«Խնդիրները շատ են, մենակ դիմում գրելով չի». ջրհեղեղից տուժած որևէ ընտանիք պետությունից աջակցության գումար դեռ չի ստացել

Ջրհեղեղի հետևանքները Լոռու մարզում

Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից երեք ամիս անց դեռ որևէ տուժած ընտանիք պետությունից աջակցության որևէ գումար չի ստացել։ Այսօր կառավարության նիստին հնչած այս տեղեկությունը զարմացրեց մեկամսյա արձակուրդից վերադարձած վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ներքին գործերի փոխնարարար Արփինե Սարգսյանն ասաց՝ հանձնաժողովները դեռ աշխատում են, փաստաթղթեր հավաքում. - «Կհիշեք, որ մենք սեփականատերերին ենք հատուցում տալիս ու հետևապես մեր քաղաքացիները դիմումներով պետք է նաև որոշակի ապացույցներ ներկայացնեն, որ իրենք են շահառուները»:

Գարնանային ջրհեղեղից 269 ընտանիք էր տուժել։ Ավելի քան մեկ ամիս առաջ կառավարությունը որոշել էր, որ հեղեղված տների յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց ընտանիքները 40-60 հազարական դրամ կստանան։ Նույնքան գումար էր սահմանվել երկու մարզերում տուժած 854 բնակիչներից յուրաքանչյուրի համար՝ անկախ տարիքից՝ որպես սոցիալական աջակցություն։ Բացի այդ մինչև մեկ միլիոն 200 հազար դրամ ամեն տան վնասված գույքի դիմաց։ Մինչդեռ աղետից տուժած ընտանիքների անգամ կեսը դեռ դիմումներ չեն ներկայացրել համայնքապետարան։

Ալավերդու ամենահեղեղված թաղամասի՝ Սանահին կայարանի բնակիչ Գոհար Բաղդասարյանն «Ազատության»-ն ասաց՝ առաջին հարկի իրենց բնակարանը դեռ անպիտան է բնակության համար, բայց պետությունից այդպես էլ խոստացված գումարները չեն ստացել։ Բնակարանը նորոգելու որևէ նախաձեռնություն չեն սկսել։

«Իմ երկու տալերը տեղում չեն, սեփականատերեր են, ամուսինս Ռուսաստանից եկել ա, բայց իրենք չեն համաձայնում, պատկերացնո՞ւմ եք ես ինչերի միջով պետք ա անցնեմ, որ էդ տան վերանորոգման համար էդ գումարը ստանամ: Բացեր կան: Ոչ միայն իմն ա, մարդկանց խնդիրները շատ են, մենակ դիմում գրելով չի, մեկինը տղեն Ֆրանսիա ա, մեկի տղեն Ռուսաստան ա, չի կարողանում գա», - ներկայացրեց Բաղդասարյանը:

Աղետից տուժած բնակիչն ասաց՝ արդեն երեք ամիս վարձով են բնակվում, բայց պետությունից միայն մեկ ամսվա վարձավճար են ստացել՝ չնայած նախկինում տված խոստումներին։

Սանահին կայարանի մեկ այլ բնակիչ Գևորգ Բախչինյանն ասաց՝ իրենք տան վարձակալության գումար ընդհանրապես չեն ստացել։ Չնայած համայնքապետարանի պահանջած բոլոր փաստաթղթերը ներկայացրել են, բայց նաև տան վերանորոգման ու սոցիալական աջակցության գումարների մասին խոսք չկա. անորոշության մեջ են։ Ստիպված պարտքով շինանյութ են վերցրել խանութներից՝ վերանորոգումն սկսեն, մինչև պետական մարմիններից հստակ տեղեկություններ կունենան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջրհեղեղից տուժածներն ու չորս զոհվածների ընտանիքները փոխհատուցում կստանան

Ջրհեղեղից տուժած տնտեսվարողներն ու գյուղատնտեսները ևս փոխհատուցում կստանան

Դեռ նախկինում որոշած փոխհատուցումները շահառուներին չի հասել, բայց կառավարությունն այսօր փոխհատուցում սահմանեց նաև աղետից տուժած տնտեսվարողների, գյուղատնտեսների ու տրանսպորտային միջոցների սեփականատերերի համար։ Տուժած տնտեսվարողները պետությունից դրամական աջակցություն կստանան անցած տարի վճարած հարկերի հիման վրա։ Վերանորոգման ծախսն ու վնասված ապրանքի դիմաց փոխհատուցումը հաշվարկելիս նկատի կունենան՝ որքան հարկ է վճարել տնտեսվարողն անցած տարի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չբացառեց՝ տնտեսվարողներ կլինեն, որոնք դժգոհ կմնան աջակցության այս բանաձևից, բայց միևնույն ժամանակ արդարացի համարեց ընդունված որոշումը։

«Սա այն դեպքն է, որ մենք մարդկանց ասում ենք, որ էդ վճարած հարկերը մի ընկալեք որպես ձեր աշխատած գումարը ուրիշին տալու պրոցես, այլ ընկալեք որպես մի գրպանից հանել, մյուս գրպանը դնել։ Հիմա էս տնտեսվարողները կստանան այնքան, որքան մի գրպանից հանել են և դրել են մյուս գրպանը, կոպիտ ասած՝ սև օրվա համար, և սա կարծում եմ՝ շատ արդարացի և կարևոր մոտեցում է», - ասաց վարչապետը:

Այսօր կառավարությունը փոխհատուցման մեխանիզմ սահմանեց նաև գյուղատնտեսների համար։ Ջրհեղեղի հետևանքով անկած կենդանիների, վնասված ծառերի ու ցանքատարածությունների դիմաց 100 տոկոսի չափով փոխհատուցում կստանան, դարձյալ եթե դրանք գրանցված են համայնքների տնտեսական գրքերում։

Աղետից տուժած յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի դիմաց փոխհատուցման չափը փորձագետներն են որոշել։ Ըստ հանձնաժողովի՝ ջրհեղեղից վնասվել է 193 ավտոմեքենա։