն, փորձը ցույց է տվել, որ նման սահմանափակումներին զորամասերում ուշադրություն գրեթե չեն դարձնում։
«Բազմաթիվ անգամ ստացել ենք ահազանգեր, որ սահմանափակումները չեն պահպանվում, մյուս կողմից՝ այստեղ կա նաև զինծառայողների անհատական մոտեցումը», - ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՊՆ-ը ծրագրում է մինչև 2027-ի վերջը կրճատել ժամկետային զինծառայության ժամկետը
Մասնագետը տարբեր խնդիրներ է թվարկում
Պաշտպանության ու անվտանգության ոլորտի քաղաքականության մասնագետի կարծիքով՝ այսօր ընդունված փոփոխություններում սա միակ խնդիրը չէ։ Զինծառայողին տարկետում տալուց հետո նրա առողջությանը հետևելն ու նրան բուժելը Պաշտպանության նախարարության տիրույթում է. ստացվում է, որ կառավարությունը չի հավատում ոչ միայն զինծառայողին, թե նա չի ցանկանում բարելավել իր առողջությունը, այլև համակարգի առողջության պատասխանատուներին։
«Ցանկացած դեպքում Պաշտպանության նախարարությունը, պետությունը պարտավորություն ունի բուժումը կազմակերպել, սակայն պրակտիկայում մենք ունենք մի իրավիճակ, որ ոչ բուժումն է կազմակերպվում, և շատ դեպքերում զորակոչիկներն իրենք չունենալով ֆինանսական միջոցներ՝ իրենց առողջական վիճակը բուժելու, կստացվի, որ ճանաչվում են պիտանի՝ ունենալով խնդիրներ», - նշեց Նազելի Մովսեսյանը։
Այս տարի առողջական խնդիրների պատճառով Զինված ուժերում ժամկետայինների շարքերում գրանցվել է մահվան 1 դեպք՝ զինծառայողը հանկարծամահ է եղել, իսկ նախորդ տարիներին Զինված ուժերում առողջական խնդիրների պատճառով մահվան դեպքերի վիճակագրությունը վարվում է միասին ժամկետային ու պայմանագրային զինծառայողների համար. այսպես՝ առողջական խնդիրների պատճառով 2023-ին բանակում գրանցվել է մահվան 12 դեպք, 2022-ին՝ 17։