Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում բազմահազարանոց հանրահավաք անցկացվեց՝ «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» կարգախոսով։ Հինգ տարբեր վայրերում հավաքված ցուցարարները Վրաստանի և Եվրամիության դրոշներ բարձրացած երթով գնացին Ազատության հրապարակ։ Երթին միացել էր նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Հանրահավաքում քաղաքական գործիչներից միայն նա ելույթ ունեցավ։
«Ազատությունից թանկ ոչինչ չկա։ Ոչինչ ավելի թանկ չէ, քան ազատությունն ու խաղաղությունը։ Այսօր այստեղ են այն վրացիները, որոնք Եվրոպա են մտնում խաղաղ ու արժանապատիվ։ Այսօր այստեղ կանգնած է վաղվա և երեկվա Վրաստանը։ Երբ ասում եմ երեկվա, ապա դա սովետական ճանկերում խեղդված Վրաստանը չէ, այլ մեր նախնիների ազատ Վրաստանը՝ արժանի պատմությանը։ Այն Վրաստանը և այս Վրաստանը միասնական են և երկուսն էլ կմտնեն Եվրոպա», - հանրահավաքում հայտարարում էր Զուրաբիշվիլին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հանրահավաք Թբիլիսիում՝ «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը»Մյուս ելույթ ունեցողներն ակտիվիստներ էին, ուսանողներ, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ։ Համերգով հանդես եկան երաժշտական ճանաչված խմբեր, Վրաստանի օրհներգը կատարեց օպերային հայտնի երգիչ Պաատա Բուրչուլաձեն։
Ելույթ ունեցավ նաև ակտիվիստ Գիորգի Թումասյանը: «Այսօր մեր երկիրը կանգնած է պատմական խաչմերուկում։ Հոկտեմբերի 26-ի ընտրությունները քաղաքական խնդիր չեն, այլ ընտրություն են ճշմարտության և կեղծիքի, լույսի և խավարի, ազատության և ստրկության, ժողովրդավարության և դիկտատուրայի, Ռուսաստանի և Եվրամիության միջև», - հայտարարեց Թումասյանը:
«Ձեր ձայնը որոշում է երկու երկրների ճակատագիրը, որպես Վրաստանի հայկական համայնքի ներկայացուցիչ՝ բացահայտ ասում եմ, որ հարևան Հայաստանի ապագան կախված է Վրաստանի քաղաքացիների ընտրությունից: Վերջին շաբաթներին Հայաստանում ստորագրություններ են հավաքում Եվրամիությանն անդամակցելու հանրաքվե նշանակելու համար, և ուրախությամբ ուզում եմ ձեզ հայտնել, որ արդեն անհրաժեշտ 50 հազար ստորագրությունը հավաքվել է։ Հայ ժողովուրդը հասկացել է, որ չի կարելի վստահել Ռուսաստանին, ելքը միայն Արևմուտքն է։ Առանց դեպի Եվրամիություն գնացող Վրաստանի, Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը անհնար է», - ասում էր Թումասյանը։
Նա նաև հայերեն խոսեց, դիմեց վրացահայերին՝ կոչ անելով ձայն չտալ իշխող «Վրացական երազանք»-ին. - «Սիրելի Վրաստանի հայ քաղաքացիներ, չտաք ձեր ձայնը 41 համարին՝ «ռուսական երազանքին», որը փորձում է հայատյացություն և էթնիկ խտրականություն տարածել մեր միասնական և Եվրամիություն գնացող հասարակությունում։ Տվեք ձեր ձայնը Վրաստանի նախագահի, Վրացական խարտիան ստորագրած արևմտամետ ընդդիմադիրներ ուժերին և բացեք Վրաստանի և Հայաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրացի ընդդիմադիրը ներողություն է խնդրել հայերից «Վրացական երազանքի» «հայատյաց հարձակումների» համարԻշխանությունների կողմնակիցները փորձում էին խանգարել ելույթ ունեցողներին։ Հրապարակի հարևանությամբ գտնվող «Մոնոգրաֆ» հյուրանոցի վերանդայից նրանք լազերային ճառագայթ էին գցում ելույթ ունեցողների, այդ թվում՝ Զուրաբիշվիլիի դեմքին։ Այդ հյուրանոցը պատկանում է «Վրացական երազանք»-ից պատգամավոր Անտոն Օբոլաշվիլիին։ Իշխանության ներկայացուցիչներն ու իշխանամետ մամուլը երեկվա հանրահավաքն «ընդդիմության փրայդ ակցիա» են անվանում։
«Վրացական երազանք»-ը կրկին փորձում է պաշտոնանկ անել նախագահին
Ընդդիմության հակառակորդները միայն լազերներ արձակելով ու վիրավորական խոսքերով չեն սահմանափակվում։
«Վրացական երազանք»-ը կրկին փորձում է իմփիչմենթի ենթարկել, պաշտոնանկ անել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Իշխող ուժի 81 պատգամավոր ստորագրել է Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը։
«Վրացական երազանք»-ը Զուրաբիշվիլիին մեղադրում է Սահմանադրությունը խախտելու մեջ, ըստ որի՝ արտաքին քաղաքականության ոլորտում նախագահն իր ներկայացուցչական լիազորություններն իրականացնում է կառավարության համաձայնությամբ, բայց նա արտասահմանյան այցեր է կատարել, հանդիպումներ ունեցել առանց կառավարության համաձայնության։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի նախագահի նկատմամբ կրկին իմփիչմենթի գործընթաց կսկսվիՎրաստանի իշխող ուժը նույն մեղադրանքով երկրորդ անգամ է փորձում իմփիչմենթի ենթարկել Սալոմե Զուրաբիշվիլիին, անցած տարի աշնանը առաջին փորձը ձախողվել էր։ Չնայած Սահմանադրական դատարանն անցած տարի եզրակացրել էր, որ Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը, բայց իմփիչմենթը հաստատելու համար խորհրդարանում նվազագույնը 100 կողմ ձայն էր անհրաժեշտ, ինչը իշխող ուժը չուներ։ Եթե նորից իմփիչմենթի գործընթաց սկսվի, այս անգամ քվեարկությունը տեղի կունենա նոր խորհրդարանում։ Սալոմե Զուրաբիշվիլիի լիազորություններն առանց այդ էլ ավարտվում են։ Իշխող կուսակցությունում պնդում են, որ Զուրաբիշվիլիի իմփիչմենթը սիմվոլիկ նշանակություն ունի, քանի որ «դավաճան նախագահին» պետք է հեռացնել պաշտոնից։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր ասել է, որ «Վրացական երազանք»-ը նախագահի թեկնածու դեռևս չունի, այդ հարցը գիտակցաբար չեն էլ քննարկել, չեն ցանկանում դա խորհրդարանական քարոզարշավի մաս դարձնել և նախագահի թեկնածու կառաջադրեն խորհրդարանական ընտրություններից հետո։
Նախագահական ընտրություններն անցկացվելու են նորընտիր խորհրդարանի առաջին նիստից հետո՝ ոչ ուշ քան 45 օրվա ընթացքում։ Զուրաբիշվիլին ավելի վաղ մտադրություն է հայտնել առաջադրվել երկրորդ ժամկետով ընտրվելու համար։
Նախագահական ընտրությունների անցկացման կարգը Վրաստանում փոխվել է։ Առաջիկա ընրություններում նախագահն ընտրվելու է ոչ թե ժողովրդի, այլ ընտրական կոլեգիայի կողմից։
Եվրոպական երկրների թերևս վերջին նախազգուշացումը
Վրաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ եվրոպական երկրները թերևս վերջին նախազգուշացումն են ուղղում Վրաստանի իշխանություններին, կիսում ժողովրդի անհանգստությունը և կառավարությանը կոչ անում առաջիկա ընտրություններն անցկացնել ազատ և արդար։
Եվրամիության անդամ 13 երկրներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ուր նշված է, որ Վրաստանը չի կարող Եվրամիության անդամ դառնալ, եթե իշխանությունները չփոխեն քաղաքական կուրսը։ Նրանք նշել են, որ իրենց հայտարարության նույնիսկ փոքր-ինչ մեղմացնելը, կամ այլ մեկնաբանությունը զառանցանք կլինի, կամ պարզապես կեղծիք։
«2023 թվականի դեկտեմբերին Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ շնորհվեց՝ պայմանով, որ իշխանությունները համապատասխան քայլեր կատարեն, որոնք նշված են Եվրահանձնաժողովի առաջարկներում։ Սակայն վերջին ամիսների ընթացքում կառավարությունը մի քանի օրենքներ ընդունեց, որոնք չեն համապատասխանում Եվրամիության ընդհանուր նորմատիվային բազային, դա հատկապես վերաբերում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին։ Այդ պատճառով կասեցվել է Եվրամիությանը ձեր երկրի ինտեգրման գործընթացը։ Այն կասեցված կմնա այնքան ժամանակ, քանի դեռ կշարունակվի ներկայիս քաղաքական կուրսը։ Սա որոշել է Եվրոպական խորհուրդը հունիսի 27-ին։ Վրաստանում իրադարձությունների զարգացումը հանգեցրել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացի դե ֆակտո կասեցմանը։ Այդպիսով պետք է հստակ լինի՝ Վրաստանը չի կարող Եվրամիության անդամ դառնալ, եթե իշխանությունները չփոխեն իրենց քաղաքական կուրսը», - նշված է ԵՄ անդամ 13 երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների համատեղ հայտարարությունում, որը ստորագրողների թվում են նաև Եվրամիության առաջատար երկրներ Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան։