2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով պատգամավոր ընտրված Գուրգեն Արսենյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, «Ազատության»-ը փոխանցեց Ազգային ժողովի նախագահի օգնականը:
«Պարոն Սիմոնյանը այսօր ստացել է Գուրգեն Արսենյանից նման դիմում, և համապատասխան ժամկետներում արդեն ընթացք կտրվի ըստ ԱԺ Կանոնակարգ օրենքի», - ասաց Մովսես Հարությունյանը:
Պատգամավորի լիազորությունները կդադարեն մեկ շաբաթից, եթե այդ ընթացքում նա ետ չվերցնի հրաժարականի դիմումը։
Ինչո՞ւ է իշխող խմբակցության պատգամավորը հրաժարվում մանդատից, արդյո՞ք հաստատվել է նրա՝ Ռուսաստանում դեսպան նշանակվելու ագրեմանը. Ալեն Սիմոնյանի օգնականն ասաց՝ հավելելու ոչինչ չունի:
Ինքը՝ Գուրգեն Արսենյանը, նույնպես հրաժարվեց արձագանքել՝ պատճառաբանելով, թե զբաղված է: Բայց նա դեռ մեկ տարի առաջ էր հաստատել, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում ներկայացվել է իր թեկնածությունը:
«Ո՞նց կարող է առաջարկ չարվի, եթե իմ փաստաթղթերը գտնվում են Ռուսաստանում», - ասել էր իշխանական պատգամավորը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արսենյանը հաստատում է, որ իր թեկնածությունը ներկայացվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու համարԱյդ շրջանում մամուլը գրում էր, թե ռուսական կողմը մերժել է Արսենյանի ագրեմանը: Ե՞րբ է այն ուղարկվել Մոսկվա և ինչո՞ւ ամիսներ շարունակ չի հաստատվել, այդպես էլ պաշտոնապես չբացատրվեց։ Արտգործնախարարությունից այսօր էլ պատասխան ստանալ չհաջողվեց: Ավելի վաղ կառույցից միայն նշել էին, որ դեսպանների հավատարմագրումը ոչ հանրային դիվանագիտական ընթացակարգ է, սահմանված կարգով կիրազեկեն, երբ արդյունքներն ամփոփվեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ամփոփումից հետո կլինի իրազեկում»․ ԱԳՆ-ն ՌԴ-ում ՀՀ դեսպանի թեկնածու Գուրգեն Արսենյանի ագրեմանի մասինՄինչ այդ, սակայն, Ազգային ժողովի նախագահն արդեն հայտարարել էր, որ Հայաստանը շուտով Ռուսաստանում նոր դեսպան է ունենալու: Բայց թե ով է թեկնածուն, ու արդյոք հաստատվել է Գուրգեն Արսենյանի ագրեմանը, Ալեն Սիմոնյանը չէր մանրամասնել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը Ռուսաստանում շուտով նոր դեսպան է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԱվելի ուշ «Ազատության» հետ զրույցում խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահն էր հաստատել, որ Գուրգեն Արսենյանը լինելու է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանը: «Օրինակ, երեկ ես մասնակցում էի մեր գործընկերների հետ՝ Գուրգեն Արսենյանի՝ Ռուսաստանի մեր ապագա դեսպանի, Արմեն Խաչատրյանի...», - ասել էր Անդրանիկ Քոչարյանը:
64-ամյա Գուրգեն Արսենյանը, ով երկար տարիներ բիզնեսով է զբաղվել, քաղաքական ճանապարհ է անցել մի քանի կուսակցությունների՝ Հանրապետականի, «Բարգավաճ Հայաստան»-ի, 2021 թվականից արդեն` «Քաղաքացիական պայմանագրի» հետ։
Լինելով խորհրդարանական արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝ վերջին մեկ տարում Արսենյանը, ի տարբերություն մյուս թիմակիցների, խուսափում էր քննադատել Ռուսաստանին։ Ավելին՝ հրապարակային ելույթներում առաջարկում էր ըմբռնումով մոտենալ Մոսկվայի քաղաքականությանը:
«Մենք պետք է փորձենք հասկանալ իրենց, իրենց էլ բացատրել, որ իրենք մեզ հասկանան: Որովհետև երբ որ անվտանգային խնդիր ունենք, մենք էդ անվտանգային խնդրի հետ կապված ասում ենք՝ «հարգելիներս, կատարեք ձեր պայմանագրային պարտավորությունները», իրենք այլ տեսանյունից են նայում, մենք չենք կարողանում լրիվ խորությամբ հասկանալ իրենց տեսանկյունը», - հայտարարում էր պատգամավորը:
Մինչ դեսպան նշանակվելու մասին լուրերը, սակայն, Արսենյանը տրամագծորեն հակառակ կարծիքին էր, նույնիսկ մեղադրում էր Ռուսաստանին Հայաստանի հզորացմանը խոչընդոտելու համար: «Այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության, կամ որոշ ղեկավար շրջանակների կողմից իրականացվում է հայկական անվտանգային համակարգերի ամրապնդման պրոցեսի ձախողումը կամ տորպեդահարումը, մեր համար դա ակնհայտ է», - մասնավորապես ասում էր նա:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանն այժմ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է: Նրան իշխանությունը Մոսկվա գործուղեց 2022 թվականի հունվարին՝ ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնից հեռացնելուց մոտ կես տարի անց: Թե ինչու է իշխանությունը մոտ 2.5 տարի առաջ Մոսկվայում դիվանագիտական աշխատանքի անցած Հարությունյանին հետ կանչելու որոշում կայացրել, հայտնի չէ: