«Բալասանյան» դաշինքը դեռ մանդատները վայր չի դրել, բայց իշխող ուժի հնարավոր հրաժարականի ֆոնին Գյումրիում իշխանափոխության տարբեր սցենարներ են քննարկվում՝ ժամանակավոր կառավարումից մինչև արտահերթ ընտրություններ։ «Քաղաքացիական պայմանագիրը», որ մեծությամբ երկրորդն է ավագանիում, չի թաքցնում, որ արտահերթի է պատրաստվում, նույնիսկ համայնքապետի թեկնածու ունի ու ընտրությունների համար նախանշած ժամկետ։
«Պատրաստվում ենք էդ տարբերակին, եթե նման բան տեղի ունենա, այսինքն այնտեղ գոյություն ունեցող ավագանիները որոշում կայացնեն մանդատները վայր դնեն կամ մարդ չկարողանան ընտրել իրենց բանից, ամենայն հավանականությամբ, ընտրություններ տեղի կունենան», - երեկ նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն ասում է՝ եթե իշխանությունը համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակի, դա ոչ իրավաչափ որոշում կլինի։ Մեծամասնականի պարագայում օրենքով պաշտոնակատար նշանակվում է, բայց համամասնական ընտրակարգով օրենքում նման կետ չկա, իսկ Գյումրիում ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցկացվում։
«Էս պահին գործող օրենքում նման կարգավորում չկա, որ կարող է նշանակել համայնքի ղեկավարի պաշտոնակատարի», - ասաց Մալխասյանը:
Ավագանու նախկին անդամ Լևոն Բարսեղյանը ևս օրենքն է մեջբերում՝ պնդելով՝ եթե «Բալասանյան» դաշինքը մանդատները վայր դնի, իսկ ավագանու կազմից կա՛մ համայնքապետ չընտրվի, կա՛մ քվորումի բացակայությամբ ավագանու նիստեր չգումարվեն, ապա Վանաձորի նախադեպով վարչապետն իրավասու չէ ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։ Վանաձորում դատարանն էր արգելել ավագանու հերթական նիստեր գումարել։
«Ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հիմքեր չեն երևում: Շատ բարդ է մոգոնել մի այնպիսի պատճառ, ինչպիսին կար Վանաձորում՝ համայնքի ղեկավար ընտրելու նիստի դատական արգելքի մասով», - ասաց Բարսեղյանը:
«Ազատության» դիտարկմանը՝ եթե ըստ գործող օրենքի առաջնորդվենք, վարչապետն իրավունք չունի Գյումրիում ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, Լևոն Բարսեղյանն արձագանքեց. - «Ես չեմ տեսնում որևէ հիմք, որով վարչապետը կարող է ժամանակավոր պաշտոնակատար նշանակել: Այսինքն՝ մինչ այդ օրենքի կամ իրավունքի տեսանկյունից ինչ-որ իրավական հիմք է լինելու՝ արգելակելու կամ արգելելու համայնքապետի թափուր տեղը լրացնելու համար համայնքապետի ընտրության պրոցեսը, ինչպես եղել է Վանաձորի դեպքում դատարանի որոշմամբ: Այս դեպքում չի երևում որևէ բան»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Գյումրիում պատրաստ ենք գնալ նոր ընտրությունների». Ալեն ՍիմոնյանԳյումրիի ավագանու իշխանական «Բալասանյան» դաշինքը, քաղաքապետի գլխավորությամբ, վայր կդնի մանդատներըՆույն Վանաձորի նախադեպով ժամանակավոր պաշտոնակատարը հնարավոր է ոչ թե մի քանի ամիս, այլ տարիներ ղեկավարի։ Բարսեղյանը այս հնարավորությունը չի բացառում, բայց սա փաստացի Գյումրին տեղական իշխանությունից զրկելու սցենար է համարում։
«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման ընթացքում մեր տեսած խայտառակությունները նկատելով՝ կարող է խելքներին փչի, նման մի բան անեն, ինչը վնասելու է Գյումրի քաղաքին, ինչը վնասելու է «Քաղաքացիական պայմանագրի» իմիջին, կերպարին: Անհասկանալի, անընդունելի է քաղաքը զրկել տեղական իշխանությունից: Սա քաղաքը տեղական իշխանությունից զրկելու սցենար է: Այսինքն՝ ես հրամայական կառավարում եմ մտցնում, ասես՝ ռազմական դրություն է երկրում, ասես՝ արտակարգ դրության է, բերեք ես ուղիղ կկառավարեմ քաղաքը, միչև տեսնենք գլխներիս ինչ է գալիս, էդ դեպքը չէ», - ասաց նա:
Ազգային ժողովի նախագահը նույնիսկ արտահերթի հնարավոր ժամկետ էր նշել՝ հաջորդ ամառ։ Բարսեղյանը իշխող ուժին հիշեցնում է ընտրական օրենսգիրքը, որտեղ հստակ ժամկետ է մատնանշված, բայց դա հաստատ օգոստոսը չէ։
«Համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ քան մեկամսյա ժամկետում անցկացվում է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, համայնքի ղեկավարի ընտրության համար սահմանված կարգով», - ներկայացրեց Բարսեղյանը:
Իսկ եթե, այնուամենայնիվ, կառավարությունն ամռանը արտահերթ նշանակի, սա, ըստ Բարսեղյանի կնշանակի, որ «Քաղաքացիական պայմանագիրը» սեփական քմահաճույքով է առաջնորդվում. - «Եթե այդպիսի բան տեղի ունենա, դա կնշանակի, որ երկրի քաղաքական իշխանությունը որոշում է համայնքային շահը կամ համայնքային ընտրությունների շահը մանիպուլացնել իր քմահաճույքով, ինչը բացարձակ պատիվ չի բերելու իրենց»:
Այս օրերին Գյումրիի ավագանու խմբակցությունները հիմնականում հրաժարվել են մեկնաբանություններից։ «Ապրելու երկրի» ներկայացուցչից հետաքրքրվեցինք՝ իրենք «Բալասանյան» դաշինքի մանդատները վայր դնելուց հետո որ տարբերակն են նախընտրում՝ մասնակցե՞լ նիստերին, թե՞ բոյկոտել, կամ գուցե համայնքապետի սեփական թեկնածուն առաջադրեն։
«Մենք բոլոր սցենարները քննարկել ենք, էս պահին կոնկրետ որոշում չունենք, ըստ իրավիճակի, բայց կրկնում եմ՝ մեր որոշումը միանշանակ կբխի Գյումրիի ու գյումրեցու շահից», - ասաց Կարեն Մալխասյանը:
Լևոն Բարսեղյանը հավելում է՝ այս բոլոր սցենարներն ի չիք կդառնան, եթե «Բալասանյան» դաշինքը մանդատները վայր չդնի։
«Եթե [«Բալասանյան» դաշինքը հրաժարական] չի տալիս, այս բոլոր խոսակցությունները գնում կորում են: Ես չգիտեմ՝ իրենք ինչ կքննարկեն, ինչ կորոշեն, գուցե կորոշեն խռովել և ընդհանրապես հետագայում չմասնակցել համայնքային ընտրությունների, գնալ միայն բիզնեսով զբաղվել և թեթև անեծքով, որ կյանքերս կերաք», - ասաց նա:
«Բալասանյան» դաշինքի մանդատները վայր դնելու մասին լուրերը հաջորդեցին Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նրա մերձավորների նկատմամբ քրեական հետապնդմանը։ Նրանք մեղադրվում են պատմական Սև բերդ ամրոցի հարակից հողատարածքների ապօրինի օտարման համար։
Գյումրիի իշխող ուժը օրեր շարունակ որևէ մեկնաբանություն չի տալիս ոչ մանդատները վայր դնելու, ոչ էլ դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետի քրեական հետապնդման մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով