Մատչելիության հղումներ

ՔՊ Գյումրիի կառույցի ղեկավարը բացառում է Բալասանյանի որդուն առնչվող քրգործում քաղաքական ենթատեքստը


 ՔՊ Գյումրիի կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանը, արխիվ
ՔՊ Գյումրիի կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանը, արխիվ

Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին 70 միլիոն դրամ գրավի դիմաց տնային կալանքում է։ Խաչատուր Բալասանյանին մեղադրանք ներկայացվել է, բայց Քննչական կոմիտեն այս պահին հրաժարվում է հրապարակել կոնկրետ հոդվածը։

Կառույցի խոսնակն ավելի վաղ միայն փոխանցել էր, թե վերջինս կասկածյալ է իր և իր մերձավոր ազգականին առնչվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում։ Վարույթն, «Ազատության» տեղեկություններով, առնչվում է Գյումրիի «Սև բերդ» ամրոցի հարակից հողատարածքների օտարմանը, որոնք հողային օրենսգրքով օտարման ենթակա չէին։

Գործում ևս 3 անձ է ներգրավվել՝ Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինը՝ Ռուբեն Սանոյանը, ում ձերբակալել, հետո ազատ էին արձակել։ Իսկ Գյումրիի ներկայիս փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը և Բալասանյան ընտանիքի մտերիմներից Սիրեկան Մկոյանը 20-ական միլիոն դրամ գրավի դիմաց տնային կալանքում են։

Բալասանյանները որևէ կերպ չեն արձագանքում, նրանց փաստաբանները՝ ևս, լուռ է նաև ավագանու իշխող «Բալասանյան դաշինքը»՝ ավագանու անդամների հեռախոսներն անհասանելի են։ Ավագանիում «Բալասանյան դաշինքի» ու «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության հարաբերությունները լարված են կոալիցիոն հուշագրի խզումից հետո։ ՔՊ-ն, որ Գյումրիում անցած տարվանից ընդդիմություն է, չի թաքցնում, որ ձգտում է այստեղ իշխանություն վերցնել՝ նշելով, սակայն, որ այդ ամենը պետք է արվի իրավական ճանապարհով՝ հերթական ընտրություններ, ավագանու միջոցով անվստահություն հայտնել։

Արդյոք այս քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի, ՔՊ Գյումրիի կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանը բացառում է սա. - «Ես որքան տեղյակ եմ, այդ քրեական գործը, որը որ հարուցված է նոր չէ, դա բավականին երկար ժամանակ քննվող գործ է, և երկու անգամ, ինչքան տեղեկացված եմ, կարճվել է, և հիմա նոր հանգամանքների ի հայտ գալով՝ նորից վերաբացվել է, և այս ամենը զուտ իրավական պրոցես է, կատարվում է զուտ այդ քրեական գործի շրջանակներում»։

«Փոխքաղաքապետը, իմ տեղեկություններով, ներագրավված է այդ քրեական գործին որպես ֆիզիկական անձ, ոչ թե ի պաշտոնե, որովհետև այդ ժամանակ առք ու վաճառք է եղել այդ գույքի հետ կապված, խոսքը «Սև ղուլի» հարակից տարածքում գտնվող գույքի մասին է, և ըստ քրեական գործի՝ ֆիզիկական անձ Ջանոյան Սուրենը գնել է և հետո վերավաճառել, որքան տեղեկացված եմ։ Այսինքն՝ քաղաքական ենթատեքստ այդ ամենի մեջ փնտրել ուղղակի սխալ է և անիմաստ է», - ասաց Կարեն Սարուխանյանը։

Ամեն դեպքում առայժմ ձերբակալություններ չկան Գյումրիի մեկ այլ նախկին քաղաքապետի՝ Վարդան Ղուկասյանի օրոք օտարված գույքերի մասով։ Սարուխանյանը բացառում է, որ Բալասանյանների նկատմամբ հատուկ մոտեցում կա։

«Հատուկ վերաբերմունք կամ մոտեցում որպես այդպիսին չի եղել և չի կարող լինել, դա իրավական պրոցես է, որը շարունակվելու է, և կապ չունի, թե ով է այդ անձը», - վստահեցրեց նա։

Բալասանյանների անունը մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում էլ էր շրջանառվում։ 2020 թվականի սեպտեմբերին քննչականը հայտարարեց, թե Գյումրիի պատմական «Սև բերդ» ամրոցը 2005 թվականին մի շարք խախտումներով է օտարվել։ Իսկ ահա 2012-ին այն արդեն գնել են Բալասանյանները։ Այդ ժամանակ դեռ քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Ազատության» հետ զրույցում պնդել էր, թե մտահոգվելու ոչինչ չունի, քանի որ 19-րդ դարի ամրոցը 2012-ին սեփականատիրոջից է ձեռք բերել։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ առաջիկայում այս գործի շրջանակներում ևս կլինեն նոր զարգացումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG