Նուբարաշենի աղբավայրը թանձր ծխով է պատված։ Երևանի կենտրոնից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հայաստանի ամենամեծ աղբանոցը երկրորդ օրն է՝ այրվում է:
Ավելի քան 52 հեկտար՝ ֆուտբոլի 72 դաշտի չափ տարածք զբաղեցնող աղբավայրի 3 հեկտարում է բռնկվել հրդեհը։ Պատճառն, ըստ քաղաքապետարանի, մեթան գազն է, որ կուտակվում է տապին, մեծ քանակությամբ աղբից։ Քաղաքային իշխանությունները պնդում են, թե կրակն ուժեղ քամիներն են տարածում։
«Երեք տեղամասով բռնկված հրդեհից մի մասում ամբողջությամբ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացվել են, հիմա երկու տեղամասի վրա են աշխատում, զուգահեռ իրականացվում են հողային աշխատանքներ քաղաքապետարանի կողմից հատկացված տեխնիկայով ու այդ պարբերականությունը, հողային աշխատանքների անընդհատությունը մշտապես ապահովել է քաղաքապետարանը», - ասաց «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանը:
Քամին աղբավայրի ծուխը տարածքին մոտ համայնքներ է հասցնում։ Նուբարաշեն վարչական շրջանում առաջինն են զգում հրդեհի հետևանքները։ Մարդիկ լսել են աղբավայրն ինքնին, իսկ հրդեհի ծուխն առավել ևս՝ տարբեր հիվանդությունների ռիսկն է ավելացնում։
Ըստ մասնագետների՝ աղբի ինքնայրումից մթնոլորտ են արտանետվում տարբեր տիպի թունավոր, այդ թվում՝ քաղցկեղածին նյութեր, որոնք շնչառական, սրտանոթային ու քաղցկեղային հիվանդությունների առաջացման հնարավոր պատճառներից են։ Առողջապահության նախարարությունից էլ են հնարավոր վտանգներից խոսում։
«Ռիսկեր է պարունակում մարդկանց շրջանում հիվանդությունների առաջացման, կա ռիսկերի բարձրացման: Այդ հիվանդությունների ցանկում են՝ սրտանոթային հիվանդությունները, սրտի իշեմիկ հիվանդությունները, ինսուլտները, սուր և խրոնիկ շնչառական հիվանդությունները, թոքի քաղցկեղը: Չնայած ամեն ինչին՝ ասեմ նաև, որ այդ ազդեցությունը մթնոլորտային օդի կեղտոտվածության, կախված է մի շարք այլ գործոններից՝ ինչ քանակությամբ է ազդում, ինչ ժամանակահատվածում է ազդում, այդ բոլոր գործոնները պետք է հաշվի առնվեն», - նշեց ՀՎԿԱԿ շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Հովսեփ Հովհաննիսյանը:
Պարզվում է՝ Շրջակա միջավայրի նախարարությունն անգամ չի դիտարկում աղբավայրից արտանետվող թունավոր նյութերի քանակը։ Պատասխանատու գերատեսչությունն անցած տարվա հրդեհների ժամանակ միայն սահմանափակվել էր կարճ հաղորդագրությամբ, թե աղբավայրում հրդեհի հետևանքով մթնոլորտ կարող են արտանետվել վնասակար նյութեր, չեն պարզաբանում՝ ինչ է նշանակում դա ու ինչ պետք է անեն մարդիկ այս իրավիճակում։ Նուբարաշենում առայժմ ամեն մարդ ծխից պաշտպանվելու իր տարբերակն է գտնում։
Աղբավայրից ամենից շատը տուժած Նուբարաշենում ամեն տարի հրդեհների ժամանակ քաղաքային ներկա ու նախկին իշխանություններին են հիշում, որ նախընտրական քարոզարշավների ժամանակ իրենց մեծ-մեծ խոստումներ են տվել՝ աղբավայրը փակելու, նոր՝ ժամանակակիցը կառուցելու մասին։
Գործող քաղաքապետը՝ Տիգրան Ավինյանի թիմն էլ էր խոստացել, կոնսերվացնել աղբավայրը, դրա փոխարեն 2024-ին սկսել ժամանակակից ստանդարտներով աղբավայրի կառուցումը։ Վերջին ասուլիս ընթացքում քաղաքապետը հայտարարեց, թե այդ ծրագիրը չեղարկվել է։
«Արդյոք Նուբարաշենի, Էրեբունի աղբավայրի ծրագիրը կիրականացվի, այո, կիրականացվի վստահաբար», - հայտարարել էր Ավինյանը:
Բայց թե ե՞րբ կկառուցվի նոր աղբավայրը ու կփակվի հինը, քաղաքային իշխանությունները հիմա արդեն խուսափում են հստակ ժամկետներ նշելուց։