Մատչելիության հղումներ

«Ամփոփումից հետո կլինի իրազեկում»․ ԱԳՆ-ն ՌԴ-ում ՀՀ դեսպանի թեկնածու Գուրգեն Արսենյանի ագրեմանի մասին


Գուրգեն Արսենյան, արխիվ
Գուրգեն Արսենյան, արխիվ

Դեսպանների հավատարմագրման գործընթացը ոչ հանրային բնույթի դիվանագիտական ընթացակարգ է, «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարում են Հայաստանի արտգործնախարարությունից՝ նշելով՝ արդյունքների ամփոփումից հետո կիրազեկեն։

«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր արտաքին քաղաքական գերատեսչությունից, թե ե՞րբ է Մոսկվա ուղարկվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի թեկնածու Գուրգեն Արսենյանի ագրեմանը, ե՞րբ է ետ կանչվել դեսպան Վաղարշակ Հարությունյանը և ռուսական կողմը որևէ բացատրություն ներկայացրել է, թե ինչո՞ւ այդ ագրեմանը դեռ չի ընդունում։

«Դեսպանների հավատարմագրման գործընթացը ոչ հանրային բնույթի դիվանագիտական ընթացակարգ է, որի արդյունքների ամփոփումից հետո սահմանված կարգով ապահովվում է հանրային իրազեկում», - ասված է պատասխանում։

Արտգործնախարարությունից նաև տեղեկացրել են, որ Վաղարշակ Հարությունը մինչև 2023-ի նոյեմբերի 6-ը եղել է արձակուրդում, այդ ընթացքում նրան փոխարինել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը, իսկ ռուսաստանյան կողմը պաշտոնապես տեղեկացվել է այդ մասին։

Դեռ հոկտեմբերի վերջին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հաստատեց, որ իր թեկնածությունը ներկայացվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար և իր «փաստաթղթերը գտնվում են Ռուսաստանում»։ Մինչ այս պահը հայտնի չէ՝ Մոսկվան հաստատել, թե մերժել է Արսենյանի ագրեմանը։

Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանն է 2022-ի հունվարից։

XS
SM
MD
LG