Փաստացի գործունեությունը դադարեցրած «Գոյի» դերասաններն իրենց թատրոնը փրկելու հույսով այսօր գրեթե ամբողջ կազմով դատարանում էին։ Չնայած մեկ տարվա պայքարին՝ մեկ ամիս առաջ տնօրեն նշանակված Կարեն Սիմոնյանի մեկ ստորագրությամբ 35 տարի գործող «Գոյ»-ը միացավ Սունդուկյանի թատրոնին։
Այսօրվա նիստը շատ կարճ տևեց։ «Գոյ»-ի իրավահաջորդ, Մայր թատրոնի ներկայացուցիչ Մարատ Ատովյանը արդեն որպես «Գոյ»-ի իրավահաջորդ հրաժարվեց հայցից։
Պետռեգիստրից ջնջված «Գոյ»-ը հայտնվել է իրավական անհստակության մեջ, իր անունից այլևս իրավական պայքար տանել չի կարող։ 23 աշխատակիցներ այսօր ինքնուրույն պահանջ էին ներկայացրել, դատարանը, սակայն, մերժեց այս միջնորդությունը։
«Գոյ»-ի փաստաբան Կարո Ասատրյանը հիշեցրեց՝ դեռ անցած ամռանը թատրոնը Վարչական դատարան էր դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել Սունդուկյանին միացնելու Կառավարության որոշումը։ Վարչական դատարանից գործը քաղաքացիական էր տեղափոխվել. - «Պետռեգիստրից հանեցին հիմնական, հիմա որևէ դատարան ասում է՝ դուք ո՞վ եք»։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահականն է բացատրում՝ «Գոյ»-ի 23 աշխատակիցների այսօրվա պահանջն, ըստ էության, նույնն էր՝ ոչ իրավաչափ ճանաչել թատրոնը լուծարելու կառավարության որոշումը և մեկ լրացում ևս՝ «որպես հետևանք վերացնելով պետական ռեգիստրում պետական գրանցման դադարեցման ակտը»։
«Գոյ»-ի հայցից այսօր հրաժարված Սունդուկյան թատրոնի ներկայացուցիչը, սակայն, չի կարծում, թե որևէ իրավունք է խախտվել, որի համար դատարան պետք է դիմել. - «Հարց է առաջանում, թե ինչ իրավունքներ կարող են խախտվել, որովհետև որքան ես գիտեմ՝ Սունդուկյան թատրոնի ղեկավարությունը, նաև կա նախարարության համապատասխան մոտեցումը, որ որևէ աշխատակից աշխատանքից չի ազատվելու»։
«Խոսքը մեր մասին է, մեզ ոչ մեկը ոչ մի բան չի հարցնում, մենք լուռ նստած նայում ենք այս կողմ՝ մեր գլխին ինչ են սարքում, հիմա որպես երրորդ կողմ պիտի գանք, լուռ նստենք, սպասենք՝ ինչ են մեր մասին խոսում, այնինչ հեսա՝ էս մարդիկ են, որ պիտի աշխատե՞ն Սունդուկյանում։ Չեն աշխատելու նրանք Սունդուկյանում, չի լինելու նրանց ասածը», - ասում են աշխատակիցները։
Այսօր առավոտից նաև դատարանի բակում բողոքի ակցիայի էին դուրս եկել դերասանները, ոչ միայն «Գոյ»-ի։ Պայքարի այլ ճանապարհ այսօր դեռ չեն գտնում, բանակցությունները Մշակույթի նախարարության հետ, ասում էին, անիմաստ անցան։
Նախարար Ժաննա Անդրեասյանը պարբերաբար հայտարարում էր, որ «Գոյ»-ի խաղացանկը չի տուժելու, իրենց ներկայացումներն ազատ են պահպանել և խաղալ Սունդուկյանի բեմում։
Փաստացի «Գոյ»-ի դերասանները այս պահին ո՛չ Սունդուկյանում, ո՛չ էլ իրենց հարազատ թատրոնում խաղալու հնարավորություն չունեն։ Փետրվարի խաղացանկը թեև կա, բայց թատրոնը չկա՝ անձնակազմի թևերը կապված են, տոմս վաճառել չեն կարող։ Ասում են՝ ամենաաբսուրդ ներկայացումը հիմա բեմից տեղափոխվել է փողոց։