Հիմա այլևս շանտաժի հիմքեր չունեն. Վրաստանի վարչապետը՝ Իվանիշվիլիի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ում լեգիտիմությունը չեն ճանաչում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմությունը, հայտարարել է, որ «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին արդեն դե ֆակտո պատժամիջոցների տակ էր, և այն փաստը, որ այդ միջոցն ընդունվել է, «կարևոր չէ»։

Միացյալ Նահանգները երեկ պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի նախկին վարչապետ և իշխող կուսակցության հիմնադիր ու պատվավոր նախագահ Իվանիշվիլիի նկատմամբ՝ հիմնավորելով, որ նա խաթարում է Վրաստանի ժողովրդավարական ապագան ի շահ Ռուսաստանի:

«Բիձինա Իվանիշվիլին արդեն դե ֆակտո պատժամիջոցների տակ էր և գրեթե երեք տարի ենթարկվում էր շանտաժի։ Հիմա այլևս շանտաժի հիմքեր չունեն։ Փաստորեն, ոչինչ չի փոխվել, այնուամենայնիվ, դե ֆակտո պատժամիջոցները գործում էին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կոբախիձեն։

Նա հավելել է, որ վերջերս խոսել է նաև Բիձինա Իվանիշվիլիի հետ, «նրա դիրքորոշումը նույնն է»:

Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանքի» գործողությունները՝ Իվանիշվիլիի ղեկավարությամբ, ավելի վաղ ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ «Ներառյալ նրա շարունակական և բռնի ճնշումները Վրաստանի քաղաքացիների, ցուցարարների, լրատվամիջոցների, իրավապաշտպանների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ», - նշել է Էնթոնի Բլինքենը:

Բլինքենը հայտարարության մեջ ավելացրել է, որ Իվանիշվիլին և «Վրացական երազանքը» «քայքայել են ժողովրդավարական ինստիտուտները, ոտնահարել են մարդու իրավունքներն ու սահմանափակել հիմնարար ազատությունները Վրաստանում»:

Նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն այն մասին, որ Թբիլիսին սառեցնում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը, թեժացրեց խորհրդարանական վիճահարույց ընտրություններից հետո Վրաստանում սկսված փողոցային պայքարը, բողոքի ցույցերն արդեն երկրորդ ամիսն է՝ շարունակվում են։