Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին՝ նրա հաղթանակն անվանելով տպավորիչ:
«Պարոն նորընտիր նախագահ, ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ աշխատելու՝ հայ-ամերիկյան երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա» - X-ում գրել է Փաշինյանը, իսկ ավելի ծավալուն ուղերձում անդրադարձել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, ժողովրդավարական արժեքներին:
«Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը Հարավային Կովկասում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղության և կայունության հաստատման, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգային սպառնալիքների կանխարգելման գործում»:
Փաշինյանը անդրադարձել է նաև տնտեսական հարաբերություններին, առանձնացրել ջանքերը, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսական և էներգետիկ ոլորտների զարգացմանն ու հիշեցրել իր կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
«Լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում նոր հնարավորություններ կընձեռվեն, հատկապես՝ Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման պարագայում, որի վերաբերյալ Հայաստանի Կառավարության առաջարկներն ամբողջացած են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնալդ Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն«Սպասում ենք հստակ գործի»
ԱՄՆ նախագահի թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատ թեկնածուները նախընտրական շրջանում անդրադարձել էին հայկական խնդիրներին: Հարիսը խոսել էր արցախահայերի վերադարձի իրավունքից, Թրամփը խոստացել էր նախագահ դառնալու դեպքում պաշտպանել հալածված քրիստոնյաներին, դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, ու վերականգնել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ առանց մանրամասնելու, թե ինչպես է պատրաստվում դա անել:
Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ Ամերիկայի ամենաազդեցիկ հայկական կառույցներից մեկը՝ Հայ դատի հանձնախումբը որևէ թեկնածուի սատարելու կոչ չէր արել: Հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանն ասում է՝ կոչ չեն արել, քանի որ հստակ հավաստիացումներ թեկնածուներից չեն ստացել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քամալա Հարիս, թե Դոնալդ Թրամփ. Ամերիկայի հայ համայնքում միասնական մոտեցում չկա«Մենք թեկնածուներից հստակ քայլեր ենք սպասում և հաջողեցինք՝ նախագահական հարցազրույցների ժամանակ Արցախի հարցն առկա պահել, Արցախի ժողովրդի վերադարձի հարցն առկա պահել, Հայաստանի անվտանգության հարցը առկա պահել: Բայց սրա կողքին սպասում ենք գործ, հստակ գործ թեկնածուների կողմից, թե հստակ ինչ քայլեր կարող էին անել ընտրություններից առաջ, որպեսզի շահեին զորակցությունը Ամերիկայի հանձնախմբի և ամերիկահայ գաղութի և պիտի շարունակենք հիմա այդ գծի վրա», - նշեց Չուլջյանը:
Ինչպես է աշխատելու Ամերիկայի հայ դատը Թրամփի ադմինիստրացիայի հետ, հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանն ասում է՝ քրտնաջան աշխատանք են տանելու բոլոր հիմնական ուղղություններով՝ թե՛ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու, թե՛ գերիների ազատման, թե՛ Արցախի հարցով, մանավանդ, որ Թրամփի թիմում կան հայանպաստ դիրքորոշմամբ գործիչներ:
«Այդ մարմնում կան ոմանք, որոնք անցյալում շատ հստակ խոսել են Հայաստանի ու Արցախի հարցերի վերաբերյալ: Ընդհանրապես մեր շարունակական աշխատանքներով՝ լինի մեր կոնգրեսական բարեկամների հետ, լինի տարբեր հանրապետական դեմքերի հետ, պետք է շարունակենք աշխատանք տանել՝ վստահ լինելու, որ այդ պատժամիջոցները, որ պետք է կիրառվեն Ադրբեջան դեմ, կարանք առաջ տանել, կրճատել ռազմական օժանդակությունը դեպի Ադրբեջան ու անշուշտ վստահեցնել Հայաստանի անվտանգությունը, սրա կողքին նաև մեր ռազմագերիների արագ վերադարձը տեսնել», - նշեց Չուլջյանը:
«Թրամփի դրսևորած անտարբերությունն այս տարածաշրջանի նկատմամբ հնարավոր է որոշակի փոփոխություն կրի»
Փորձագետ Սուրեն Սարգսյանը ևս կարծում է՝ Թրամփի նախորդ նախագահության շրջանում դրսևորած անտարբերությունն այս տարածաշրջանի նկատմամբ հնարավոր է որոշակի փոփոխություն կրի, հաշվի առնելով նրա նոր թիմում ներգրավված գործիչներին, սակայն ընդհանուր առմամբ՝ առաջնահերթություն Թամփի համար համար լինելու են Ուկրաինան ու Մերձավոր Արևելքը:
«Թրամփի նախագահությունը մենք տեսել ենք ու տեսել ենք, որ իր համար մեր տարածաշրջանն առաջնահերթություն չի եղել ընդհանրապես: Իհարկե, իրավիճակը հիմա կարող է փոխվել և կփոխվի նաև պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ մարդիկ են այսօր նրա շուրջ հավաքված ու ինչպիսի կարծիք ունեն Հայաստանի նկատմամբ: Սա նույնպես կարող է փոփոխությունների բերի Թրամփի էդ ավելի պասիվ քաղաքականությանը: Բայց Թրամփն առաջնահերթությունը, բնականաբար, տալու է այնպիսի ոլորտների, որոնք ինքը կարևորում է. դա լինելու է ուկրաինական պատերազմը, Մերձավոր Արևելքը», - ասաց Սարգսյանը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները օրվա ընթացքում կա՛մ անհասանելի էին, կա՛մ հրաժարվեցին խոսել Թրամփի ընտրության վերաբերյալ:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մոտ երկու շաբաթ առաջ «Ազատության» հետ հարցազրույցում՝ ասում էր, որ իրենք պատրաստ են աշխատել ԱՄՆ յուրաքանչյուր ադմինիստրացիայի հետ, որ կգա իշխանության:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստան, Արցախ. ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների ունեցած դիրքորոշումները