Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 20 զինվորների մահվան գործով. նա չի ընդունում մեղադրանքը

Սյունիքի մարզի դատարանն այսօր Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանք։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց տուժողի կողմի շահերի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը։

Նա հայտնեց, որ Հարությունյանը մեղադրանքը չի ընդունել։

Ըստ փաստաբանի՝ դատարանը մեղավոր է ճանաչել Ջալալ Հարությունյանին 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 12 -ին, Ֆիզուլիի ուղղությամբ՝ Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում, «Ցորի» զորամասի 20 զինծառայողների մահվան համար, ովքեր սխալ հրամանի պատճառով հայտնվել էին ադրբեջանական զինուժի շրջապատման մեջ և սպանվել։

«Երբ դիվիզիոնը գտնվել է մարտական հենակատում, դիմացից զորախումբ են տեսել եկող, փորձել են ճշտել, թե մերո՞նք են։ Եվ անձամբ ինքը ասել է, որ 100 տոկոս մերոնք են, և դա ասել է 2 անգամ, որի արդյունքում եկել, շրջափակել են այդ երեխաներին։ Երեխաները ինչքան հնարավոր է՝ դիմադրություն են ցույց տվել, բայց ուժերի անհավասարության պայմաններում 20 զոհ է եղել», - ասաց փաստաբան Սիմոնյանը։

Նա հավելեց, որ պատիժ դեռ չի սահմանվել, դա կորոշվի հաջորդ նիստին։ Նաև հայտնեց, որ սրանով 5-10 տարվա ազատազրկում է նախատեսվում։

Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանն էլ «Ազատությանը» փոխանցեց, որ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը չի ընդունում իր մեղավորությունը, և միանշանակ բողոքարկելու են դատարանի որոշումը։

«Մենք շարունակում ենք մնալ այն համոզմունքին, որ պարոն Հարությունյանն անմեղ է։ Մեզ համար խիստ անսպասելի էր նման դատական ակտը։ Կսպասենք, դատական ակտի բովանդակային հատվածը կընթերցենք, կծանոթանանք, նոր կմեկնաբանենք։

Պարոն Հարությունյանը նման բան չի արել», - պնդեց փաստաբանը։

Հարցին, թե Ջալալ Հարությունյանը չի՞ ասել, որ մոտեցող զորախումբը հայկական է, Արսեն Սարդարյանը պատասխանեց. - «Նման ձևաչափով չի ասվել, մեկ, երկրորդն էլ՝ պետք է խնդրին բազմակողմանի նայել, թե ով է ասել, ոնց, որտեղ, ինչ է տեղի ունեցել։ Այդ ամենի մասին բազմաթիվ ապացույցներ կան»։

Նա նշեց, որ եթե հարկ լինի, մամուլի ասուլիսի ժամանակ կհրապարակեն դրանք։

Ըստ իրավապահների՝ Ջալալ Հարությունյանի սխալ հրամանի պատճառով են զինվորները հայտնվել հակառակորդի թիրախում՝ 20 զինծառայողներ զոհվել են, 7-ը՝ վիրավորվել, զորամասն էլ անցել է Ադրբեջանի հսկողության տակ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակահարձակման դրվագով Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. փաստաբան