Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց


Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց արդարադատության նախարար եղած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Հրայր Թովմասյանի դատավարությունը։ Մինչ դատական նիստը սկսելը, Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, ներկայումս դատավոր Հրայր Թովմասյանն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ աշխատանքի է գնում։

ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվեցին հունիսի 26-ին ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխություններով, դրանք վերաբերում էին նաև 12 տարուց ավելի պաշտոնավարած երեք դատավորների, որոնք լքեցին դատարանը։ Հենց փոփոխությունները ուժի մեջ մտան, Թովմասյանը արձակուրդ մեկնեց։

Այսօրվա դատական նիստին նրա փաստաբանները խնդրեցին հետաձգել նիստը՝ պատճառաբանելով, որ պատրաստվում են բացարկ հայտնել դատախազներին, քանի որ այս գործն, իրենց բնորոշմամբ, ապօրինի է։ Միևնույն ժամանակ, փաստաբան Միհրան Պողոսյանը նիստից հետո ասաց՝ հենց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պետք է գա դատարան և պատասխանի որոշ հարցերի։

«Ցանկանում ենք, որպեսզի գլխավոր դատախազը ներկա լինի այս պրոցեսին և պատասխանի, թե այս քրեական գործի ընթացքում որ գործողությունը ինչ նկատառումից ելնելով է իրականացվել: Մենք Հայաստանի պատմության մեջ չունենք նման բնույթի, այսինքն հստակ պահանջ, թե որ գործերով, այլ դեպքերում գլխավոր դատախազը կարող է դատախազական հսկողություն, մեղադրանքի պաշտպանություն իրականացնել, այսինքն իր նախընտրությամբ է անում, բացառությամբ հենց Սահմանադրական դատարանի դատավորի հետ կապված մեղադրանքի գործերով: Հիմա եթե այս քրեական գործով էլ գլխավոր դատախազը չի գալիս դատարան, ապա մեր մոտ հարց է առաջանում, թե ինչո՞վ է զբաղված գլխավոր դատախազն առհասարակ», - նշեց փաստաբանը:

Պողոսյանի պնդմամբ՝ հենց գլխավոր դատախազը պետք է ամիսներ առաջ անցկացված նախաքննության ժամանակ հսկողություն իրականացներ այս գործի նկատմամբ, քանի որ մեղադրյալներից Հրայր Թովմասյանը որպես ՍԴ նախագահ անձեռնմխելիությամբ էր օժտված, հետևաբար գլխավոր դատախազը պետք է դիմեր բարձր դատարան՝ համաձայնություն ստանալու քրեական հետապնդում սկսելու համար։

«Հաշվի առնելով, որ պարոն Թովմասյանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամ և նախագահ է ընտրվել 2005 թվականի գործող Սահմանադրության հիման վրա, վերջինս օժտված էր ամբողջական անձեռնմխելիության իրավունքով, գործընթացներ Գլխավոր դատախազության կողմից չեն իրականացվել՝ Սահմանադրությանն ինչ-որ մեկնաբանություն տալով», - ասաց Միհրան Պողոսյանը:

«Ազատության» հարցին, թե ներկայիս Սահմանադրությունում ի՞նչ է ասվում, փաստաբանը պատասխանեց. «Գործառութային անձեռնմխելիության հետ կապված է խնդիր առաջացնում, բայց ամեն դեպքում գլխավոր դատախազը նախորդ Սահմանադրության հետ կապված պետք է գործողություն իրականացներ»:

Փաստաբանները միևնույն ժամանակ ասում են՝ քանի որ գործն ապօրինի է, ապա առհասարակ որևէ դատախազ չի կարող պաշտպանել և հիմնավորել մեղադրանքը։ Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» պատասխանեցին, որ չնայած պաշտպանական պնդումներին, թե գործն ապօրինի է, մեղադրանքը հիմնավոր է և կան Թովմասյանի մեղադրանքը հաստատող բավարար ապացույցներ։

Միևնույն ժամանակ, դատախազությունը վերահաստատում է իր ավելի վաղ արված պնդումը, որ քրեական գործը վերաբերում է Թովմասյանի արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում երկու դրվագով առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը: Եվ որ քրեական այս գործը հարուցվել է անցած տարվա օգոստոսին՝ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության գործողության ժամանակ, հետևաբար քրեական հետապնդում իրականացնելիս կիրառվում են այժմ գործող օրենքները:

Այսինքն, 2015 թվականի Սահմանադրությունը, ի տարբերություն 2005 թվականի Սահմանադրության, Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանում է բացառապես գործառութային անձեռնմխելիություն: Սա նշանակում է, որ թեև Թովմասյանի Սահմանադրական դատարանի անդամ նշանակվելու պահին գործել է 2005 թվականի Սահմանադրությունը, սակայն քրեական գործ հարուցվել է 2019 թվականի օգոստոսին, այսինքն՝ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության՝ Սահմանադրական դատարանի դատավորի գործառութային անձեռնմխելիություն սահմանող իրավադրույթն ուժի մեջ մտնելուց հետո: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Հրայր Թովմասյանին դատավորի գործունեությունից չբխող արարքի համար պատասխանատվության կանչելիս անձեռնմխելիություն չի կիրառվում:

Ըստ դատախազության՝ Թովմասյանը «իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող» անձի հետ միասին օգտվել է առիթից, որ նոտարները նախարարից կախյալ վիճակում են և 2013 թվականին երկու նոտարի հետ ձեռք է բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ պայմանավորվածություն։ Ըստ քրեական գործի, մայրաքաղաքի Բաղրամյան 1 հասցեում գտնվող նոտարական տարածքները տևական ժամանակ օգտագործող նոտարները չեն կարողացել դրանք անհատույց օգտագործելու իրավունք ձեռք բերել, Թովմասյանը նրանց աշխատանքից ազատելու սպառնալիքով այնպես է արել, որ այդ տարածքները ձեռք բերի ինքը և վարձակալության հանձնի նոտարներին։

Ըստ իրավապահների, նա որպես վարձակալության գումար ստացել է ավելի քան 11 միլիոն դրամ, բացի այդ Հրայր Թովմասյանին փաստացի պատկանող տարածքների նորոգման համար Նոտարական պալատի բյուջեից ծախսվել է ավելի քան 2 միլիոն դրամ։

Այս գործով որպես Թովմասյանի հանցակից ներգրավված է նրա սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որն այդ ժամանակ Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետն էր։ Փանոսյանը ևս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Մեղադրանքը չի ընդունում։

XS
SM
MD
LG