Մատչելիության հղումներ

Վրաստանի նոր խորհրդարանը գումարեց առաջին նիստը


Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, Թբիլիսի, 25-ը նոյեմբերի, 2024թ.
Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, Թբիլիսի, 25-ը նոյեմբերի, 2024թ.

Չնայած Թբիլիսիի կենտրոնում ընթացող բողոքի ակցիային՝ Վրաստանի նորընտիր խորհրդարանն այսօր կարողացավ գումարել իր առաջին նիստը: Դրան մասնակցում էին իշխող «Վրացական երազանք»-ը ներկայացնող 88 պատգամավորներ՝ այդ թվում ներքաղաքական զարգացումների առանցքային դերակատարը՝ կառավարող կուսակցության պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։ Նա, սակայն, ինչպես և նախկին վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նոր գումարման խորհրդարանի առաջին նիստին մասնակցելուց հետո որոշեց վայր դնել մանդատը՝ կարծես վերադառնալով կուսակցության կառավարման իր համար ավանդական դարձած ստվերային մեթոդին։

Պետական օրհներգի հնչյունների ներքո մեկնարկած առաջին նիստի ընթացքում իշխանական պատգամավորները պաշտոնական երդում ընդունեցին, հաստատեցին հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած բոլոր 150 օրենսդիրների՝ այդ թվում իրենց ընդդիմադիր գործընկերների լիազորությունները և Շալվա Պապուաշվիլիին կրկին ընտրեցին խոսնակի պաշտոնում։ Ընտրվելուց հետո իր առաջին ելույթում Պապուաշվիլին կոչ էր անում Վրաստանի քաղաքացիներին զերծ մնալ նախկինում արված սխալներից։

«Վրացիներից ոմանց անհեռատեսությունը, խոհեմության պակասն ու գերզգացմունքայնությունը նախկինում մեզ վրա շատ թանկ են նստել։ Շատ հաճախ վրացիները յուրաքանչյուր քայլի համար ստիպված են եղել չափազանց բարձր գին վճարել։ Ցավալի է, որ ոմանք դասեր չեն քաղում անգամ սեփական փորձից», - հայտարարում էր Վրաստանի խորհրդարանի խոսնակը։

Այդ նույն պահին խորհրդարանի մոտ հավաքված մի քանի հազար ընդդիմադիր ցուցարարները ձվեր էին նետում օրենսդիր մարմնի շենքի վրա և բռունցքներով հարվածում այստեղ տեղադրված պատնեշին։

Ընդդիմադիրները Ռուսթավելիի պողոտա վերադարձան կիրակի երեկոյան՝ արգելափակելով այն և հաշվված րոպեների ընթացքում վրանային ավան տեղադրելով այնտեղ։

Ոստիկանությունը սկզբում փորձում էր խանգարել ցուցարարներին, սակայն մի քանի րոպե տևած քաշքշուկից հետո իրավապահները ստիպված էին նահանջել։

Ցուցարարները գիշերեցին Ռուսթավելիի պողոտայում, սակայն առավոտյան ընդդիմադիրների թիվն այդպես էլ չհասավ կրիտիկական այն զանգվածին, որը թույլ կտար ամբողջությամբ արգելափակել խորհրդարանի շենքը, կամ էլ, առավել ևս, ճեղքել ոստիկանական պատնեշը, ինչպես երկու տասնամյակ առաջ՝ «Վարդերի հեղափոխության» ժամանակ արել էր Միխեիլ Սաակաշվիլին։

Վրաստան - Ընդդիմության բողոքի ցույցը խորհրդարանի շենքի մոտ, Թբիլիսի, 25-ը նոյեմբերի, 2024թ.
Վրաստան - Ընդդիմության բողոքի ցույցը խորհրդարանի շենքի մոտ, Թբիլիսի, 25-ը նոյեմբերի, 2024թ.

Ընդդիմադիրների հարաբերական անհաջողության ֆոնին «Վրացական երազանք»-ը ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձևավորմանը։ Դատելով վարչապետի պաշտոնում կրկին առաջադրված Իրակլի Կոբախիձեի այսօրվա հայտարարություններից՝ գործադիր իշխանության կազմում արմատական փոփոխություններ չեն լինելու։ Ամենալուրջ կադրային փոխատեղումը նոր արտգործնախարարի նշանակումն է լինելու։

Իրակլի Կոբախիձեն այսօր հայտարարեց, որ 2022 թվականից ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Իլյա Դարչիաշվիլիին փոխարինելու է Մակա Բոչորիշվիլին։ Նա մասնագիտությամբ իրավաբան է, Վրաստանի ԱԳ նախարարության համակարգում աշխատում է 1999 թվականից՝ հիմնականում կենտրոնանալով Եվրամիության հետ հարաբերությունների վրա։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, սակայն, պնդում է` ոչ խորհրդարանի առաջին նիստը, ոչ էլ դրանից բխող գործընթացները, այդ թվում՝ նոր կառավարության ձևավորումը, լեգիտիմ համարվել չեն կարող։ Վրաստանի նախագահն այս մասին գրել է Х-ի իր օգտահաշվում։

«Զանգվածային կեղծիքները կասկածի տակ են դրել ընտրությունների լեգիտիմությունը։ Ես հրաժարվել եմ խորհրդարանի առաջին նիստը հրավիրել, իսկ Սահմանադրության համաձայն դա նախագահի միանձնյա լիազորությունն է։ Բացի այդ, ընտրությունների արդյունքները վիճարկող իմ հայցը դեռ Սահմանադրական դատարանում է», - գրել է Զուրաբիշվիլին։

Չնայած հնչող քննադատությանը, Վրաստանը խորհրդարանը վաղը կշարունակի աշխատանքը՝ արդեն այս շաբաթ հաստատելով նոր կառավարության կազմը։

XS
SM
MD
LG