Ի՞նչ է THAAD-ը և ինչո՞ւ է ԱՄՆ-ն այն տեղակայում Իսրայելում

THAAD-ը փորձարկումների ժամանակ, արխիվ

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ արդիական հակահրթիռային համակարգ և մոտ 100 զինվոր կտեղակայի Իսրայելում, որն ԱՄՆ կարևոր դաշնակից է։ Համակարգը կաշխատեցնեն ամերիկացի զինվորականները։

Հոկտեմբերի 13-ին Պենտագոնը հայտարարել է, որ THAAD (Terminal High Altitude Area Defense) հակահրթիռային համակարգը կուժեղացնի Իսրայելի հակաօդային` առանց այն էլ հզոր պաշտպանությունը: Դեռ պարզ չէ, թե համակարգը և ամերիկացի զինվորները երբ կհասնեն Իսրայել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը զինվորներ է ուղարկում Իսրայել, Թեհրանը զգուշացնում՝ կարմիր գծեր չկան

Ի՞նչ է THAAD-ը

THAAD-ն ԱՄՆ զինանոցի հակահրթիռային ամենաառաջադեմ և ամենահզոր համակարգերից մեկն է:

Իսրայելը ներկայումս օգտագործում է Միացյալ Նահանգների հետ մշակված մի քանի համակարգեր («Երկաթե գմբեթ», «Դավթի պարսատիկ» և «Աղեղ»)` տարբեր բարձրությունների և հեռավորությունների վրա անօդաչու սարքեր, կառավարվող և չկառավարվող հրթիռներ որսալու համար:

THAAD համակարգն ունի ժամանակակից ռադար, որը հրթիռները հայտնաբերում է ավելի մեծ հեռավորության վրա։ Համակարգի հրթիռները ևս ունեն ավելի մեծ հեռահարություն։

«Սա հակահրթիռային շատ ավելի առաջադեմ համակարգ է»,- ասում է Մեծ Բրիտանիայում գործող պաշտպանության հարցերով փորձագետ Հոսեյն Արյանը։ «Դրա հեռահարությունը զգալիորեն [ավելի] մեծ տարածք է ընդգրկում»՝ համեմատած Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերի հետ։

Ինչո՞ւ է ԱՄՆ-ը THAAD ուղարկում Իսրայել

ԱՄՆ-ում այս որոշումը կայացվեց, երբ հոկտեմբերի 1-ին Իրանը մոտ 180 բալիստիկ հրթիռ արձակեց Իսրայելի վրա՝ հարձակում, որը, ըստ որոշ փորձագետների, բացահայտեց Իսրայելի հակաօդային պաշտպանության խոցելիությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը հայտարարում է՝ Իսրայելի վրա հրթիռային հարձակումն ավարտել է, Իսրայելը հակահարվածով է սպառնում

Ըստ Արյանի՝ Իրանի հարձակումն է Վաշինգտոնին դրդել ուժեղացնելու Իսրայելի հակահրթիռային պաշտպանության կարողությունները «Թեհրանից ևս մեկ հնարավոր հարձակման» դեպքում:

Իրանի հսկայածավալ հրթիռային հարձակումը (իր ոխերիմ թշնամու վրա երբևէ իրականացրած ամենամեծ ուղղակի հարձակումը) պատասխանն էր Լիբանան Իսրայելի ներխուժման և Իսրայելի կողմից տարածաշրջանում Իրանի առանցքային դաշնակիցների վերջին սպանությունների:

Իսրայելը նսեմացրեց Իրանի հարձակման հետևանքով պատճառված վնասը։ Սակայն արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ մոտ 30 բալիստիկ հրթիռ ընկել է Իսրայելի հարավում գտնվող «Նևաթիմ» ավիաբազայի տարածքում և շրջակայքում: Լուսանկարներից պարզ է դառնում, որ հրթիռները վնասել են շենքեր և մեծ փոսեր առաջացրել բազայի թռիչքուղու վրա:

Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգը հոկտեմբերի 1-ին որսում է իրանական հրթիռները

«Նևաթիմ» ավիաբազայում տեղակայված են ամերիկյան արտադրության F-35 կործանիչներ: Փորձագետներն ասում են, որ այդ կործանիչներից մի քանիսը միայն պատահականության շնորհիվ են խուսափել իրանական հրթիռների հարվածներից։
Միևնույն ժամանակ, Թել Ավիվում հրթիռներից մեկն ընկել է Իսրայելի հետախուզական գործակալության՝ «Մոսադ»-ի կենտրոնակայանի մոտ՝ առաջացնելով խորը փոս։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը «մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար»․ ՆեթանյահուԻրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իսրայելը խոստացել է կոշտ պատասխան տալ Իրանի հրթիռային հարձակմանը։

Միևնույն ժամանակ, հարավային Լիբանանի մեծ մասը վերահսկող «Հեզբոլա» զինված խմբավորման և քաղաքական կուսակցության անօդաչու սարքի հարձակման հետևանքով հոկտեմբերի 13-ին ռազմաբազաներից մեկում իսրայելցի չորս զինվոր է սպանվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հեզբոլա»-ի հարվածներից Իսրայելում 4 զինվոր է զոհվել«Հեզբոլա»-ն մեկ օրում 190 արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ. իսրայելական բանակն ուժեղացրել է հարձակումները

Լոնդոնի թագավորական քոլեջի հրավիրյալ գիտաշխատող Շահանկ Ջոշին ասում է, որ Վաշինգտոնը THAAD համակարգը տեղակայում է, «քանզի ակնկալում է, որ Իրանի հրթիռային վերջին հարձակմանն Իսրայելի պատասխան հարվածը մասշտաբային և նշանակալի հարձակում կլինի»:

Ըստ նրա՝ դա, իր հերթին, «հավանաբար կհանգեցնի Իրանի կողմից ևս մեկ հարվածի»:

Ջոշին, որը նաև The Economist ամսագրի պաշտպանության թեմաներով խմբագիրն է, ասում է, որ Իսրայելն ունի մի շարք տարբերակներ՝ իրանական ռազմական օբյեկտներին հարվածելուց մինչև նրա ղեկավարության կամ միջուկային օբյեկտների վրա հարձակումը։

«Որ տարբերակն էլ այն ընտրի, Իրանի ղեկավարությունը, հավանաբար, ուժով կպատասխանի», - ասել է նա։