Ոստիկանությունը պետք է այնպես գործի, որ ցուցարարներին նվազագույն վնաս հասցնի. ԵԽԽՎ
Բռունցքներով, ոտքերով, մահակներով հարվածներ, քաշքշոց բերման ենթարկելու ժամանակ. այս տեսարաններն են արձանագրել եվրոպացի պատգամավորներն ու եզրակացրել՝ Հայաստանի ոստիկանության վերաբերմունքը հավաքների անցկացման նկատմամբ մտահոգիչ է։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է՝ եվրոպացիները գրել են այն, ինչի մասին իրենք են բարձրաձայնում։
«Թեկուզ մեկ քաղաքացու իրավունքը խախտվեց, թեկուզ մեկ խոշտանգման կամ բռնության դեպք եղավ, դա արդեն իսկ ինձ համար հիմք է պնդելու, որ համակարգում կա բարեփոխումներ կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։
Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ Հեղինակներն ընդգծում են՝ հավակնոտ բարեփոխումների մասին հայտարարած հայաստանյան ոստիկանությունը եթե նույնիսկ ուժ է կիրառում, պետք է այնպես գործի, որ ցուցարարներին նվազագույն վնաս հասցնի։
Ոստիկանությունը պետք է փոխի իր գործելաոճը. Սաքունց
Փաստաթղթում հիշատակվել են անցած աշնանը Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանմանը զուգահեռ Երևանում սկսված հակակառավարական ցույցերը։
«Նշում են, որ այո, պետք է ոստիկանները ունենան հատուկ պատրաստվածություն, այսինքն՝ նրանց պետք է սովորեցնեն, որ հավաքների ժամանակ կարողանան իրենց դրսևորել այն իմաստով, որ կարողանան հավաքի խաղաղ ընթացքը խանգարողներին մեկուսացնելու, առանձնացնելու, խաղաղ հավաքի ընթացքը երաշխավորելու ուղղությամբ համապատասխան կարողություններ ունենալ», - նկատեց Արթուր Սաքունցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում սկսված հանրահավաքի 5 մասնակից է ձերբակալվել, 3-ի մոտ իրավապահները հայտնաբերել են սառը զենքեր
Նա պնդում է՝ ոստիկանությունը պետք է փոխի իր գործելաոճը, հակառակ դեպքում անցած մեկուկես ամսվա նրա վարքագիծը ևս տեղ կգտնի ԵԽԽՎ-ի մյուս տարվա զեկույցում։ Իրավապաշտպանն ընդգծում է՝ Հայաստանի իշխանությունները պարտավոր են հաշվի նստել այս բանաձևի հետ։
«Խնդիրն այն է, թե խախտումների նկատմամբ ինչպիսին է վերաբերմունքը, մենք գտնում ենք, որ թեկուզ անցած տարի, ըստ ներքին գործերի նախարարի, որ 21 ոստիկանության աշխատակից է հեռացվել, բայց ի՞նչ գործողությունների համար են հեռացվել, այսինքն՝ խոսքը վերաբերում է նաև խախտում կատարած ոստիկանների գործողությունների նկարագրությանը և պատասխանատվության համաչափությանը», - շեշտեց նա։
Արթուր Սաքունցը նկատի ունի զեկույցի հեղինակների հանդիպումը ներքին գործերի նախարարի հետ։ Վահե Ղազարյանը անցած նոյեմբերին եվրոպացիներին վստահեցրել էր, որ 2023 թվականին 27 քրեական գործ է հարուցվել, ինչի արդյունքում ոստիկանության 21 ծառայողի լիազորություն դադարեցվել է, ընդգծել՝ աշխատում են հավաքների ժամանակ ոստիկանների գործառույթները հստակեցնելու ուղղությամբ։
Հանրահավաքից հանրահավաք ոստիկանական գործողություններն ավելի դաժան են դառնում. Բաբայան
Սրանից 8 ամիս անց, սակայն, վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմության հավաքների ժամանակ ոստիկաններն էլ ավելի բիրտ գտնվեցին, նկատում է փաստաբան Արսեն Բաբայանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 98 տուժած, մոտ 100 բերման ենթարկված ԱԺ-ի մոտից՝ հատուկ միջոցների կիրառումից հետո«Մենք տեսնում ենք՝ ինչպես են բազմաթիվ ոստիկաններ քաղաքացիներից մեկին մարդկանց մեջից բերում, ոստիկանական պատն անցկացնում, նրան գցում են ոստիկանության շղթայի մեջ և սկսում են տասը հոգով ծեծել։ Այս ամբողջ վայրենի արարքները ոստիկանության կողմից իրականացվող հենց այս օրերին դատարանում Աջափնյակի նստավայրում մենք տեսնում ենք, ինչը, որ հունիսի 12-ին շատ ավելի, մի քանի անգամ ավելի դաժան իրականացվեց», - «Ազատության»-ն ասաց նա։
Ընդդիմադիրների շահերը ներկայացնող փաստաբանը հույս ունի, որ միջազգային կառույցի զեկույցը կսթափեցնի իշխանություններին։ Հակառակ դեպքում, ըստ նրա, հանրահավաքից հանրահավաք ոստիկանական գործողություններն ավելի դաժան են դառնում։ Փաստաբանն ուշադրություն է հրավիրում եվրոպացի պատգամավորների դիտարկմանը, թե 2008-ի մարտիմեկյան հավաքներից հետո այժմ իրավիճակը մեղմ է։
«Եթե նախորդ տարի սեպտեմբերին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունը Մարտի 1-ին զիջում էին, հունիսի 12-ն ապա մի քանի անգամ գերազանցեց նախորդ այդ դեպքին. 30 նռնակ էր կիրառվել, թեև եթե էսպես շարունակվի, և եթե իրավապաշտպանների այս կամ մեր հորդորները և նաև միջազգային գործընկերների հորդորները հաշվի չառնեն, հաջորդները լինելու են շատ ավելի դաժան, շատ ավելի ծանր», - ընդգծեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զանգվածային անկարգությունների մեջ կասկածվող 28 անձանց մեղադրանք չի առաջադրվել, նրանք ազատ կարձակվենԲաբայանը պատմեց, որ այժմ դատարանը քննում է անցած աշնան հավաքների 11 մասնակիցների գործը։ Հասել են տեսագրությունների քննությանը։ Նրա գնահատմամբ՝ կադրերում ակնհայտ անհամաչափ ուժ կիրառելու դեպքեր կան, բայց իրավապահները որևէ ոստիկանի պատասխանատվության չեն կանչել։
Քննչական կոմիտեից հաստատեցին՝ աշնանային ցույցերի ժամանակ ոստիկանները գործողությունները քննող գործ չկա։ Անցած մեկուկես ամսվա հավաքների դեպքում էլ եթե նույնիսկ ոստիկանների գործողությունները քննվում են, մեղադրյալ ոստիկաններ մինչև այս պահը չկան։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, նրանց թվում՝ վարչապետը պնդել են, թե ոստիկանությունը գործել է համաչափ նաև հունիսի 12-ին, երբ հատուկ միջոցներից 100 մարդ վիրավորվեց։