Գորիս-Կապան միջպետական ճանապարհի և Շուռնուխ գյուղի որոշ հատվածներ Ադրբեջանին հանձնելուց 3,5 տարի անց Արտգործնախարարությունը երեկ հաստատել է՝ այդ փուլում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հուշագիր են ստորագրել: 2020 թվականի դեկտեմբերին գաղտնի ստորագրված այդ հուշագրով էր, որ հայկական զինված ուժերը դուրս բերվեցին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների մի մասից և դրանց նկատմամբ վերահսկողությունն անցավ Ադրբեջանին:
Հայաստանցիներին սա հայտնի դարձավ ստորագրումից միայն երկու ամիս անց, երբ համացանցում հայտնվեց փաստաթղթի ոչ պաշտոնական տարբերակը: Բայց անգամ այդ ժամանակ իշխանության տարբեր ներկայացուցիչներ համառորեն փորձում էին թաքցնել այդ փաստը:
«Ես առանց Ռուսաստանի Դաշնության միջնորդության որևէ փաստաթղթի մասին տեղեկացված չեմ։ Բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են, և փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող ճանապարհահատվածին Դավիթ Բեկ-Գորիս հատվածում, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր վիճարկելի հատվածներով։ Դա միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի», - ասել էր 2021-ին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Ավինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հուշագրով Գորիս-Կապան ճանապարհը չպիտի անցներ Ադրբեջանին. ընդդիմադիր պատգամավորը մանրամասներ է հրապարակումԵվ եթե այն ժամանակ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Ավինյանը նախընտրում էր ուղիղ պատասխանը շրջանցելու տարբերակը, նրա թիմակից պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ավելի հեռուն էր գնում՝ համացանցում հայտնված փաստաթուղթը որակելով կեղծիք:
«Եկեք հենց հիմա գնանք իմ աշխատասենյակ 300 էդպիսի փաստաթուղթ կազմենք՝ ցանկացած բովանդակությամբ: Այսինքն ի՞նչ է այդ փաստաթուղթը, А4 ֆորմատի թղթի վրա համակարգչով հավաքած տեքստ է, որի մեջ ինչ ասես գրում են ու դա տարածում են 100 տոկոսանոց ճշմարտություն, ես էլ ասում եմ, եթե այդպես է, եթե այդ աստիճանի է հասել այդ մանիպուլյացիան, եկեք գնանք իմ աշխատասենյակ, ձեր ցանկացած տեքստը գրենք», - ասել է Գաբրիելյանը:
44-օրյա պատերազմից 2-3 ամիս անց համացանցում հայտնված 6 կետանոց հուշագրով, որի տեքստը մինչ օրս էլ պաշտոնապես չի հրապարակվել, Ադրբեջանին անցած Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում ամիսներ անց ադրբեջանական մաքսակետ տեղադրվեց: Այս սցենարից, ինչպես այդ օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասում, հնարավոր կլիներ խուսափել մի դեպքում. - «Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գորիս-Կապան ճանապարհի՝ վիճարկելի տարածքով անցնող 21 կմ-ի անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահներըՀայ-ադրբեջանական հետագա բանակցություններից, սակայն, պարզ դարձավ, որ միջանցքի օրակարգից Բաքուն չհրաժարվեց անգամ Արցախի նկատմամբ լիարժեք վերահսկողություն սահմանելուց հետո: Չվերացավ նաև պատերազմի սպառնալիքը, որից խուսափելու համար Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո զբաղեցրած դիրքերից զորքերը հետ քաշելու հրաման էր տվել: Հենց դրա իրագործման համար էլ Վաղարշակ Հարությունյանն իր ռուս գործընկերոջ հետ ստորագրել էր հուշագիր:
Ունե՞ր իշխանությունը նման փաստաթուղթ ստորագրելու լիազորություն
Ունե՞ր արդյոք իշխանությունը նման փաստաթուղթ ստորագրելու լիազորություն, որով ըստ էության տարածքներ են հանձնվել Ադրբեջանին, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասում է՝ եթե խոսքը Հայաստանի ինքնիշխան տարածքների մասին չէ, ապա ընթացակարգերի առումով խնդիր չկա, բայց դա իրավական ուժ չունի:
«Իրավական փաստաթուղթ կլինի, օրինակ, երբ երկկողմանի որևէ պայմանագիր ստորագրվի, ասենք, խաղաղության պայմանագիր, նշանակում է՝ խաղաղության պայմանագրում պետք է անպայման ամրագրվեն այդ հուշագրի կետերը, որպեսզի օրինականության տեսք ստանա վերջնականապես: Իսկ հուշագիրը ստորագրում են կողմերը, երբ որ հրատապությունը պահանջում է ինչ-որ կերպ ամրագրել իրենց կամահայտնությունը, ինչ-որ ստատուս քվո, համաձայնություն ձեռք բերել, որպեսզի կարողանան կոնկրետ հրատապ հարցը լուծել», - ասաց Ղազարյանը:
Իսկ ինչպե՞ս է առանց սահմանազատման սահման որոշվել և հուշագիր ստորագրվել, արդյոք այստեղ իրավական տեսանկյունից խնդիր չկա, մասնագետն ասում է՝ եթե պարզվի, որ Հայաստանի ինքնիշխան տարածքներ են փոխանցվել Ադրբեջանին, ապա այդտեղ օրինականության հետ կապված հարցեր կառաջանան:
«Ասել՝ Հայաստանը զիջում է տարածք, թե՝ ոչ, սիրողական մակարդակով բոլորն էլ դա հիմա ասում են, բայց մասնագետները պետք է աշխատեն, որ մետրերով մենք տեսնենք՝ այդ տարածքը մերն է, թե՝ ոչ: Դա արդեն մի ամբողջ գործընթաց է», - ընդգծեց Արա Ղազարյանը:
Ի դեպ, համացանցում հայտնված հուշագրի ոչ պաշտոնական տարբերակում, դրա գործողության ժամկետը 5 տարի է՝ ևս 5 տարի երկարաձգելու հնարավորությամբ, եթե դրա ավարտից 6 ամիս առաջ կողմերից մեկը չհայտնի հուշագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին: Եթե այս դրույթն ընդգրկվել է նաև պաշտոնապես ստորագրված հուշագրում, նշանակում է՝ դրա ժամկետը կլրանա 1,5 տարի անց։