«Գոյ»-ը հայտարարում է, որ երկուշաբթի օրվանից կվերսկսի իր բնականոն աշխատանքը՝ մինչև թատրոնի հայցով դատարանի վերջնական վճիռը: «Արդարադատության նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» թատրոնի գործունեությունը», - ասված է «Գոյ»-ի հաղորդագրությունում:
«Գոյ» թատրոնը դիմել էր Արդարադատության նախարարությանը՝ իրավական պարզաբանում խնդրելով Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կապակցությամբ, որով Վարչական դատարանում վիճարկել է Պետռեգիստրում «Գոյ»-ի գրանցումն անվավեր ճանաչելու որոշումը:
«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանն «Ազատությանը» փոխանցեց. - «Մենք շատ կոնկրետ գիտեինք դա ինչ է նշանակում՝ որ կասեցնում է Սունդուկյան թատրոնի գործողությունները և մեզ իրավունք է տալիս, որ մենք շարունակենք աշխատել մինչև դատարանի վերջնական վճիռը լինելը: Բայց իրենք պնդում էին, իրենց խախտումներով, իրենց ամեն ինչով խոչընդոտում էին, քանի որ իրենց ձեռքն էր ամեն ինչ, որ մենք չկարողանանք բնականոն աշխատել»:
«Դրա պարզաբանումն էինք ուզել Արդարադատության նախարարությունից՝ արդյո՞ք մենք ճիշտ ենք ասում, որ 83-րդ հոդվածը կասեցնում է վիճարկվող ակտից բխող գործողությունները: Մեր գործը դատարանում վիճարկման հայց է, իսկ վիճարկման հայցի դեպքում վարչական ակտից բխող գործողությունները կասեցվում են: Հիմա կասեցվում են իրենց գործողությունները», - ընդգծեց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահը:
«Երկուշաբթի օրը կգնանք՝ փաստաթղթով արդեն, կասենք, որ Արդարադատության նախարարությունը նմանատիպ վերլուծություն է տվել մեզ: Փաստաթուղթը կա՝ ստորագրված, կնքված, և այլն, որը հիմք է տալիս, որ մենք կարողանանք բնականոն աշխատել», - ասաց Սարգիս Արզումանյանը:
35 տարի գործող «Գոյ» թատրոնը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միավորելու հարցով որոշումը Կառավարությունը կայացրեց այս տարվա սկզբին՝ չնայած «Գոյ»-ի մեկ տարվա պայքարին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Գոյ»-ի դերասանները երեք օր թատրոնում գիշերելուց հետո ինքնակամ դուրս եկան շենքից«Գոյ»-ի արտիստները երկրորդ գիշերն են լուսացնում թատրոնում«Գոյ»-ի աշխատակիցները շարունակում են պահանջել ոչ իրավաչափ ճանաչել թատրոնը լուծարելու որոշումը