Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն Ալիևի վարչակազմին կոչ է արել «քաղաքական, իրավական, գործնական պայմաններ ստեղծել, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ ու անարգել վերադարձի համար, ինչպես նաև հատուկ մեխանիզմ՝ սեփականության հարցերը լուծելու նպատակով»։
«Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում գույքագրել, պաշտպանել և պահպանել հայկական բոլոր կրոնական ու մշակութային վայրերն ու արտեֆակտները, ինչպես նաև հետաքննել տարածաշրջանում էթնիկ հայերի կողմից օգտագործվող պատմամշակութային հուշարձանների և գերեզմանոցների վանդալիզմի, ոչնչացման ու փոփոխման մասին բոլոր մեղադրանքները»,- ասված է փաստաթղթում։
Եվրախորհրդի խորհրդատվական կոմիտեն ծավալուն զեկույցում բազմաթիվ դեպքեր է վկայակոչել՝ պնդելով, որ ղարաբաղյան հակամարտության համատեքստում առկա է Հայաստանի Հանրապետության դեմ հրապարակային հռետորաբանություն, որն անմիջական ազդում է էթնիկ հայերի նկատմամբ վերաբերմունքի վրա։
Պաշտոնական Բաքուն ի պատասխան անհիմն է որակել Եվրոպայի խորհրդի զեկույցում տեղ գտած պնդումները՝ հայտարարելով, որ Կոմիտեի կողմից կիրառվող մոտեցումը «լուրջ հարցեր է առաջացնում»։
«Խորհրդատվական կոմիտեի խտրական մոտեցումը, որը կենտրոնանում է հայկական էթնիկ խմբի վրա՝ անտեսելով մյուս էթնիկ խմբերը և չափից դուրս հենվելով անհայտ աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա՝ առանց համապատասխան օրինակներ բերելու, միանգամայն հստակ ցույց է տալիս նշված կոմիտեի կողմնակալ մոտեցումը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
- 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում: