Ինչի դիմաց և ինչպես է Պուտինը պատրաստ գնալ հրադադարի․ Reuters

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Մոսկվա, 19-ը նոյեմբերի, 2024թ.

Կիևում և մերձակա շրջաններում այսօր կրկին օդային տագնապ է հայտարարվել․ իշխանությունները զգուշացնում են Ռուսաստանի կողմից հնարավոր հրթիռային հարձակման մասին։ Դրանից ժամեր առաջ նախ Միացյալ Նահանգներն էր փակել Կիևի դեսպանատունը, ապա՝ Իսպանիայի, Իտալիայի, Հունաստանի դիվանագիտական առաքելությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացնում է հնարավոր օդային հուժկու հարձակման մասին

Երեկ Ուկրաինան, առաջին անգամ արդեն երկուսուկես տարուց ավելի շարունակվող պատերազմում, ամերիկյան հեռահար հրթիռներով հարվածել էր Ռուսաստանին։ Մոսկվան հայտարարել էր, թե դա սրելու է իրավիճակը։ Նույնը այսօր նաև Թուրքիայի նախագահն է պնդել՝ ամերիկյան հեռահար հրթիռների կիրառումն արտոնելու նախագահ Բայդենի որոշումը որակելով որպես «մեծ սխալ», որը կարող է ոչ միայն «թեժացնել, այլև ընդարձակել այս պատերազմը»։

«Ուկրաինայի կողմից վերջերս կիրառված հրթիռները ցույց են տալիս՝ ուր է այս ամենը գնում և ինչի կարող է հանգեցնել։ Սրանք դրական զարգացումներ չեն», - ասել է Ռեջեփ Էրդողանը Մեծ քսանյակի գագաթնաժողովից վերադարձի ճանապարհին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը հարվածում է ամերիկյան հեռահար հրթիռներով, Մոսկվան՝ սպառնում միջուկայինով

Ամերիկյան հեռահար հրթիռների մասին հաղորդումներից հետո Ռուսաստանի նախագահը ստորագրեց միջուկային զենքի նորացված դոկտրինը, որն ավելի մեծ հնարավորություններ է տալիս Կրեմլին։ Նոր հայեցակարգով, մասնավորապես, Մոսկվան կարող է միջուկային զենք օգտագործել ոչ միայն Ռուսաստանի գոյությունը վտանգող սպառնալիքի, այլև տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած լայնածավալ, նույնիսկ ոչ միջուկային հարձակման դեպքում։ Պետդեպից արձագանքել են՝ Ռուսաստանից սպասում էին նման որոշման։

«Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանն անպատասխանատու միջուկային հռետորաբանությամբ փորձում է վախեցնել և ճնշում գործադրել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ աշխարհի այլ երկրների վրա», - ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը մտադիր չէ փոխել իր միջուկային դոկտրինը․ Սպիտակ տուն

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները ևս պնդել են, թե նորացված հայեցակարգով Պուտինն ընդամենը ուզում է վախեցնել: «Դրանք զուտ խոսքեր են», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Մոսկվան, սակայն, շտապել է կրկնել՝ վերջին զարգացումներն աղետալի հետևանքներ կարող են ունենալ։ «ՆԱՏՕ-ի առանձին անդամների կողմից Ռուսաստանի խորքերին հեռահար հրթիռներով հարվածելու թույլտվությունն անպատիժ չի մնա», - ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

Այս պայմաններում ինչպես և ինչի դիմաց է պատրաստ Պուտինը կանգ առնել․ Reuters-ը, հղում անելով Ռուսաստանի նախկին ու ներկայիս վեց բարձրաստիճան պաշտոնյաների, մանրամասներ է հրապարակել Կրեմլի խաղաղության ծրագրից։

Ըստ այդմ, Պուտինը համաձայն է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել հրադադարը, բայց՝ առանց խոշոր տարածքային զիջումների։ «Պուտինը պատրաստ է դուրս բերել զորքը միայն Խարկովի և Նիկոլաևի մարզերի որոշ հատվածներից», - ասել են ռուս բարձրաստիճան պաշտոնյաները՝ անանուն մնալու պայմանով։ Միաժամանակ, Պուտինը շարունակում է պնդել, որ Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից։

Ուկրաինայից պահանջվելու է պահպանել մշտական չեզոքություն՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Չինաստանի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց։ Reuters-ի զրուցակիցները նշել են նաև, որ Մոսկվան պահանջելու է հրաժարվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից:

Եթե այս փուլում հրադադարի շուրջ համաձայնություն չլինի, Ռուսաստանը կշարունակի պատերազմել, Reuters-ին ասել են երկու ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ։ Արդյոք Ուկրաինան կկարողանա դիմակայել այդ ագրեսիային, երբ հունվարին Միացյալ Նահանգներում իշխանությունը փոխվի։ «Եթե նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցնի օգնությունը՝ ոչ, մենք կպարտվենք», - հստակ արձագանքել է Ուկրաինայի նախագահը Foxnews-ին տված հարցազրույցում։

Զելենսկին նաև խոստովանել է, որ այսօր իրավիճակը ռազմի դաշտում ամենաբարդն է պատերազմի մեկնարկից ի վեր։ Ռուսներն արդեն մի քանի ամիս է՝ առաջ են գնում ճակատի միանգամից մի քանի ուղղություններով և գրեթե ամեն օր նոր բնակավայր գրավում։ Մարտերն արդեն ռազմավարական նշանակություն ունեցող Կուրախովո և Պոկրովսկ քաղաքների մոտակայքում են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմի 1000-րդ օրը թե՛ Կիևը և թե՛ Մոսկվան խոսում են այն շարունակելու մասին

Արդեն մոտ երեք տարի շարունակվող պատերազմով Ռուսաստանն օկուպացրել է Ուկրաինայի տարածքի շուրջ 20 տոկոսը, կամ՝ ավելի քան 110 հազար քառակուսի կիլոմետր։ Կիևը շարունակում է պնդել, որ հակամարտությունը լուծված կհամարի այդ տարածքներն ազատագրելուց հետո միայն։