Վրաստանը կանդամակցի Եվրամիությանն 2030 թվականին, հայտարարել է «Վրացական երազանքի» հիմնադիր և նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին՝ դիմելով Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքված քաղաքացիներին։
«Ես ձեզ խոստանում եմ, որ մենք կհաղթահարենք բոլոր խոչընդոտները, կամրապնդենք մեր ինքնիշխանությունը, կպահպանենք խաղաղությունը և 2030 թվականին կդառնանք Եվրամիության անդամ», - Ըստ «Ազատության» «Էխո Կավկազա»-ի, ասել է Իվանիշվիլին՝ շարունակելով․ - «Մենք եզակի ժողովուրդ ենք՝ յուրահատուկ պատմությամբ, ավանդույթներով ու ինքնությամբ։ Եվ սրանցով էլ մենք պետք է միանանք ընդհանուր եվրոպական ընտանիքին, քանի որ միայն այս դեպքում Եվրամիությունը կարող է իրական արժեք լինել Վրաստանի համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում կրկին փորձում են «օտարերկրյա գործակալների» մասին օրենք ընդունելԱվելի վաղ, ելույթ ունենալով «օտարերկրյա գործակալների մասին» օրենքին աջակցող հանրահավաքում, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կոչ էր արել ԵՄ-ին սկսել Վրաստանի հետ անդամակցության բանակցությունները մինչև տարեվերջ:
Բրյուսելը վստահ է, որ Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի հաստատումը երկիրը կհեռացնի ԵՄ-ից։
Մոտ մեկ տարի առաջ նույն օրենքն ընդունելու՝ «Վրացական երազանքի» փորձը հանրային լուրջ դժգոհությունների էր բախվել և եվրոպական կառույցների կոշտ քննադատությանն արժանացել։ Մի քանի օր շարունակված փողոցային բախումներից հետո իշխող կուսակցությունը ստիպված էր շրջանառությունից հանել այս օրինագիծը։
Վրացական ընդդիմության համոզմամբ՝ իշխանությունը թեման վերակենդանացնում է Մոսկվային հաճոյանալու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելը քննադատում է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծը Վրաստանում կրկին շրջանառության մեջ դնելը