Մատչելիության հղումներ

Երևանում սկսված հանրահավաքի 5 մասնակից է ձերբակալվել, 3-ի մոտ իրավապահները հայտնաբերել են սառը զենքեր


Արցախի վրա ադրբեջանական հարձակումից հետո ընդդեմ իշխանության Երևանում սկսված հանրահավաքի 5 մասնակից է ձերբակալվել, իրավապահները պնդում են, որ նրանցից 3-ի մոտ իրավապահները սառը զենքեր՝ դանակներ են հայտնաբերել։ Քննչական կոմիտեն անունները չի հրապարակում։

Խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց, որ միջոցներ են ձեռնարկվում նաև զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց ձերբակալելու համար։ Արդյո՞ք նրանց շարքում է երեկ Հանրապետության հրապարակի հարթակից հիմնականում ելույթ ունեցող և իշխանափոխության կոչեր հնչեցնող ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, իրավապահները դեռ չեն բացահայտում:

«Կազմակերպիչների գործողությունները ևս ֆիքսելու ու նաև դրանց իրավական գնահատական տալու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկված: Էդ համատեքստում բոլոր անձանց, իհարկե, անդրադարձ կկատարվի՝ համապատասխան գնահատականներով», - ասաց Աբրահամյանը:

Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց երեկվա հանրահավաքն աստիճանաբար թեժացավ, ցուցարարները փորձեցին մտնել կառավարության շենք, նրանց շարքերից ոմանք տարբեր իրեր, այդ թվում՝ քարեր էին նետում ոստիկանների ուղղությամբ։ Սրանից հետո ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց։

Քննչականը հաղորդում է, որ արդեն զննվել է դեպքի վայրը, առգրավվել են 50-ից ավելի քարեր, շշեր, երկաթի կտորներ։

«Այս քրեական վարույթի շրջանակներում կատարվել են լայնածավալ քննչական վարութային գործողություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, ի հայտ են բերվել, ուսումնասիրվել են մեծ թվով տեսագրություններ, դրանց արդյունքում անհատականացվել են կոնկրետ անձանց գործողությունները կապված զանգվածային անկարգությունների հետ», - ընդգծեց ՔԿ խոսնակը:

Իրավապահները քննում են նաև վնասվածք ստացած ոստիկանների ու քաղաքացիների դրվագը։ Տուժած 42 անձանցից 16-ը ոստիկաններ են։ Լուսաձայնային նռնակներից, թե՞ հանրահավաքի մասնակիցների նետած իրերից են տուժել նրանք՝ Առողջապահության նախարարությունը չի մանրամասնում։ Լրատվական ծառայությունից փոխանցեցին, թե վնասվածքի պատճառը չեն տարբերակում, զբաղված են բուժմամբ։

Քննչական կոմիտեի խոսնակն էլ ասում է՝ քննության ընթացքում կպարզվեն վնասվածքների ծագման աղբյուրն ու ըստ դրա էլ կորոշվի՝ քննել ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հարցը, թե՝ ոչ։

«Անսպասելի էր շատ, ականջներս խլացան, աչքերիս առջև լուսավորվեց». տուժած լրագրող

Լուսաձայնային նռնակներից տուժած առնվազն մեկ քաղաքացու վնասվածք արձանագրել էր «Ազատության» տեսախցիկը, երկրորդի՝ իր լրագրողի մասին էլ ահազանգել էր «Հետքը»։

«Հետք» մեդիա-գործարանի լրագրող Անուշ Մկրտչյանը երեկ հանրահավաքի վայրում էր, երբ ոստիկանությունը հատուկ միջոց կիրառեց։ Վնասվել է աջ ձեռքը, որով տեսագրում էր հավաքը, և որովայնի հատվածը։ «Անսպասելի էր շատ, ականջներս խլացան, աչքերիս առջև լուսավորվեց», - պատմում է երիտասարդ լրագրողը։

«Ականջներս փակ ուղղակի տարածքից գնացի, երբ որ ականջներս բացեցի, հասկացա, որ լսում եմ նորմալ ամեն ինչ, որ զգացի, որ կողային հատվածում ցավ ունեմ ու տեսա, որ սև բեկոր է էդ կողս մտել: Էդ ժամանակ էդտեղի մարդկանցից մեկը մոտեցավ արագ էդ հանեց կողիցս. էլի չէի մտածում, որ ինչ-որ վնասվածք է, մտածում էի՝ զուտ ծակել է, հետո տեսա, որ կողքս վնասվել է», - ներկայացրեց Մկրտչյանը:

Թեև կարողացել էր արագ հեռանալ տարածքից, բայց առանց բժշկական միջամտության հնարավոր չէր։ Մոտակա բժշկական կենտրոնը փակ էր, շտապօգնություն է կանչել. - «Շտապօգնությունն արագ եկավ, վերքս մշակեցին, վիրակապեցին»:

Երեկ բողոքի ակցիա լուսաբանելու Անուշի առաջին փորձն էր, մի քիչ վախեցել է, բայց դա էական չէ։

Լրագրողը ոստիկանությունից դեռ զանգ չի ստացել տուժող ճանաչվելու ու հետագա այլ գործողությունների համար։

Երեկվանից իրավապահները քննում են նաև համացանցային գրառումներն ու կոչերը՝ դրանք որակելով սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչեր։ Մեկ օգտատեր արդեն ձերբակալվել է, ևս երեք քաղաքացիների՝ Անի Կարապետյանի, Վահան Լորեցյանի և Սերոբ Նալթակյանի վերաբերյալ կա ձերբակալման որոշում։ Նրանք, ըստ իրավապահների, Ֆեյսբուքում կոչ են արել հավաքվել Հանրապետության հրապարակում ու ազատվել իշխանությունից։ Նրանք անցնում են սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչ հնչեցնելու, բռնություններն արդարացնելու դրվագներով։

Երեկվա իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ անդրադարձել էր հեղաշրջման կոչերին, թե չպետք է հնարավորություն տալ, որ որոշ ուժեր՝ արտաքին, նաև ներքին, Հայաստանի պետականությունը դնեն հարվածի տակ: Բայց թե ում նկատի ուներ՝ որ արտաքին ու ներքին ուժերին, ովքեր են հեղաշրջման կոչ հնչեցրել, չէր հստակեցրել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG