Մատչելիության հղումներ

Փաշինյանը խախտել է Սահմանադրությունը. սահմանադրագետ


Բարձրագույն դատական խորհրդի այժմ նախկին նախագահ Կարեն Անդրեասյան, արխիվ
Բարձրագույն դատական խորհրդի այժմ նախկին նախագահ Կարեն Անդրեասյան, արխիվ

«Վարչապետի խնդրանք է եղել: Կա՞ արդյոք նման խնդրանքով հանդես գալու քաղաքական, բարոյական և իրավական հնարավորություն: Ես կարծում եմ՝ այո», - ուրբաթ օրը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին:

Իրավական ոչ մի հնարավորություն էլ չկա, որ երկրի վարչապետը անկախ պետական մարմնի ղեկավարին հորդորի պաշտոնից հրաժարվել։ Հակառակը՝ Սահմանադրությունն արգելում է, որ գործադիրի ղեկավարը միջամտի օրենսդիր ու դատական իշխանության գործերին։ Փաշինյանը խախտել է Սահմանադրությունը, երբ խնդրել է ԲԴԽ խորհրդի ղեկավարին թողնել պաշտոնը, վարչապետին հակադարձում սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

Սահմանադրագետ Վարդան Պողոսյան, արխիվ
Սահմանադրագետ Վարդան Պողոսյան, արխիվ

«Վարչապետը խախտել է Հաաստանի Հանրապետության Սահմանադրության բազմաթիվ հոդվածներ, մասնավորապես 4-րդ հոդվածը իշխանությունների բաժանման սկզբունքն է, որը սահմանում է, որ պետական իշխանությունը իրականացվում է օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների բաժանման հիման վրա, իսկ դատական իշխանությունը անկախ իշխանություն է՝ նորից Սահմանադրության բազմաթիվ հոդվածների հիման վրա», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Պողոսյանը:

Վերջին հարցազրույցում վարչապետ Փաշինյանը խոստովանեց, որ ինքն է խնդրել Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարին պաշտոնից հեռանալ։

«Ո՛չ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, ո՛չ Կառավարության մասին ՀՀ օրենքը վարչապետին որևէ իրավասություն դատական իշխանության նկատմամբ չի ընձեռում: Հետևաբար՝ այն, ինչ կատարել է Փաշինյանը, դա հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առնվազն իմ մատնանշած հոդվածներին», - ասաց սահմանադրագետը:

Ութ օր առաջ պաշտոնից հրաժարվելու մասին Ֆեյսբուքում գրառում արեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, և ոչ մի ակնարկ, որ գործադիրի ղեկավարի խնդրանքն է կատարում։ Բարձրագույն դատական խորհուրդը անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Անդամներն ընտրվում են Ազգային ժողովի ու Դատավորների ընդհանուր ժողովի քվեով, ոչ թե վարչապետի որոշմամբ։

«Ուժեղ զենք է հատկապես եվրոպական դատարաններում»

«Թեկուզ օգտագործել է խնդրել բառը, բայց արդեն իսկ ցույց է տալիս, որ գործադիրը միջամտում է դատական իշխանության գործերին», - նշեց իրավաբան Արա Ղազարյանը:

Իրավաբան Արա Ղազարյան, արխիվ
Իրավաբան Արա Ղազարյան, արխիվ

«Էս բոլոր պրոցեսները, որտեղ պրոցես կա, էդ նշանակում է, դա նրա համար է, որ մենք իրոք ուզում ենք անկախ դատական համակարգ ունենալ: Էս խմորումները նշանակում են մի բան՝ որ մենք մեր ռազմավարական նպատակից չենք շեղվում՝ անկախ դատական համակարգ ունենալու», - հարցազրույցում ասաց վարչապետը:

Արա Ղազարյանը կարծում է՝ Փաշինյանն իր խնդրանքը հանրայնացնելով՝ հաստատեց այն զրույցները, բողոքները, որ գործադիրը միջամտում է դատական իշխանության գործերին։ Ու սա ուժեղ զենք է հատկապես եվրոպական դատարաններում, որտեղ հայցեր կան Հայաստանում դատավորների խախտված իրավունքների մասին։ Ղազարյանը պատրաստվում է իր գործերից մեկով այս խոստովանությունը ներկայացնել որպես փաստ։

«Կա նախադեպը, և վստահ եմ՝ փաստաբանները, ովքեր ներկայացնում են դատավորների շահերը Եվրոպական դատարանում, անպայման այդ փաստը օգտագործելու են ի վնաս մեր պետությանը, ի օգուտ իրենց գործի: Եթե ես առաջ կառչելու էի անուղղակի ապացույցների որոշակի կոնտեքստից բխեցնելու համար, որ կա արտաքին ազդակ դատական իշխանության նկատմամբ գործադիր իշխանության կողմից, հիմա սա ապացույց է արդեն», - ընդգծեց իրավաբանը:

Փաշինյանը չէ դատարանների անկախության երաշխավորը։ Օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության բաժանումն արվել է, որ փոխզսպում, հավասարակշռում լինի այդ թևերի միջև։ Եթե վարչապետը դիմել է ԲԴԽ նախագահին՝ հեռանա, նշանակում է միջամտել է՝ գործի դնելով վարչապետի իր լծակները, շեշտում է Ղազարյանը։

Եթե Հայաստանում լիներ անկախ իրավական համակարգ, այս հարցազրույցի հետո վարչապետի դեմ քրեական գործ կհարուցվեր, ասում է սահմանադրագետ Պողոսյանը. - «441-րդ հոդվածի հանցակազմի հատկանիշներով: 441-րդ հոդվածը սահմանում է,որ պաշտոնատար անձը իրավունք չունի էնպիսի արարք կատարել, որը չի բխում իր լիազորություններից և որով էական վնաս է պատճառում հասարակության ու պետության օրինական շահերին»։

Փաշինյանը նման խնդրանքով դիմել էր նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին։ Երկուսն էլ հերքում էին, որ նման հորդոր է իջել վերևից։ Զեյնալյանն արագ արձագանքեց վարչապետի խնդրանքին, մանդատից հրաժարվեց, Աղազարյանը դիմադրում էր մինչև կուսակցության ղեկավարի հրապարակային խոստովանությունը։ Խոստացել է այսօր երեկոյան հայտարարել որոշման մասին։ Ըստ սահմանադրագետի՝ կուսակից պատգամավորների դեպքում էլ է վարչապետը խախտել Սահմանադրությունը։

XS
SM
MD
LG