Մատչելիության հղումներ

Փաշինյանը BRICS-ի գագաթնաժողովին նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կներկայացնի


Նիկոլ Փաշինյանը Կազանում՝ BRICS-ի գագաթնաժողովին նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կներկայացնի, այդ մասին այսօր հայտարարեց ինքը վարչապետը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը բալանսավորված արտաքին քաղաքականություն է որդեգրել և մասնակցում է շատ տարբեր հանդիպումների, այդ թվում և BRICS-ի գագաթնաժողովին և դա օգնում է «ավելի ճշգրիտ կողմնորոշվել ժամանակակից չափազանց բարդ աշխարհում»:

Հայաստանն այս կառույցում ոչ մի կարգավիճակ չունի։

«Կարևոր հնարավորություն է մեզ համար, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելու համար, որովհետև ակնհայտ է, որ միջազգային հանրության շրջանում «Խաղաղության խաչմերուկի» նկատմամբ հետաքրքրությունն աճում է կայուն ձևով: Նման հարթակներն, իհարկե, կարևոր են մեր ասելիքն ասելու համար: Իհարկե, ամենակարևոր շարժառիթը սա է, բայց ոչ պակաս կարևոր շարժառիթ է, որ հրավեր եմ ստացել Ռուսաստանի Դանշնության նախագահից անձամբ ու ընդունել եմ այդ հրավերն ու կարծում եմ՝ այնտեղ գտնվելը կարևոր է Հայաստանի Հանրապետության համար», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Այսօր երեկոյան, թե վաղը առավոտյան Փաշինյանը կմեկնի Կազան, կառավարությունից դեռ չեն ասում: Մինչ այդ արդեն իսկ Կազան են ժամանել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, ովքեր ցանկություն են հայտնել BRICS-ի անդամ դառնալ: Արդյոք Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն կամ շփումներ կունենան գագաթնաժողովի շրջանակներում, հայտնի չէ, խորհրդարանի խոսնակը երեկ չէր բացառել այդ հնարավորությունը:

Կազանում երեկ մեկնարկած եռօրյա գագաթնաժողովի երկրորդ օրն է, տարբեր երկրների ղեկավարներ շարունակում են ժամանել Թաթարստանի մայրաքաղաք, այսօր երեկոյան հանդիսավոր ընդունելություն է սպասվում, իսկ մինչ այդ տեղի են ունեցել նիստեր նեղ և լայն կազմերով և ընդունվել է եզրափակիչ հռչակագիրը:

Քննարկումների ընթացքում ամենաշատը հնչող միտքը բազմաբևեռ աշխարհի մասին էր:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ մտադիր են ավելի արդար խաղի կանոններ ստեղծել համաշխարհային տնտեսության մեջ և ներդրումային նոր հարթակ, որը կաջակցի BRICS-ի տնտեսություններին:

Այս տարվանից BRICS-ը ներառում է ոչ թե 5, այլ արդեն 9 երկիր, Բրազիլիային, Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին և Հարավային Աֆրիկային միացել են նաև՝ Իրանը, Եգիպտոսը, Արաբական միացյալ էմիրությունները և Եթովպիան:

Պուտինը BRICS-ի հետագա ընդլայնումից է խոսել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր BRICS-ի հետագա ընդլայնումից է խոսել՝ նշելով, որ ավելի քան 30 երկիր արդեն ցանկություն են հայտնել միանալ, սակայն ըստ Պուտինի պետք է հավասարակշռություն պահպանել և կանխել BRICS-ի արդյունավետության նվազումը։ Այդ նպատակով գործընկեր պետությունների համար չափանիշներ կմշակեն և այդ կարգավիճակը կտան չափանիշներին համապատասխանողներին:

Իսկ այս գագաթնաժողովի ընթացքում քննարկվելիք խոշոր թեմաները՝ ընդլայնումից բացի՝ տարածաշրջանային հակամարտություններն ու ֆինանսական հարցերն են, թե ինչպես զարգացնել BRICS-ի երկրների ֆինանսական փոխգործակցությունը:

Ռուսաստանի նախագահ Պուտինը նշել է՝ քանի որ BRICS-ի երկրները խոշորագույնն են հացահատիկի, ընդեղենի և բուսայուղերի արտադրության մեջ, ապա պետք է ստեղծեն հատիկեղենի իրենց այլընտրանքային բորսան և մասնակցեն արդար գնագոյացմանը՝ հաշվի առնելով այդ մթերքների հատուկ դերը պարենային անվտանգության հարցում:

Բրազիլիայի նախագահը չի ժամանել Կազան՝ առողջական պատճառներով, սակայն իր տեսաուղրերձում կոչ է արել BRICS-ին ստեղծել վճարման այլընտրանքային մեթոդներ: Դոլարով առևտրին այլընտրանք գտնելու մասին խոսել է նաև Պուտինը՝ մեղադրելով Արևմուտքին այդ արժույթը քաղաքական նպատակներով օգտագործելու համար:

«Մենք դոլարից չենք հրաժարվում, չենք պայքարում դոլարի դեմ, բայց եթե մեզ թույլ չեն տալիս նրա հետ աշխատել, ինչ անենք, ստիպված ենք այլընտրանք գտնել, ինչը և տեղի է ունենում», - ասել է ՌԴ նախագահը:

«Ռոյթերս»-ի հետ հարցազրույցում, սակայն, տնտեսագետ Ջիմ Օնիլը, ով 2001 թվականին BRIC տերմինի հեղինակն է, նշում է, որ Չինաստանն ու Հնդկաստանը բազմաթիվ պատմական տարաձայնություններ ունեն, որպեսզի դոլարի գերակայությանը մարտահրավեր նետեն: Ամեն դեպքում այդ օրը դեռ մոտ չէ, եզրակացրել է Օնիլը:

Պուտինը նիստերից հետո նաև երկկողմ հանդիպում է ունեցել BRICS-ին նոր միացած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և նշել է, որ իրենց քննարկումների առանցքում նաև միջազգային հրատապ թեմաներն են, այդ թվում Մերձավոր արևելքում իրադարձությունների զարգացումը, իրավիճակը Սիրիայում և Հարավային Կովկասում:

Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ Իրանի և Ռուսաստանի մոտեցումները շատ հարցերում նույնական են, որ երկու երկրներն էլ ձգտում են բազմաբևեռ արդար աշխարհակարգի ձևավորմանը:


XS
SM
MD
LG