Ավտոբուսի վարորդները գործադուլ են անում, Երևանի քաղաքապետարանը «շանտաժի դրսևորումներ» է տեսնում

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ է: Վարորդներից մի քանիսն «Ազատության» հետ զրույցում ասացին, որ աշխատանքային պայմանների բարելավում ու աշխատավարձերի բարձրացում են պահանջում։

Գործադուլի պատճառով շատ ավտոբուսներ այսօր դուրս չեն եկել երթուղիներ, վաղ առավոտից կանգառները մարդաշատ են:

Գործադուլ հայտարարած վարորդներն ավտուբուսների պարկում են՝ ակնկալելով տնօրինության հետ հանդիպում։

Վարորդների հետ տնօրինությունը դեռ չի հանդիպել, միայն առավոտյան հայտարարել են, որ բոլորը հեռացված են։ Պարկի փակ դռները, սակայն, ավելի ուշ բացվել են և մոտ 10 ավտոբուս վերադարձել է պարկ։ Վարորդներն «Ազատության»-ն ասում էին, որ առավոտյան նրանց ներս չեն թողել։

Երևանի քաղաքապետարանն արձագանքելով գործադուլին՝ հաղորդում է, որ վարորդները հրաժարվել են դուրս գալ երթուղիներ՝ առանց որևէ նախնական ծանուցման, ըստ էության, «փաստի առաջ կանգնեցնելով առավոտյան աշխատանքի և այլ վայրեր շտապող տասնյակ հազարավոր քաղաքացիների»։

Ընդգծելով, որ միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ էականորեն կրճատվել է ստվերային շրջանառությունը, վարորդների կողմից բարձրացված աշխատանքային բնույթի հարցերը պարբերաբար լուծում են ստացել, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է՝ «մեծ թվով վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով»։

Կոստանյանը նաև օրենքն է հիշեցնում՝ քաղաքային հասարակական տրանսպորտի կազմակերպության աշխատակիցները, գործադուլի մասին պարտավոր են ծանուցել առնվազն 14 օր առաջ և անգամ այդ դեպքում պարտավոր են գործադուլի ընթացքում ապահովել նվազագույն պայմաններ, որոնք անհրաժեշտ են հասարակության անհետաձգելի կարիքները բավարարելու համար։

«Վերոնշյալ գործողություններին տրվելու է գնահատական աշխատանքային օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև դիմելու ենք պատկան մարմիններին՝ վերոնշյալ արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով», - Ֆեյսբուքում գրել է քաղաքապետի խոսնակը։

Ավելի ուշ ստեղծված իրավիճակի համար երևանցիներից ներողություն խնդրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով․ - «Հստակ արձանագրեմ, որ որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։ Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության։