ԲԴԽ-ին չի հաջողվում նախագահ ընտրել

Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (ԲԴԽ) ընտրելու առաջին փորձը տապալվել է։ Խորհուրդը երեկ հայտարարեց, որ հինգ թեկնածուներ են եղել՝ բոլոր դատավոր անդամները, որոնցից ոչ մեկը, սակայն, բավարար ձայներ չի ստացել։

Օրենքով նոր ընտրություն պետք է անցկացվի, ու թեկնածուները դարձյալ դատավոր անդամները պետք է լինեն՝ հերթն իրենցն է, քանի որ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ էր ընտրվել գիտնական անդամների շարքից։ Այս պահին հայտնի չէ՝ արդյոք նոր ընտրության ժամանակ էլ նույն հինգը կառաջադրվեն։

Մինչև նոր քվեարկությունը դատավորների անկախությունը երաշխավորող կառույցը ժամանակավորապես ղեկավարում է տարիքով ամենաավագ գիտնական անդամ Կարեն Թումանյանը։ Մամուլը գրում է, որ ԲԴԽ նախագահի իշխանության նախընտրելի թեկնածուն դատավոր անդամ Արթուր Աթաբեկյանն է, որն անգամ երկրորդ՝ լրացուցիչ քվեարկությամբ էլ չի ստացել բավարար ձայներ։ Նա հրաժարվեց հարցազրույցից։

Մինչև ԲԴԽ նոր ղեկավարի հարցում անորոշությունը պահպանվում է, հայտնի է թափուր երեք անդամներից մեկի թեկնածուի անունը՝ ՔՊ-ական Ալեքսանդր Սիրունյան, որին առաջադրել է իշխող խմբակցությունը։

Իրավաբանական գիտությունների դոցենտ Սիրունյանը 16 տարվա դատախազի, 15 տարվա էլ փաստաբանի փորձ ունի։ Վերջին տարիներին նա պաշտպանում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ գործարար, այժմ հետախուզվող Սամվել Մայրապետյանի շահերը։ Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ է 2018-ից, և եթե Ազգային ժողովը նրան ընտրի ԲԴԽ գիտնական անդամի պաշտոնում, պարտավոր կլինի հեռանալ կուսակցությունից։ Սիրունյանը հավակնում էր նաև արդարադատության նախարարի պաշտոնին, սակայն թիմակիցները հավանություն չտվեցին նրա թեկնածությանը։

Այսօր «Ազատության» հետ զրույցում Սիրունյանը պնդեց՝ եթե ընտրվեց, գործելու է բացառապես Սահմանադրության շրջանակում. - «Իմ պատկերացումները Սահմանադրությունից այն կողմ չեն կարող լինել, ԲԴԽ-ն մարմին է, որն ապահովում է դատական իշխանության անկախությունը, դրանից այն կողմ ես սկզբունք չեմ էլ կարող ունենալ, եթե անգամ մտքովս էլ անցնի։ Մենք պետք է ապահովենք դատական իշխանության անկախությունը»։

Վերջին տարիներին Սիրունյանն առանձնանում էր իր ֆեյսբուքյան հայհոյախառն, վիրավորական ու հեգնալից գրառումներով, որոնք ուղղված էին իշխանության ընդդիմախոսներին, Առաքելական եկեղեցուն։ Բայց վերջերս նրա էջը դրամատիկ փոփոխությունների է ենթարկվել՝ ջնջվել են նախկին բոլոր գրառումները, փոխարենը ավելացել են թիմակիցների, այդ թվում՝ կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի լուսանկարները։ Սիրունյանը չցանկացավ պատասխանել հարցին, թե ինչո՞ւ ջնջեց գրառումները։

Շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ արդեն քննադատել են Սիրունյանի առաջադրումը ԲԴԽ անդամի պաշտոնում, անգամ հորդորում են իշխող թիմին վերանայել այս որոշումը։ Կարծում են՝ նա չի կարող անաչառ լինել, ապացույցն էլ համարում են Սիրունյանի քաղաքական չեզոքության և զսպվածության բացակայությունը։

«Ալեքսանդր Սիրունյանը աչքի է ընկնում անպարկեշտ հանրային վարքագծով և բացասական բարեվարքությամբ, ինչը կարող է բացասաբար ազդել դատական իշխանության և Բարձրագույն դատական խորհրդի հեղինակության և հանրային վստահելիության վրա»,- նշված է իրավապաշտպանների հայտարարությունում։

Ինքը՝ Սիրունյանը հրաժարվեց մեկնաբանել այս օրերին ամենաշատ քննարկվող թեման՝ հեռանալու խնդրանքով վարչապետ Փաշինյանի ուղարկած SMS-ը՝ գործադիրից անկախ դատական համակարգի բարձրաստիճան ղեկավարին՝ Կարեն Անդրեասյանին։ Փոխարենը հիշեցրեց Փաշինյանի անցած շաբաթվա հայտարարությունը դատական համակարգի անկախության խնդիրների վերաբերյալ։ Հերքեց Փաշինյանի ընդդիմախոսներին, որ հենց իշխանականներն են միջամտում դատավորների գործունեությանը։

«Ասում եմ 100 տոկոսանոց՝ պետպատվեր գործեր 6 տարի չկան», - պնդեց նա։

Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.

Your browser doesn’t support HTML5

Պետպատվեր գործեր 6 տարի չկան. ԲԴԽ անդամի իշխանական թեկնածու