ԱՄՆ-ը թույլ է տվել Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել սահմանից մինչև 300 կիլոմետր դեպի Ռուսաստանի խորքը, Բրյուսելում, ԵՄ արտգործնախարարների հանդիպման արդյունքներով իր ելույթում, երեկ հայտարարել է ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորելը։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ ԵՄ երկրներն այս հարցում միասնական որոշում չեն կայացրել և որ այս հարցում անկախ քաղաքականություն են վարելու։
Արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, կիրակի օրը հաղորդեցին, թե Բայդենի վարչակազմը թույլ է տվել ուկրաինացիներին ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին։
Կիևն ու Վաշինգտոնը չեն հաստատել տեղեկությունները։
Reuters-ը, AP-ը, The New York Times-ը, The Washington Post-ը գրեցին, թե սրանով Սպիտակ տունն արձագանքում է հյուսիսկորեացի զինվորների Ռուսաստան տեղափոխելու և Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու՝ Կրեմլի վերջին որոշումներին։
Զենք արտադրողները սովորաբար ստացող երկրների համար կիրառման սահմանափակումներ են սահմանում։ Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջում է վերացնել այդ սահմանափակումները։
Բայդենի վարչակազմն ավելի վաղ մտավախություն էր հայտնել, որ Ռուսաստանի խորքին հարվածները կարող են հանգեցնել հակամարտության էլ ավելի սրման: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ այդ հարվածները դիտարկելու է որպես ՆԱՏՕ-ի երկրների անմիջական մասնակցություն Ռուսաստանի հետ պատերազմին՝ սպառնալով կոշտ պատասխանով։