Մատչելիության հղումներ

Շուռնուխի նոր թաղամասի շինարարությունը երրորդ տարին է՝ չի ավարտվում


Շուռնուխի նոր թաղամասի շինարարությունը, արխիվ
Շուռնուխի նոր թաղամասի շինարարությունը, արխիվ

Շուռնուխի 13 առանձնատների շինարարությունը շուտով երրորդ տարին կլրանա՝ չի ավարտվում:

«Հեսա էս պոստը իմ բալկոնս ա, էն էլ իմ տունս ա, նայում եմ, բայց չեմ կարում մոտիկանամ: Դառել եմ Աթանեսը՝ Արաքսի էս ափից էն ափն եմ նայում... »:

Շուռնուխի ներքևի թաղամասը՝ 12 տուն, ադրբեջանական դարձավ 20 թվականի եռակողմ հայտարարությունից հետո, երբ Սյունիքում սկսվեցին սահմանային ցավոտ ճշգրտումներ։ Հարությունյանների տան գլխին հիմա ադրբեջանական դրոշն է ծածանվում։

Կառավարությունը խոստացավ նոր թաղամաս՝ կորցրած տների տերերին։ 1.2 միլիարդ դրամանոց ծրագիր է։ Շինարարության մասին ազդարարեցին 2021 թվականի փետրվարին, խոստացան մինչև այդ տարվա վերջ ավարտել ... հետո խոստացան ավարտել 2022-ի վերջին, հիմա խոստանում են ավարտել 2023-ի վերջին:

«Դե ինչ անես, ինչ անեմ: Էսօր երկրի դրությունը նենց ա, որ լավ չի, մենք քյանք ո՞ւմ հետ կռվենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց շուռնուխցի Սասուն Ալումյանը:

Ալումյանը կնոջ հետ տնակում է սպասում, մինչև պետությունն իր նոր տան կառուցումն ավարտի, ներքևի թաղի իր հին տունն ադրբեջանցիներն արդեն քանդել են։ Որդու ընտանիքը Գորիսում տուն է վարձել, նրանք էլ են սպասում: 12 տան բնակիչները՝ 38 հոգի, այս ընթացքում պետությունից փող են ստանում՝ յուրաքանչյուրը 68 հազար դրամ։ Կառավարությունն այսօրվա նիստում այդ գումարի տրամադրման ժամկետը երկարաձգեց։ Մինչև այս տարեվերջ ենթադրում են՝ շինարարությունը կավարտվի։

«Տները պատրաստ ա համարյա, մնում ա էդ շրջապատի տարածքի գործերը՝ գոմ ա, պարիսպներ ա», - ասաց Շուռնուխի բնակչուհի Նաթելա Հարությունյանը:

Տիկին Նաթելան Շուռնուխում մի ազգականի տան է ապրում, մինչև ...

«Գնանք ո՞ւմ բողոքենք, էն անորոշ վիճակում նստած մարդիկ ենք», - ասում է:

Պարբերաբար նոր տների թաղ է գնում, նկարում, գործի մեծ մասն արված է, բայց չի ավարտվում, ոչ մի կերպ չի ավարտվում շինարարությունը:

«Մենք էլ ենք ուզում, որ շուտ լնի, գնանք տնավորվենք, վայելենք էդ տները: Շատ դժվար ա, մեր համար էլ ա շատ դժվար, որ խոսում եմ՝ լացս գալիս ա», - ասաց Նաթելա Հարությունյանը:

Շուռնուխի վարչական ղեկավարը ենթադրում է՝ ձգձգման պատճառը ճանապարհն է: «Լրիվ ճանապարհների խնդիրների համար ա տենց դառել, թե չէ աշխատող ուժը Գորիսից գալիս ա, գյուղում էլ աշխատող ուժ չկա՝ մեկը 80 տարեկան ա, մեկը 70 տարեկան ա, մեծ մարդիկ են, էլի, էլ ինչ աշխատեն», - «Ազատության» հետ զրույցում նշեց Գրիգոր Դարբինյանը:

Գորիս-Կապան միջպետական մայրուղին երբ տեղ- տեղ ադրբեջանական դարձավ, Շուռնուխը մնաց Խոտ գյուղով անցնող մի դժվար ճանապարհի հույսին: «Որոտանի ճանապարհները պահ ա եղել, որ մի ամսով էլ ա փակվել, ժայռերը քանդվել ա, թափվել ա, չեն կարացել, մարդիկ են, ցեխը-մեխը բերելու համար՝ լրիվ պրոբլեմներ ա», - ընդգծեց Դարբինյանը:

Այդ ճանապարհն էլ Կառավարությունը վաղուց պիտի ասֆալտապատած լիներ, բայց, ասում են, սողանքներ են, չի ստացվում:

Այս տարվա օգոստոսին Շուռնուխի նոր թաղում էր վարչապետը՝ այդ պահին տեղում թեժ շինարարություն էր: Նիկոլ Փաշինյանը խոստովանեց. - «Ուզում ենք շենացնենք, չենք կարում ժամանակին շենացնենք, ուշացնում ենք, ի՞նչ անենք»:

Ինչո՞ւ 13 տուն տարիներով ավարտին չեն հասցնում. «Ազատություն»-ը պարզաբանում խնդրեց Քաղաքաշինության կոմիտեից։ Կոմիտեն շինարարությունը ձգձգելու 4 պատճառ ունի՝ սահմանային միջադեպեր, ցեմենտի դեֆիցիտ, ճանապարհի սողանքային խնդիրներ ու կապալառու ընկերության թերի աշխատանք։

Գյուղից ասում են՝ Շուռնուխի նոր թաղամասին սպասողներից շատերն արդեն Շուռնուխում չեն։

XS
SM
MD
LG