Տասնյակ տուժածներ կան Վրաստանում վաղ առավոտյան ոստիկանության կոշտ գործողություններից ու ցուցարարների հետ բախումներից հետո։
Թբիլիսիում խորհրդարանական վիճահարույց ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերը երեկ նոր թափ հավաքեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը մինչև 2028 թվականը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։ Այդ հայտարարությունից հետո ցուցարարները սկսեցին հավաքվել Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։
Իսկ առավոտյան արդեն ոստիկանությունը ջրցան մեքենաներով, արցունքաբեր գազով, լուսաձայնային նռնակներով ու բռնությամբ սկսեց ցրել այս որոշման դեմ հանդես եկողներին` հատուկ թիրախավորելով նաև լրագրողներին։ Բախումների հետևանքով 15 լրագրող է տուժել, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության օպերատորը։
Թե քանի տուժած կա ցուցարարների շրջանում, ստույգ հայտնի չէ, ՆԳՆ-ն հաղորդում է միայն 3 տասնյակ տուժած ոստիկանների մասին և նշում, որ ավելի քան 4 տասնյակ մարդ բերման է ենթարկվել, վարչականից բացի, հարուցվել են նաև քրեական գործեր։
Խորհրդարանի շենքի մոտ երեկ երեկոյան հավաքված ցուցարարները Վրաստանի կառավարության որոշումը համարում են դավաճանություն երկրի շահերին, ինչպես նաև Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի խախտում, որն ամրագրում է եվրաինտեգրման ցանկությունը։ Նրանց կարծիքով՝ նման գործողությունները վտանգում են Վրաստանի ապագան և ոչնչացնում Եվրոպայի հետ մերձեցման երկարամյա ջանքերը։
Ցուցարարներին միացել էր նաև մոտ երկու շաբաթից իր պաշտոնավարումն ավարտող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որ եվրաինտեգրման ջատագովներից Է
Չնայած բանակցությունները սառեցնելու հայտարարությանը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները հավատարիմ են մնում եվրաինտեգրման իրենց նպատակին, և երկիրը պատրաստ կլինի անդամակցել միությանը մինչև 2030 թվականը: Բայց, Կոբախիձեն նշել է, որ այդ հարցը Վրաստանի կառավարության օրակարգում չի լինի մինչև 2028-ը։ Իսկ բանակցությունները դադարեցնելու մասով նշել է, որ այսպիսով Եվրամիության հետ բանակցությունների հարցը այլևս հասարակության «շանտաժի և պառակտման» առարկա չի լինի։ Նրա խոսքով՝ բանակցությունների մեկնարկը ֆորմալ որոշում է, որը չի արագացնում Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
Ռուսաստանի խորհրդարանում արդեն գովաբանել են «Թբիլիսիի խոհեմությունը», իսկ Թբիլիսիում Եվրամիության դեսպանը հայտարարել է, որ Բրյուսելում խիստ հիասթափված են Վրաստանի որոշումից։
Ինչ վերաբերում է ցուցարարների ու ոստիկանների բախումներին, վարչապետը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ներքին գործերի նախարարությանը «բռնությունը ճնշելու և օրենք ու կարգ հաստատելու համար»՝ միաժամանակ տխուր անվանելով լրագրողների վրա ոստիկանական հարձակումների փաստը։
Ի դեպ, վարչապետի երեկվա հայտարարությունը բողոքի ալիք է հարուցել նաև Վրաստանի պետական ապարատում. հրաժարական է տվել Բուլղարիայում Վրաստանի դեսպանը, Արտգործնախարարության մի քանի տասնյակ աշխատակիցներ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ կառավարության որոշումը հակասում է երկրի Սահմանադրությանը և ազգային շահերին։ Նմանատիպ մի հայտարարություն են ստորագրել Պաշտպանության նախարարության չորս տասնյակից ավելի աշխատակիցներ։