Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ Եվրոպական խորհրդարանն այսօր Թբիլիսիի դեմ հերթական բանաձևն ընդունեց։
«Ժողովրդավարական հետընթացի և քաղաքական բազմակարծությանը սպառնացող վտանգների վերաբերյալ» վերնագրով փաստաթղթի հեղինակները Եվրամիությանը կոչ են անում ամբողջությամբ սառեցնել Վրաստանի կառավարությանը տրամադրվող ֆինանսավորումը, քանի դեռ իշխանությունները չեն հրաժարվել հակաժողովրդավարական օրենքներից։
Եվրոպական խորհրդարանը հիշեցնում է, որ միայն այս տարի Վրաստանի իշխանություններն ընդունել են խիստ քննադատության արժանացած, բողոքի բազմամարդ ցույցեր հարուցած օրենքներ՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», որն, ըստ էության, ռուսական օտարերկրյա գործակալների օրենքի ոգով է և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը, որն էլ սահմանափակում է սեռական փոքրամասնությունների իրավունքները։
Եվրոպացի օրենսդիրները պնդում են, որ Թբիլիսիի քաղաքականությունն ակնհայտ հակասում է եվրոպական հավակնություններին՝ փաստացի հետաձգելով Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վրաստանի խորհրդարանն ընդունեց ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակող օրինագիծը. ԵՄ-ն քննադատում էՎրաստանում երկու օրից կսկսի գործել «օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքըՀենց այսօր Վրաստանի Սահմանադրական դատարանը մերժեց պահանջը՝ կասեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքը՝ մինչև կքննի դրա սահմանադրականությունը։
Եվրոպական խորհրդարանը հիշեցնում է, որ Վրաստանի իշխանությունները ոչ միայն բողոքի ցույցերը, այլև Վենետիկի հանձնաժողովի որևէ հանձնարարական հաշվի չեն առել՝ մինչև վերջ առաջ մղելով քաղհասարակությանը ճնշող այս օրենքը։
Այսօր քննարկված բանաձևում շեշտվում է, որ նման օրենքներ ընդունելուն զուգահեռ Վրաստանում հարձակումների են ենթարկվում իրավապաշտպաններն ու անկախ լրատվամիջոցները, բռնի ճնշվում են խաղաղ հավաքները, խորանում է հասարակական լարվածությունն ու բևեռացումը։
Առանձին անդրադարձ կա ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխությանը. եվրոպացի օրենսդիրները քննադատում են ընտրական հանձնաժողովի ընտրության կարգը, խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնի և կին թեկնածուներին տրվող պարտադիր քվոտաների վերացումը, երբ չորս պատգամավորից գոնե մեկը պետք է իգական սեռի լիներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վրաստանը մտնում է վճռորոշ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլԲանաձևի հեղինակները նկատում են, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից աճում է հակաարևմտյան, անգամ թշնամական հռետորաբանությունը Վրաստանի դեմոկրատական գործընկերների դեմ։ Բացի այդ իշխանություններն իրենք են խթանում ռուսական ապատեղեկատվության, մանիպուլյացիայի և դավադրության տեսությունների տարածումը, օգտագործում են Ռուսաստանի կողմից ավերված ուկրաինական քաղաքների պատկերները, մարդկանց վախեցնում, թե նույնն իրենց է սպառնում, այդպիսով շահարկելով, որ Արևմուտքը փորձում է Վրաստանին մղել Ռուսաստանի դեմ պատերազմի։
Եվրոպական խորհրդարանում հիշեցին, որ «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին նախընտրական հավաքներում բացահայտ սպառնում է փակել ընդդիմադիր որոշ կուսակցություններ, որ Վրաստանը շեշտակի հետընթաց է գրանցել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության տարեկան ինդեքսում։
«Ժողովրդավարությունը ազատ անկման մեջ է», - գրել են զեկույցի հեղինակները՝ կոչ անելով անհատական պատժամիջոցներ սահմանել անձամբ Իվանիշվիլիի նկատմամբ։
«Եվրախորհրդարանը շատ հստակ ազդանշան է ուղարկում Բիձինա Իվանիշվիլիին և «Վրացական երազանքի» նրա ընկերներին. Եվրամիությանն անդամակցելը անհամատեղելի է նրանց քաղաքականության հետ: Չես կարող լինել եվրոպամետ, միաժամանակ՝ Կրեմլի կողմնակից, չես կարող միաժամանակ աջակցել եվրոպական կենսակերպին և գովաբանել Ստալինին. Առաջիկա ընտրությունները պետք է լիովին համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Եթե «Վրացական երազանքը» շարունակի գնալ Լուկաշենկոյի ճանապարհով, Եվրամիությունը ստիպված կլինի վերագնահատել Վրաստանի համապատասխանությունը վիզային ռեժիմի ազատականացման չափանիշներին», - նշել է Ռասա Յուկնեվիչենեն։
Այսօր ընդունած բանաձևով, որը միայն խորհրդատվական նշանակություն ունի, Եվրոպական խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ թույլ տալով մեկնել արտասահման բուժման։