Սահմանադրական դատարանի դատավորի գործով նիստն այսօր ևս հետաձգվեց։ Նիստին ներկա էին միայն դատախազները, իսկ Հրայր Թովմասյանի կողմն ամբողջ կազմով բացակայում էր։ Դատարան չէր եկել նաև վերջերս Սահմանադրական դատարանի դատավորի հանրային պաշտպան նշանակված Զոյա Սակովան, ով արձակուրդում է։
«Հայտնում եմ, որ 2024 թվականի օգոստոսի 12-ից 10 աշխատանքային օրով գտնվելու եմ ամենամյա արձակուրդում, ուստի խնդրում եմ սույն դատական նիստը հետաձգել, նշված ժամանակահատվածում նշանակել մեկ այլ օր», - Սակովայի գրությունը հրապարակեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը:
Դատախազությունը 7 տարվա ազատազրկում է պահանջել Թովմասյանի համար։ Դեկտեմբերին կլրանա այս գործով վաղեմության ժամկետը, ու չնայած ծանր մեղադրանքներին՝ մեղավոր ճանաչվելու դեպքում եթե անգամ բարձր դատարանի դատավոր չազատազրկվի, ըստ Դատախազության, կկորցնի պաշտոնը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեղավոր ճանաչվելու դեպքում Թովմասյանը, եթե չազատազրկվի էլ, կկորցնի ՍԴ դատավորի պաշտոնըԱնցած նիստին ևս ամբաստանյալի կողմը ներկա չէր։ Թովմասյանը հեռացված է նիստերից՝ դատավորը նրա վարքագիծն անընդունելի է համարել ու որոշ ժամանակով արգելել մասնակցել իր իսկ դատավարությանը։ Իսկ արձակուրդում գտնվող փաստաբան Արամ Օրբելյանի բացակայությունը ճանաչվել էր անհարգելի, և դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հանրային պաշտպան է ներգրավել։
«Ինձ թվում է՝ էս վարքագիծը ևս դատարանին բերեց էն համոզման, իմ կարծիքն է դա, որ պաշտպանական կողմը բոլոր ջանքերը գործադրում է՝ դատական նիստերը հետաձգելու, տապալելու, դատական նիստերը տապալելու հետ կապված», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց դատախազ Արսեն Մարգարյանը:
Դատախազությունը բազմիցս է հայտարարել՝ 4.5 տարի շարունակվող դատավարությունը ձգձգվում է պաշտպանական կողմի պատճառով։ Դատախազ Մարգարյանի տվյալներով՝ ավարտին մոտեցող դատավարության 132 նիստերից հետաձգվել է գրեթե կեսը։
«Բժշկի մոտ խորհրդատվություն գնալը պիտի հենց տեղի ունենա հինգշաբթի օրը ժամը 10:00-ի՞ց, կամ 10:30-ի՞ց՝ այ էս եմ ես խնդրահարույց գնահատել: Դատական նիստերը անընդմեջ հետաձգելու էդ տակտիկան պաշտպանական կողմը ամեն գնով իրականացրել է», - նշեց Մարգարյանը:
Թե ինչու են Թովմասյանն ու փաստաբանները հակված նիստերը ձգձգելու, դատախազը հստակ տեսակետ չունի, այստեղ դեր կարող են ունենալ թե՛ դեկտեմբերին լրացող վաղեմության ժամկետը, թե՛ այլ պատճառներ։ Ինքը՝ Բարձր դատարանի դատավորը մեղադրանքից ու առհասարակ այս թեմայից չի խոսում, դատավարությունն էլ խնդրել է առանց նկարահանման անցկացնել, իսկ փաստաբան Արամ Օրբելյանը տեսակետ կհայտնի արձակուրդից վերադառնալուց հետո։
«Ինձ վեց ամիս առաջ դրա մասին զգուշացրել էին, որ x-y-z քայլերը չանելու համար Ձեզ մեղադրանք մի օր կառաջադրվի, x-y-z քայլերը հրաժարական տալն էր», - լրագրողներին փոխանցել էր Թովմասյանը։
Պաշտոնական լիազորություններն անցնելու համար մեղադրվող Թովմասյանն այս քրեական գործի մասին խոսել է տարիներ առաջ՝ լրագրողներին ասել էր, որ այս գործը ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական է։
«Մեղադրանք առաջադրելն ինձ համար 308-ի 2-րդ մասով ոչ մի բան իմ կյանքում չի փոխել և չի էլ կարող փոխել։ Մենք բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ քննիչի հետ, և իրեն ասացի, որ ես որպես պրոֆեսիոնալ իրեն գնահատում եմ, բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական պրոցեսների մեջ, այլ քաղաքական պրոցեսների մեջ է ներգրավված։ Եվ այս առումով, մենք բաժանվեցինք, ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց», - ասել էր Հրայր Թովմասյանը։
2018-ին Բարձր դատարանի նախագահ ընտրված Թովմասյանը մեղադրանքը քաղաքական որակելու պատճառ էր համարել Սահմանադրական դատարանի կազմը փոխելու՝ իշխանության սկսած գործընթացը։ Իշխանության նախաձեռնած գործընթացի արդյունքում 2020-ին Թովմասյանը վաղաժամ զրկվեց Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, բայց շարունակեց պաշտոնավարել որպես դատավոր, ևս երեքն ազատվեցին աշխատանքից։
Դատավորի անձեռնմխելիությունը այս քրեական գործում դեր չունի, բազմիցս հայտարարել է Դատախազությունը՝ հերքելով Թովմասյանի պնդումներն այդ մասին։ Դատախազ Մարգարյանը շարունակում է պնդել՝ մեղադրանքն առնչվում է դատավորի պաշտոնը ստանձնելուն նախորդող ժամանակաշրջանին, երբ Թովմասյանն արդարադատության նախարար էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել Հրայր Թովմասյանի համար«Ես համոզմունք ունեմ, որ համենայն դեպս մեղադրանքի կողմը դատաքննության արդյունքներով անկողմնակալ դիտորդների մոտ էն տպավորությունն է ձևավորել՝ ապացույցների, հետազոտված ապացույցների հիման վրա, որ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշը կա, որ Հրայր Թովմասյանը կատարել է իրեն մեղսագրված երկու դրվագ հանցանքները», - հայտարարեց Արսեն Մարգարյանը:
Ըստ քրեական գործի՝ մի դեպքում Թովմասյանը իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ խոչընդոտել է նոտարներին գնելու համայնքին պատկանող Երևանի Բաղրամյան 1 հասցեում գտնվող հայտնի նոտարների շենքի տարածքները և ի վերջո ինքն է այն ձեռք բերել, իսկ Ալեք Մանուկյան հասցեի տարածքներն էլ նոտարներին պարտադրել են վարձակալել իրենց սահմանած գներով։ Ընդհանուր առմամբ, պատճառվել է 22 միլիոն դրամի վնաս։ Թովմասյանի գույքն այս գումարի չափով արգելանքի տակ է։