ՀԱՊԿ-ի հարցով Հայաստան-Ռուսաստան ուղիղ երկու տարի շարունակվող լարվածությունը չի հանգուցալուծվում:
Մոսկվան այժմ էլ վրդովված է Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունից: Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ ասել էր, թե ռազմական դաշինքն ուղիղ սպառնում է Հայաստանի պետականությանը, ու որ Երևանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցությունը սառեցրել է նաև այդ պատճառով:
Վարչապետը չէր մանրամասնել, թե ինչ սպառնալիքներ նկատի ունի, բայց ամիսներ առաջ ասել էր, թե գիտի ՀԱՊԿ անդամ առնվազն 2 երկիր, որոնք մասնակցել են 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը: Երկրների անուններն ուղիղ չէր տվել, բայց այդ պնդումն արել էր Բելառուսի նախագահի հայտարարությանն ի պատասխան, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքվում խոսել էր պատերազմում Ադրբեջանի հաղթանակից:
ՀԱՊԿ-ի մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությանը Կրեմլից հենց նույն օրն էին արձագանքել՝ միայն ընդգծելով, որ համաձայն չեն այդ մտքի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար․ Փաշինյան
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա արձագանքն ավելի կտրուկ էր. - «Այդ հայտարարությունները հակասում են ողջախոհությանը և դուրս են իրականությունից: Եթե մնում են ՀԱՊԿ-ում, նշանակում է՝ ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում։ Միաժամանակ ասում էին, որ ՀԱՊԿ-ը «դուրս եկավ Հայաստանից»։ Այս ամենը հակասում է ողջամտությանը և տրամաբանությանը»։
Նիկոլ Փաշինյանը նույն ելույթում պարզաբանում էր՝ Հայաստանը ՀԱՊԿ-ում գործունեությունը լիարժեք կվերականգնի միայն այն դեպքում, երբ ստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները: Երևանը 2022-ի սեպտեմբերին ադրբեջանական հարձակումից հետո դիմեց ՀԱՊԿ-ին և դաշնակից Ռուսաստանին ռազմական օգնության ակնկալիքով, բայց կառույցից ոչ միայն չմիջամտեցին, այլ նաև մինչ օրս քաղաքական գնահատական չեն տվել Ադրբեջանի հարձակմանն ու Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիային:
«Մեր այդ շեշտադրումից անցել է 2 տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել, այլև արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու, կամ եթե նույնիսկ ակնհայտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում, և այդ պատասխանները համոզիչ չեն, ամեն րոպեի և ամեն վայրկյանի հետ ՀՀ-ն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից», - հայտարարել էր վարչապետ Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանը որպես իրավահավասար գործընկեր դիտարկել». Տասմագամբետով
Հայաստանի իշխանությունն առնվազն այս փուլում ՀԱՊԿ-ը լքելու մտադրություն չունի. քաղաքագետ
Չնայած կտրուկ հայտարարություններին՝ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ Հայաստանի իշխանությունն առնվազն այս փուլում ՀԱՊԿ-ը լքելու մտադրություն չունի: Դա, ըստ փորձագետի, ձեռնտու չէ նաև Արևմուտքին, որը պատրաստ չէ հնարավոր ռիսկերի դեպքում լիարժեք աջակցություն ցուցաբերել Հայաստանին: Ռուսաստանն ամեն դեպքում, ըստ փորձագետի, վարչապետ Փաշինյանի հայտարարություններին ի պատասխան կոշտ քայլերի չի դիմի:
«Քանի դեռ Հայաստանը Ռուսաստանի կարմիր գծեր չի հատուկ գործողությունների առումով, Ռուսաստանի կողմից էլ լուրջ հակադարձություն չի լինում, կարելի է, օրինակ, ենթադրել, որ ֆորմալ ՀԱՊԿ-ը լուծարելը Ռուսաստանի համար կարմիր գիծ կլինի, բայց վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանի համար տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ շատ ավելի կարևոր է, քան անվտանգային խնդիրները։ Ռուսաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի, եթե օրինակ՝ Հայաստանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից», - նկատեց Գրիգորյանը։
Զախարովան Գրիգորյանին հիշեցնում է՝ «հացահատիկի 90 տոկոսը Հայաստան է գալիս Ռուսաստանից»
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր հիշեցրել է՝ Հայաստանը ԵԱՏՄ գլխավոր շահառուն է: Ռուսաստանցի պաշտոնյային զայրացրել էր այս ամսվա սկզբին Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունը «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին հետևած պարենային անվտանգության թեմայով առցանց քննարկմանը։ Զախարովան պնդել է, որ «հացահատիկի 90 տոկոսը Հայաստանը ստանում է Ռուսաստանից», ապա հարց է բարձրացրել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԽ քարտուղարը մասնակցել է «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» պարենային անվտանգության առցանց համաժողովին
«Գուցե արժե՞ տեսահամաժողովի միջոցով կապ հաստատել Ռուսաստանի հետ՝ քննարկելու ձե՛ր պարենային անվտանգությունը: Դե, դա արդար է և հարգալից: Ինչո՞ւ գործել թիկունքից նրանց դեմ, ովքեր, ի թիվս այլ բաների, կերակրում են ձեզ և ապահովում ձեր պարենային անվտանգությունը», - ասել է նա։
Անցած տարվա պաշտոնական տվյալներով, ի դեպ, հացահատիկի ավելի քան 70 տոկոսն է ներմուծվել Ռուսաստանից։ Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից չեն արձագանքել ռուսական կողմին։