Հայաստանը Ռուսաստանում շուտով նոր դեսպան է ունենալու, այսօր Ազգային ժողովում, ԱՄՆ սենատորների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանն ասաց, որ թեկնածությունն արդեն ներկայացված է, սպասում են նշանակմանը։
«Հուսամ, որ շուտով կունենանք նոր դեսպան», - նշեց ԱԺ խոսնակը։
Մամուլն ավելի վաղ գրել էր խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի թեկնածության մասին։ Դեռ 2023-ի հոկտեմբերի վերջին Արսենյանը հաստատել էր, որ իր թեկնածությունն է ներկայացվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար և իր «փաստաթղթերը գտնվում են Ռուսաստանում»։
«Ազատություն»-ն էլ հետաքրքրվել էր արտգործնախարարությունից, թե ե՞րբ է Մոսկվա ուղարկվել Արսենյանի ագրեմանը, ե՞րբ է ետ կանչվել դեսպան Վաղարշակ Հարությունյանը և ռուսական կողմը որևէ բացատրություն ներկայացրել է, թե ինչո՞ւ այդ ագրեմանը դեռ չի ընդունում։
Արտաքին քաղաքական գերատեսչությունից հարցերին հստակ պատասխան չէին տվել՝ նշելով, որ դեսպանների հավատարմագրման գործընթացը ոչ հանրային բնույթի դիվանագիտական ընթացակարգ է, իսկ արդյունքների ամփոփումից հետո սահմանված կարգով ապահովվում է հանրային իրազեկում։
Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանն է 2022-ի հունվարից։