Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին՝ մեկնաբանելով երկրում չորրորդ շաբաթը շարունակվող հակակառավարական բողոքի ցույցերը, պնդել է, որ «գործ ունեն հանցավոր խմբի հետ, որը միայն մահակի լեզուն է հասկանում»։
«Եկեք ինքներս մեզ չխաբենք։ Մենք գործ ունենք մարդկանց, բանդայի հետ, որը հասկանում է միայն մեկ լեզու։ Այդ հանցավոր խումբը հասկանում է միայն մահակի լեզու։ Մենք չպետք է իրենց հանգստացնենք, ընդհակառակը՝ նրանք պետք է վախենան, մինչև չնահանջեն։ Մենք չպետք է նրանց կոչ անենք՝ «եկեք խոսենք», նրանք իրենք պետք է երկխոսության մասին աղաչեն։ Այսօր սա միակ ելքն է» ,- ասել է Սաակաշվիլին՝ իր գործով դատավորության ընթացքում։
Սաակաշվիլին պարզաբանել է՝ մահակ ասելով նկատի ունի «ավելի շատ ճնշում, գործադուլ, վրաց ժողովրդին կեղեքող բիզնեսների բոյկոտ»։
Երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը կասեցնում է Եվրամիության հետ բանակցությունները, Վրաստանում բողոքի ակցիաներ սկսվեցին: Ակցիաներն ուղեկցվում էին ուժայինների հետ բախումներով, ոստիկանները հատուկ միջոցներ էին կիրառում ցուցարարների նկատմամբ։