Առաջիկա օրերին գյումրեցիների համակրանքը 7 թեկնածու կփորձի շահել, որ դառնա քաղաքի ժամանակավոր ղեկավարը։ Դեկտեմբերի 8-10-ի նախնական ընտրություններին կմասնակցեն «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Դավիթ Առուշանյանն ու Կարեն Սարուխանյանը, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, վարչապետի տիկնոջ ազգական Վահագն Մկրտչյանը, ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանը, ՔՊ երիտթևի Շիրակի համակարգող Էմմա Բարսեղյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ, նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանը, Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը։ Երգիչ Արտյոմ Թումանյանի ու բլոգեր Դավիթ Քալաշյանի թեկնածությունները չեն հաստատվել։
Թեև փրայմըրիզին մնացել է 4 օր, գյումրեցիներից շատերը նույնիսկ գաղափար չունեն, թե ինչ է այն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կկայանան նախնական ընտրություններԵթե ժողովրդի կարծիքն են հարցնելու, ուրեմն ընդունելի տարբերակ է, ասացին «Ազատության» զրուցակից գյումրեցիները.
«Ճիշտ կլինի, որ ժողովուրդը ընտրի... »:
«Թող լինի ժողովրդի ընտրությամբ, ավելի ճիշտը դա է երևի, ամենալավ գաղափարը դա է... »:
Շատերը տեղյակ չեն, թե քանի հոգի է մասնակցելու։ Ոմանք էլ նույնիսկ անուններով գիտեին։
Ոմանց համար պարզապես մեկ է, թե ով է լինելու քաղաքապետ կամ ժամանակավոր պաշտոնակատար.
«Քաղաքականությունով ընդհանրապես չեմ զբաղվում, ինձ հեչ չի հետաքրքրում: Որովհետև ոչ մի եկողը չի գալիս ժողովրդի սիրուն աչքերի համար, բոլորն էլ գալիս են ժողովրդի գրպանը մտնելու համար... »:
«Ինձ համար մեկ է՝ ով ուզում է լինի, քաղաքապետ լինի, պաշտոնակատար լինի, ինձ համար մեկ է, նույնն են, տարբերություն չկա... »:
Իսկ շատերի համար կարևոր է, որ երկրորդ քաղաքի ղեկավարումը ստանձնի այնպիսի մեկը, ով միայն իր մասին չի մտածի։
Քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուներն այսօրվանից կարող են սկսել իրենց կարճատև քարոզարշավը։ Նիկոլ Փաշինյանն արդեն երեկ Ֆեյսբուքում գրել էր, որ առավելագույն ձայն ստացած թեկնածուին կնշանակի Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար: Բայց այս պահին վարչապետը նման իրավասություն չունի, միայն առաջիկայում Տեղական ինքնակառավարման մասին օրենքի փոփոխությունից հետո կստանա այդ հնարավորությունը։
Վարչապետն ի վերջո ներկայացրեց փրայմըրիզի մեխանիզմը
Այսօր Ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանն ի վերջո նաև փրայմըրիզի անցկացման մեխանիզմը ներկայացրեց՝ շրջիկ խմբերը 7 թեկնածուների անուններով քվեաթերթիկներով գյումրեցիների դռներն են թակելու։
«Պատահական ընտրանքով տարբեր տեղերում գյումրեցիներին կառաջարկվի քվեաթերթիկ, որով նրանք կքվեարկեն թեկնածուներից մեկի օգտին, այսինքն՝ հնարավորություն կունենան թեկնածուներից մեկի օգտին քվեարկել: Կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրը մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն մեր ներկայացուցիչները և կառաջարկեն քվեարկել», - ասաց վարչապետը՝ հավելելով. - «Իհարկե, դեռ, անկեղծ պիտի ասեմ, որ մենք լավ չենք պատկերացնում ծավալը, թե երեք օրվա ընթացքում քանի գյումրեցու կկարողանանք դիմել, բայց, այնուամենայնիվ, աշխատանքի գրաֆիկները հստակ սահմանված են, որպեսզի օբյեկտիվ չափիչներ լինեն: Էդ պահին ինչքան գյումրեցիների կհասցնենք դիմել և ինչքան էլ կհամաձայնեն քվեարկել, էդ արդյունքները կդրվի հետագա որոշման հիմքում:
Ըստ Փաշինյանի՝ սա ժողովրդավարության ևս մեկ գործիք է, և նա չի բացառում, որ իրենք հետագայում այլ համայնքներում, որտեղ թեկնածուների հարցում երկընտրանքի առաջ կկանգնեն, այս մեխանիզմը կկիրառեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գյումրվա փրայմըրիզին 9 հայտ է ներկայացվել. արդեն հայտնի է՝ մեկը վերջնական ցանկում չի լինիԳյումրու փրայմըրիզին մասնակցելու հայտ ներկայացրած հինգ թեկնածուի անուն է հայտնի այս պահինԳյումրվա փրայմըրիզին մասնակցել ցանկացողների թիվն օրեցօր աճում էԳյումրվա փրայմըրիզը նոր կրքեր է բորբոքել. ովքե՞ր են ընտրելու քաղաքապետի պաշտոնակատարին