Սպասվում է Հայաստանի և Թուրքիայի միջգերատեսչական հանդիպում. օրակարգը հայտնի է

Հայաստանի ու Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները շուտով կհանդիպեն՝ գնահատելու Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման պայմանները, «Ազատությանը» հայտնեց հայ-թուրքական կարգավորման հարցով Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Ըստ նրա, սակայն, դեռ հանդիպման օր չի նշանակվել։

«Ինչպես նախկինում արել ենք, օրինակ, Մարգարայի կամրջի վերաբերյալ համատեղ հետազոտություն, շուտով նման հետազոտության համար հանդիպում կլինի միջգերատեսչական Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների, որպեսզի այս պայմանավորվածությունը իրագործենք, նկատի ունեմ՝ գնահատելու համար պայմանները, որոնք անհրաժեշտ են Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման համար», - ասաց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Թուրքիան «պայմանավորվել են գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով անցման տեխնիկական պահանջները»

10 օր առաջ Ստամբուլում Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսի շրջանակներում հանդիպել էին Հայաստանի տարածքային կառավարման և Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարները։ Արդյոք երեք տասնամյակ չգործող երկաթուղու հարցն էին քննարկել՝ կողմերը չէին հաղորդել։

Իսկ ահա Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները վերջին անգամ հանդիպել են հուլիսին՝ վերանորոգված Մարգարայի անցակետում: Հենց այդ հանդիպմանն էլ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը պայմանավորվել էին համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները:

Հայաստանի բանագնացն այսօր մանրամասնեց՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ խորհրդարանում այս պայմանավորվածությունը նկատի ուներ, երբ ասում էր, որ կողմերը վստահության ամրապնդման որոշակի միջոցառումներ են իրականացնելու։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից


Ու թեև ավելի քան երկու տարի առաջ ձեռք բերված մեկ այլ պայմանավորվածություն՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը, դեռ կյանքի չի կոչվել, երեկ արտգործնախարար Միրզոյանը լավատեսությունից և նոր ձեռքբերումներից էր խոսում. - «Ես զգուշավոր լավատեսություն կհայտնեմ, թերևս այս անգամ մի փոքր ավելի պակաս զգուշավոր և մի փոքր ավելի շատ հաստատ լավատեսություն: Մեր խոսակցությունը բավականին դրական տեմպերով է զարգանում, բովանդակություն ունի, և հույսս այն է, որ շատ մոտ ապագայում մենք կտեսնենք նոր, հետո էլի նոր շոշափելի ձեռքբերումներ»։

Նախարարի Միրզոյանի լավատեսությունը ինչո՞վ է պայմանավորված. Ռուբեն Ռուբինյանը, որ անցած ամիս հայտարարել էր՝ Երևանը հարաբերությունների կարգավորման հարցում Անկարայից քաղաքական կամք է ակնկալում, այսօր ընդհանուր խոսեց: Ասաց՝ քննարկումները նպաստում են, որ կողմերը միմյանց դիրքորոշումները ավելի լավ ընկալեն։ Իսկ եթե քաղաքական կամք չկա, ձեռք բերած պայմանավորվածություններն էլ կյանքի չեն կոչվել, այդ դեպքում ի՞նչ ակնկալիքներ կան նոր ծրագրերից։

«Մենք ակնկալիքներ ունենք, որ մեր բոլոր ձեռք բերած պայմանավորվածությունները կիրագործվեն, և ընդհանուր առմամբ մենք ակնկալիք ունենք, որ կարգավորման գործընթացը կավարտվի դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ։ Մենք պատրաստ ենք դա անել հենց վաղը», - պատասխանեց Ռուբինյանը։

Ռուբինյան. Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորումները տարբեր գործընթացներ են

Տասնամյակներ շարունակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Երևանն ու Անկարան հաշտության փորձ նախաձեռնեցին 44-օրյա պատերազմից հետո: Երկու երկրները հատուկ բանագնացներ նշանակեցին և պայմանավորվեցին կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների, բայց թուրք պաշտոնյաներն այս ընթացքում չեն թաքցրել՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացները պետք է զուգահեռաբար ընթանան: Ռուբեն Ռուբինյանն այսօր չհամաձայնեց, որ այս երկու գործընթացներն ուղիղ կապ ունեն իրար հետ։

«Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը երկու տարբեր գործընթացներ են, արդյոք կարող են դրանք փոխազդել միմյանց վրա, կարող են, օրինակ, ես կարծում եմ, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը մեծապես կնպաստի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին», - նշեց իշխանական պատգամավորը։

«Ազատության» հարցին, թե տեսնո՞ւմ է հնարավորություն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ավելի շուտ դրական հանգրվանի կհասնի, քան հայ-ադրբեջանականը, Ռուբինյանն արձագանքեց. - «Իհարկե, տեսնում եմ։ Ես չեմ ասում, որ այդպես կլինի, նույնիսկ չեմ ասում, որ լավատես եմ կամ լավատես չեմ»։

Քաղաքագետ. «Վերջին պահին միշտ դրանք սաբոտաժի են ենթարկվել ադրբեջանական նախապայմանների պատճառով»

Քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի գնահատմամբ՝ եթե չի եղել դիվանագիտական այնպիսի մի ձեռքբերում, որից դեռ հանրությունը տեղյակ չէ, ապա նման սցենարը քիչ հավանական է:

«Ավանդաբար բոլոր այն դեպքերում կամ գրեթե բոլոր այն դեպքերում, երբ հայ-թուրքական բանակցությունները հասել են ինչ-որ տրամաբանական վերջնակետի, որը կարող էր առաջընթաց համարվել, վերջին պահին միշտ դրանք սաբոտաժի են ենթարկվել ադրբեջանական նախապայմանների պատճառով՝ Ադրբեջանի կողմից թուրքական արտաքին քաղաքականության մեջ ներթափանցելու և հայ-թուրքական կարգավորումը կանխելու պատճառով», - «Ազատությանն» ասաց նա։

Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպում դեռ նախատեսված չէ: