ՍԴ-ն կքննի ընդդիմադիրների դիմումը. «Հավաքներին մասնակցելուն աջակցելը հանցագործություն չէ»

Հանրահավաք Երևանում, արխիվ

Ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարանում (ՍԴ) վիճարկում են այս իշխանության օրոք ընդունված Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որն արգելում է հավաքներին մարդկանց տանել նյութապես շահագրգռելով։

Բարձր դատարանը հոկտեմբերին է նշանակել նիստը։ Ընդդիմադիրները պնդում են, թե այս հոդվածը որպես մահակ է կիրառվում իրենց ու իրենց համախոհների նկատմամբ և խոչընդոտում հավաքների ազատությանը։

«Հարցն այն չէ, թե ի վերջո հավաքների ազատության իրացման մասով որքանով կարող է սահմանափակել անձի այդ իրավունքը որևէ երրորդ անձ՝ նյութապես շահագրգռելու կամ այլ դրսևորումների միջոցով, հարցն այն է, թե ցանկացած գործողություն արդյոք իր մեջ պարունակո՞ւմ է հարկադրանքի կամ պարտադրանքի տարր: Եթե դա չկա, ինչպես Վենետիկի հանձնաժողովն է արձանագրում, ինչպես նաև ԵԽԽՎ-ն է արձանագրում, չի կարող քրեորեն պատժելի արարք դա դիտվել», - ասաց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Սահմանադրական դատարանում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը միջնորդել է դատարանին մինչև որոշում կայացնելը կասեցնել Քրեական օրենսգրքի հոդվածի կիրառությունը։ Մեկ անգամ արդեն դիմել էր, բայց որոշ դատավորներ դեմ էին եղել այդ առաջարկին։

«Հայաստանի իշխանություննե՛ր՝ քաղաքականից սկսած, իրավականով ավարտած, գործում եք հակառակ ժողովրդավարության կանոններին, հակառակ Սահմանադրությանը և թույլ եք տալիս ձեզ սահմանադրական կարգի տապալում, որի համար պատասխան տալու եք վաղ թե ուշ», - շեշտեց նա։

Ընդդիմադիր պատգամավորի միջնորդության առիթը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անցած ամիս հրապարակած զեկույցն է Հայաստանի մասին։ Եվրոպացի պատգամավորներն ընդգծել են, որ հավաքներին մասնակցելուն հարկադրելը կամ խոչընդոտելը կարող է պատժվել, սակայն հանրահավաքներին մասնակցելը խրախուսելը չպետք է դառնա իրավական կարգավորման առարկա, եթե այն չի հակասում քարոզարշավների ֆինանսավորման վերաբերյալ օրենքներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ոստիկանության վերաբերմունքը հավաքների անցկացման նկատմամբ մտահոգիչ է. ԵԽԽՎ բանաձև

«Ամուր կերպով նշել են, որ սա ոչ միայն սառեցնող ազդեցություն է ունենալու հավաքների ազատության իրավունքի իրացման վրա, այլև սա կարող է խեղաթյուրել ողջ էությունն իրավունքի», - ընդգծեց Մինասյանը:

Չնայած այս հոդվածով հարուցված մի քանի քրեական գործերին ու հրապարակված ձայնագրություններին, դաշնակցական պատգամավորը պնդում է՝ իրենք փողով մարդ չեն տարել, պարզապես օժանդակել են քաղաքացիների ներկայությունը այդ հավաքներին։

«Ոչ միայն առհասարակ որևէ հավաք, նույնիսկ նախընտրական շրջանում էլ չի եղել դեպք, որ Դաշնակցությունը կամ դաշնակցականը ձայնի համար փող տա, չի եղել այդպիսի բան։ Հիմա ստացվում է, որ նույնիսկ այն մշակութային միջոցառումները, որ կազմակերպվում են, և որտեղ օրինակ՝ անվճար ինչ-որ բան է տրվում, կլինի տոմսի տեսքով կամ անվճար հյուրասիրության տեսքով, ստացվում է՝ նյութապես շահագրգռվածություն է դա», - ասաց Արծվիկ Մինասյանը:

Իրավապահները, սակայն, հակադարձում են՝ հարուցված քրեական գործերով կան ապացույցներ, որ ոչ միայն սնունդ ու այլ պարագաներ են բաժանել ցուցարարներին, այլև՝ գումար։

«Սրանք քննչական մարմինների հերթական կեղծ հիմնավորումներն են՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե իբր տեսեք՝ մարդիկ մասնակցում են փողի համար», - նկատեց ընդդիմադիր պատգամավորը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՅԴ-ն իշխանությանը մեղադրում է քրգործերով քաղաքական ճնշումներ բանեցնելու մեջ, իշխանությունից հերքում են
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ցույցերի մասնակիցներին փողով շահագրգռելու մեջ կասկածվող դաշնակցականը գործը շինծու է որակում

Քննչականն ավելի վաղ հայտարարել էր, որ դաշնակցականները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքներին բաժանել են 10-12 հազար դրամ, իսկ ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանն էլ կալանավորված է հենց ՍԴ-ում վիճարկվող հոդվածով։

Ընդդիմադիր պատգամավորը շարունակում է պնդել՝ իշխանության կազմակերպած ցանկացած միջոցառում ևս կարող է ավարտվել քրեական գործով, բայց իրավապահները սա կիրառում են միմիայն ընդդիմադիրների դեմ։ Ընդդիմության այս նախաձեռնությանը իշխող քաղաքական ուժից դեռ չեն արձագանքում. «Ազատության»-ն ասացին՝ մանրամասներին դեռ ծանոթ չեն։