«Գնում եմ դատարան՝ պարզելու, որ ես ուղտ եմ». Գրիգորի Մելքոնյանց

«Գոլոս» շարժման համահիմնադիր Գրիգորի Մելքոնյանց, արխիվ

«Գնում եմ եմ դատարան՝ պարզելու, որ ես ուղտ եմ», - այսպես բանտից դատարան ճանապարհը նկարագրել է իրավապաշտպան, «Գոլոս» շարժման համահիմնադիր Գրիգորի Մելքոնյանցը, որն ավելի քան մեկ տարի է՝ քննչական մեկուսարանում է։ «Գոլոս»-ը կազմակերպություն է, որը պաշտպանում էր ընտրողների իրավունքները Ռուսաստանում։

Ազգությամբ հայ, Ռուսաստանում ճանաչված ընտրական իրավունքի փորձագետին ձերբակալել են անցած տարի՝ «անցանկալի» կազմակերպությունում գործունեություն ծավավելու մեղադրանքով։

Անազատության մեջ գտնվելու ընթացքում նա փոխել է երեք քննչական մեկուսարան, ինը խուց, հարյուրից ավելի խցակից։

Ձերբակալության մեկ տարին լրանալու առթիվ էլ մի հոդված է գրել «Ինչպես անցավ իմ բանտային էթնոգրաֆիկ արշավի մեկ տարին» վերնագրով, որտեղ կես կատակ-կես լուրջ պատմում է՝ ինչպես սկսեց հեգնական բանաստեղծություններ գրել իր դատարան այցերի մասին։

«Փորձել եմ նաև ստեղծագործել։ Տարբեր կոլաժներ եմ պատրաստել, նկարում եմ: Նույնիսկ հաղթել եմ քննչական մեկուսարանում ծխելու դեմ պայքարի թեմայով նկարչական մրցույթում, ստացել նվերների մի ամբողջ պարկ»,- գրում է Մելքոնյանցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ընտրությունն առանց մրցակցության ընտրություն չէ»

Ավելի քան 20 տարի Ռուսաստանում ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հայտնի փորձագետը իշխանությունների ուշադրության կենտրոնում է դեռ 2011 թվականից, երբ դեկտեմբերի 4-ին Պետդումայի ընտրություններից հետո հայտարարեց՝ դրանք անցել են բազմաթիվ խախտումներով։ 2000-ին հիմնադրված «Գոլոս»-ը լուծարվեց 2016 թվականին՝ ներառվելով «օտարերկրյա գործակալների» ցուցակում։ Անգամ սա չկանգնեցրեց Մելքոնյանցին ու նրա գործընկերներին՝ «Գոլոս»-ը վերածվեց «Ընտրախախտումների քարտեզ» նախագծի։

«Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող էր հայտնել խախտումների մասին։ Եվ երբ այդ ամենը հրապարակվեց, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարությունը նյարդայնացավ»,- բացատրում է 2017-ից 2023 թվականներին «Գոլոս» շարժման խորհրդի անդամ Վիտալի Ավերինը։

Հիմա տեսնելով Մելքոնյանցին մեկ տարի ավելի ճաղերի հետևում՝ նրա վաղեմի աջակիցը եզրակացնում է. - «Սա հստակ ազդանշան է հասարակության համար։ Այս կերպ իշխանությունները պայքարում են անկախ դիտորդների դեմ։ Նրանց համարում են սպառնալիք, սպառնալիք քաղաքական կայունությանը: Իրականում այս մարդիկ պարզապես խանգարում են իշխանությանը հանգիստ վերընտրվել, սթրեսային իրավիճակներ են ստեղծում նրանց համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայի դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել «Գոլոս» շարժման համանախագահ Գրիգորի Մելքոնյանցին

2023-ի աշնանը Վլադիմիր Պուտինը շատ կոշտ ​խոսեց Ռուսաստանի ընտրություններում դիտորդների աշխատանքի մասին։ Ենթադրություններ հնչեցին, որ նախագահը հենց «Գոլոս» շարժմանը նկատի ուներ, քանի որ ավելի վաղ՝ օգոստոսին, արդեն ձերբակալվել էր Մելքոնյանցը. - «Նրանց խնդիրն է ոչ թե բացահայտել որոշ սխալներ, այլ ոչնչացնել լեգիտիմությունը և գումար ստանալ դրա դիմաց»։

«Անցանկալի» կազմակերպությունում գործունեություն ծավավելու մեղադրանքով արդեն մեկ տարուց ավելի ճաղերի ետևում հայտնված Մելքոնյանցը իրեն մեղավոր չի ճանաչում։ Մեղքն ապացուցելու դեպքում նրան սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում։ Ռուսաստանում ամենաազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունը՝ «Մեմորիալ»-ը, իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցին քաղբանտարկյալ է ճանաչել։