Փաստացի գոյություն չունեցող թատրոնում արդեն երկրորդ գիշերն են լուսացնում իրենց տարածքից վտարված «Գոյ»-ի ստեղծագործական թիմի անդամները։
Ավելի քան մեկ տարվա պայքարից հետո 35 տարի գործող «Գոյ»-ը հունվարին միացավ Մայր թատրոնին՝ նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանի մեկ ստորագրությամբ։ Միացմանը ընդդիմացող «Գոյ»-ի անձնակազմը թե՛ դատարաններում, թե՛ դրանից դուրս շարունակում է պայքարել հին կարգավիճակը վերականգնելու համար։
Այսօր ֆեյսբուքյան էջով տեսաուղերձ տարածեց թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը։ «Սունդուկյան» թատրոնի ծառայողական մուտքով են բարձրացել, մտել ժամանակին իրենց պատկանող տարածքը ու գիշերել։ Այս մուտքը երեկվանցի միակողմանի փակ է. ներս մտնել չեն թողնում, ներսում գտնվողներն էլ առայժմ չեն պատրաստվում դուրս գալ։
Երեկ ուշ երեկոյան 4-րդ հարկի պատուհանից հեռախոսով «Ազատության» հետ զրույցում թատրոնի կառավարման խորհրդի նախագահը պնդեց՝ կմնան այնքան ժամանակ մինչև կառավարությունը հիշի «Գոյ»-ի գոյության մասին։
«Մենք բոլորով պետք է հավաքվենք մի տեղ, էդ մի տեղը նախապես ասում եմ՝ ներքևը չէ, պետք է հավաքվենք վերևում, հասկանանք ոնց ենք շարունակում., - ասաց նա:
Ներքևում սպասողներն էլ պատմեցին, որ իրավապահ մարմինների հետ չէ իրենց խնդիրը։ Ասում էին, որ Մայր թատրոնի տնօրինությունը փորձել է ոստիկանների միջոցով դուրս հրավիրել ներսում փակված արտիստներին, սակայն իրավապահները մինչև այս պահը որևէ կերպ բողոքի ակցիային չեն միջամտել։
Նախարարը փաստացի հաստատեց՝ գործն իրավապահների տիրույթում է
«Կարծում եմ, որ հետագա գործընթացները նախարարության ու թատրոնի տիրույթից դուրս են, և մեր իրավապահ մարիններն են, որ պետք է այս իրավիճակին արձագանքեն», - նաև մշակույթի համար պատասխանատու նախարար Ժաննա Անդրեասյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց թատրոնի ներսում ու դրսում տիրող իրավիճակին։
Նախարարը փաստացի հաստատեց՝ երկխոսելու տրամաբանություն այլևս չի տեսնում, գործն իրավապահների տիրույթում է։
«Նախ, նրանց երաշխավորվել է, որ իրենց ստեղծագործական գործունեության և ազատության որևէ խոչընդոտ չկա, և իրենք կարող են այն իրացնել բեմերում, այդ թվում՝ «Սունդուկյան» թատրոնի բեմերում», - նշեց Անդրեասյանը:
Թատրոնը փակվելուց ի վեր, արդեն 10 ամիս է «Գոյ»-ի որևէ ներկայացում ընդգրկված չէ «Սունդուկյան»-ի խաղացանկում։
Պետռեգիստրից ջնջված «Գոյ»-ը նաև իրավական անորոշության մեջ է։ Դեռ անցած ամռանը վարչական դատարան էին դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել «Սունդուկյան»-ին միացնելու Կառավարության որոշումը։ Միավորումից անմիջապես հետո՝ փետրվարին «Գոյ»-ի հայցից հրաժարվել էր «Սունդուկյան» թատրոնի ներկայացուցիչը՝ ներկայանալով արդեն որպես «Գոյ»-ի իրավահաջորդ, և թատրոնը զրկվել է իր անունից իրավական պայքարը շարունակելու իրավունքից։
Այս խնդրով արդեն երեկ Գլխավոր դատախազին էին դիմել, այսօր էլ Արդարադատության նախարարությանը մի գրություն հանձնեցին՝ իրավական պարզաբանում են պահանջում՝ ինչպես պաշտպանվել, երբ հնարավոր բոլոր լծակները խլել են, առավել ևս դեռ վերջնական վճիռ մի շարք բողոքարկվող հայցերի վերաբերյալ չկա։