ՀՀ պաշտպանության նախարարն ու Պենտագոնի ղեկավարը հանդիպել են Վաշինգտոնում

Լլոյդ Օսթինը Պենտագոնում դիմավորում է Սուրեն Պապիկյանին, 5-ը դեկտեմբերի, 2024թ․

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 5-ին Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։

Պապիկյանն Օսթինին է ներկայացրել ՀՀ զինված ուժերում բարեփոխումների ընթացքը, նշել համագործակցության առաջնային ուղղությունները՝ ռազմական կրթություն, մարտական պատրաստություն, միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում վարժանքներ, արհեստավարժ սերժանտական և հրահանգչական ինստիտուտների զարգացում, ՀՀ զինված ուժերի ուսումնավարժական կարողությունների ստեղծում և այլն:

Պապիկյանը Ֆեյսբուքում գրել է, որ Օսթինն իր այցը պատմական է որակել։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի՝ Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև համագործակցությունը շարունակում է ընդլայնվել:

Օսթինն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին աջակցությունը շարունակելու հարցում։ Քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր:

«Հաստատել եմ տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու Հայաստանի ձգտումը։ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն իր հերթին հայտնել է ԱՄՆ աջակցությունն այդ նպատակին», - Ֆեյսբուքում գրել է Պապիկյանը:

Պապիկյանը դեկտեմբերի 3-ին է մեկնել ԱՄՆ։ Նա Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է նաև զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության փոխնախագահ Բրյուս Լաֆլամին և ընկերության զինվորական ու միջազգային ծրագրերի ղեկավարներ Սքոթ Գրուպպին և Թոմմի Յանգին: Քննարկվել են ՀՀ ԶՈւ նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցության հարցեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը և ԱՄՆ-ը վերահաստատում են բոլոր ուղղություններով հարաբերություններն ամրապնդելու հանձնառությունը