Իսրայելական բանակը հոկտեմբերի 13-ին ընդլայնել է ավիահարվածները Լիբանանում ուղղված «Հեզբոլա» խմբավորման դեմ։ «Հեզբոլա»-ն զինյալ խմբավորում է և քաղաքական կուսակցություն, որը վերահսկում է հարավային Լիբանանի մեծ մասը:
Իսրայելական ռազմական ինքնաթիռներն առավոտյան հարվածներ են հասցրել սահմանամերձ գյուղերից մեկի 100-ամյա մզկիթին, նախօրեին էլ հարավային Նաբաթիե քաղաքի շուկային, հայտնում է Լիբանանի պաշտոնական ազգային լրատվական գործակալությունը:
Միացյալ Նահանգները «Հեզբոլա»-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել, մինչդեռ Եվրամիությունը իր սև ցուցակում է ներառել նրա զինված թևը, բայց ոչ քաղաքական կուսակցությունը:
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մահացու հարվածներ են հասցվել Լիբանանի այլ շրջաններում ևս։
«Հեզբոլա»-ն իր հերթին հայտարարել է, որ հոկտեմբերի 13-ին հրթիռներ է արձակել իսրայելական զորքերի ուղղությամբ Լիբանանի տարածքում, երբ ցամաքային զորքերը փորձել են ներխուժել երկրի հարավ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հեզբոլա»-ն հայտարարել է, որ մարտեր է վարում իսրայելական ուժերի դեմՀայտարարության մեջ ասվում է, որ դրա նպատակն էր թիրախավորել իսրայելական ուժերը, որ կենտրոնացել էին Մարուն ալ-Ռաս գյուղում:
«Հեզբոլա»-ն հարյուրավոր արկեր է արձակել Լիբանանից դեպի Իսրայել երեկ՝ հոկտեմբերի 12-ին, մինչ իսրայելցիները նշում էին Յոմ Կիպուրը՝ «Քավության օր», որը կարևոր տոն է հրեական կրոնական օրացույցում:
Իրավիճակը սրվում է այն ժամանակ, երբ Իսրայելը նաև նոր հարձակումներ է իրականացնում Գազայում, և ենթադրվում է, որ հարվածներ կհասցնի Իրանին ևս՝ ի պատասխան այս ամսվա սկզբին հրթիռային հարձակման:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպե՞ս Իսրայել-Իրան լայնամասշտաբ պատերազմը կազդի համաշխարհային տնտեսության վրա․ ամենամեծ տուժողը Չինաստանն է լինելուԻսրայելը գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածում գրոհայինների թիրախներին «Համաս»-ի դեմ պատերազմում, որը ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից համարվում է ահաբեկչական խմբավորում:
Իսրայելի բանակը հոկտեմբերի 13-ի հայտարարության մեջ նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում գործող ուժերը հարձակվել են մոտ 40 թիրախների վրա և տասնյակ զինյալների սպանել:
Թե՛ «Համաս»-ը, և թե՛ «Հեզբոլա»-ն Իրանի դաշնակիցներն են։ Իսրայելը բազմիցս հայտարարել է, որ կպատասխանի հոկտեմբերի 1-ին Իրանի հրթիռային հարձակմանը, որը պատասխան էր Գազայի հատվածում և Լիբանանում Իսրայելի ռազմական գործողություններին և «Համաս»-ի ու «Հեզբոլա»-ի մի քանի առաջնորդների սպանություններին:
Վաշինգտոնը կարծում է, որ Իսրայելը նեղացրել է ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքներին իր հնարավոր արձագանքի շրջանակը, հաղորդել է է NBC-ն՝ վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին:
Ոչ մի նշան չկա, որ Իսրայելը թիրախավորելու է Իրանի միջուկային օբյեկտները կամ սպանություններ իրականացնի, նշել է NBC-ն՝ հավելելով, որ Իսրայելը դեռ վերջնական որոշում չի կայացրել, թե ինչպես և երբ պետք է գործի: